Երեկ հայտնի է դարձել, որ ֆուտբոլի Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ է նշանակվել Աբրահամ Խաշմանյանը։ Սույնի կապակցությամբ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը, որը նաև ՀՖՖ գործկոմի անդամ է, ֆեյսբուքյան իր էջում կիսվել է ՀՖՖ ներքին աուդիտի և համապատասխանության կոմիտեի նախագահ Մեսրոպ Առաքելյանի տեղադրած լուսանկարով, որտեղ ասվում է, որ ֆեդերացիայի նախագահը իրավունք չունի հավաքականի մարզիչ նշանակելու։ «ՀՖՖ նախագահի նման վարքագիծն անընդունելի է և պետք է համապատասխան վերաբերմունքի արժանանա ՀՖՖ գործկոմի ու ընդհանուր ֆուտբոլային հանրույթի կողմից», -գրել է Արսեն Թորոսյանը։
Ավելորդ չհամարենք հիշատակել Մեսրոպ Առաքելյանի ֆեյսբուքյան գրառումը. «ՀՖՖ նախագահը իրավունք չունի նշանակելու հավաքականի գլխավոր մարզիչ։ Այսօր՝ 06.11.2019 թ. 18:51 ՀՖՖ պաշտոնական կայքում տարածվեց տեղեկատվություն, համաձայն որի ՀՖՖ նախագահի կողմից նշանակվել է ֆուտբոլի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ։
Համաձայն կանոնադրության 39-րդ հոդվածի թ) կետի՝ գլխավոր մարզչի նշանակման իրավասությունը պատկանում է բացառապես ֆեդերացիայի գործադիր կոմիտեին։
Ժողովի կողմից 26.06.2019 թ. ընդունված կանոնադրությունը, համաձայն 80-րդ հոդվածի, դեռևս իրավական ուժ չի ստացել, քանի որ չի հաստատվել պետական ռեգիստրի կողմից։
Այսպիսով, Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզչի նշանակումը առանց գործադիր կոմիտեի ուժ չունի և առոչինչ է»։
Հարկավ յուրաքանչյուր գործընթացում ճիշտ կլինի ու անհրաժեշտ է պահպանել հարցի իրավական կողմը, բայց որ առողջապահության համակարգում կուտակված պրոբլեմներն ինտենսիվորեն լուծելու փոխարեն ՀՀ առողջապահության նախարարն ավելի ու ավելի շատ է առանձնանում քաղաքական գործընթացներին խառնվելու անհագուրդ ձգտումով, սրա մեջ չափից ավելի վտանգավոր բան կա: Ֆուտբոլի ֆեդերացիայի գործկոմի անդամ լինելու ու դրա աշխատանքներին մասնակցելու փոխարեն մենք Արսեն Թորոսյանին բարեկամաբար խորհուրդ կտայինք շարքային այցելուի կարգավիճակում լինել Դավիթաշենի պոլիկլինիկայում ու ժամերով հերթի մեջ սպասելով, ցուրտը կաշվի վրա զգալով իրապես հասկանալ, որ մարդիկ պոլիկլինիկա գնալուց են ավելի շատ հիվանդանում, քան չգնալուց:
Մարտին ՀՈՒՐԻԽԱՆՅԱՆ