Չեմպիոնների լիգայի երեքշաբթի-չորեքշաբթի կայացած մրցակցություններով մեկնարկեց խմբային դիմակայությունների երկրորդ փուլը, ինչը նշանակում է, որ առաջինների վերջին հանդիպումները դառնում են երկրորդների առաջինը, ու այսպես շարունակաբար: Հանդիպումների այս հայելայինները կոնկրետ երրորդ ու չորրորդ տուրերի հաշվարկով հնարավորություն են տալիս նույն թիմերի իրար հետ մրցելը տեսնել երկու անգամ անընդմեջ, շոշափելիորեն զգալ, թե կոնկրետ ինչ գործոնների հաշվին է այս կամ այն թիմի առավելությունը մրցակցի նկատմամբ, կամ ինչումն է նրանց հավասարությունը:
A ԽՈՒՄԲ
«Պարի Սեն Ժերմենի» հետ այս մի խաղում բելգիական «Բրյուգեն» գոհացավ թեթև վախով՝ բաց թողնելով միայն մեկ գնդակ: Հավելենք միայն, որ ֆրանսիական ակումբը խմբայինը ղեկավարում է՝ չունենալով միավորների կորուստ, իսկ խփած-բաց թողած գնդակների հարաբերակցությունը պարզապես սիրտ շոյող է՝ 10:0:
«Պարի Սեն Ժերմենի» փոխարեն այս անգամ «կրակեց» Մադրիդի «Ռեալը»՝ թուրքական «Գալաթասարային» պարտադրելով վեց անգամ նվաստանալ՝ գնդակը դարպասից հանելով ու փոխարենը գոնե հեղինակության գոլ խփել չկարողանալով: Սա նաև ուղղակի պատասխանն էր Թուրքիայում գոլազուրկ հանգուցալուծում ունեցած հանդիպման: Հեթ տրիկի հեղինակ է դարձել Ռոդրիգոն, դուբլ է ձևակերպել Բենզեման:
Պատկերավոր ասած՝ առաջին երկու ուղեգրի կտրվածքով այս խմբում էլ հեքիաթներն ավարտված են, թեպետ դա ի սկզբանե էլ այդպես էր՝ նկատի ունենալով թիմերի կարգերի տարբերությունը: «Ռեալն ունի 7, «Բրյուգեն»՝ 2, «Գալաթասարայը»՝ մեկ միավոր:
B ԽՈՒՄԲ
Երկրորդ խոշոր հաշվով հաղթանակը տոնեց «Տոտենհեմը» (4:0) ու դարձյալ նրա զոհը բալկանյան «Ցրվենա զվեզդան» էր, որի համար Չեմպիոնների լիգայի այս խաղարկությունից տհաճ հուշ է մնալու երկու հանդիպման արդյունքով 0:9 հաշվով զիջելն անգլիական ակումբին: Մաուրիսիո Պոչետինոյի սաները վաստակել են 7 միավոր ու գործնականում ձեռք գցել խաղարկության հետագա մասնակցություն ապահովող երկրորդ ուղեգիրը: Իսկ առաջինի մասին խոսք լինել չի կարող, քանզի այն անառարկելիորեն մյունխենյան գրանցում ունի: «Բավարիան» հերթականում հաղթել է հունական «Օլիմպիակոսին» (2:0), չորս խաղից հետո վաստակելով 12 միավոր, ինչը բացարձակ արդյունք է։ «Ցրվենա զվեզդան» ունի 3, «Օլիմպիակոսը»՝ 1 միավոր։
C ԽՈՒՄԲ
Նախորդ տուրում «Մանչեստր Սիթիից» 1:5 հաշվով կրած պարտության կողքին «Ատալանտայի» այս ոչ-ոքին (1:1) հարկավ ձեռքբերում պիտի համարել, սակայն թե այն ինչ կարող է տալ չորս հանդիպումից հետո ընդամենը մեկ միավոր վաստակած թիմին, անիմաստ էլ է պատասխանել, իսկ «քաղաքաբնակները» հավաքած տասը միավորով արդեն իսկ եզրափակչում են:
Սրա փոխարեն ահավոր լարված պայքար է ծավալվել երկրորդ ուղեգրի համար: Առաջին հանդիպման օրինակով ոչ-ոքի ելք է ունեցել նաև Զագրեբի «Դինամո»-«Շախտյոր» երկրորդ դիմակայությունը: Միակ տարբերությունն այն է, որ առաջինի 2:2-ի դիմաց այս անգամ գրանցվել է 3:3 հաշիվը: Հանդիպման ընթացքում մրցավարը ստիպված է եղել մեկական ֆուտբոլիստ հեռացնել խաղադաշտից, սակայն դրանից հետո էլ ֆուտբոլային կրքերը չեն դադարել խաղադաշտում, ու կողմերը մեկական գոլ էլ են փոխանակել: Նշենք, որ դարպասը գրավող վերջին թիմը եղել է ուկրաինականը: Դա եղել է հավելյալ ժամանակում ու եղել է այսպես. թիմին պարտությունից փրկելու համար մրցակցի տուգանային հրապարակ է շտապել ուկրաինական թիմի դարպասապահ Պյատովը, որի դեմ կիրառված խախտման համար մրցավարը նշանակել է տասնմեկմետրանոց: Հավելենք, որ «Շախտյորն» ու Զագրեբի «Դինամոն» ունեն հինգական միավոր:
D ԽՈՒՄԲ
«Յուվենտուսի» հետ այս խաղում էլ «Լոկոմոտիվը» մրցակցի դարպասը գրավելու երջանկությունն ունեցավ, սակայն նախորդ հանդիպման օրինակով այս դիմակայությունում էլ գրանցվեց նույն 2:1 հաշիվը՝ ի վնաս մոսկովյան թիմի: Հեգնանքով թե առանց հեգնանքի՝ պիտի փաստենք «Լոկոմոտիվի» կայուն խաղը:
Խմբային առաջին երեք միավորը վաստակեց մինչ այդ ոչ մի միավոր չունեցող «Բայերը» ու այն էլ, ոչ ավել-ոչ պակաս, յոթ միավոր վաստակած, երկրորդ հորիզոնականում գտնվող «Աթլետիկոյի» հետ խաղում: Դեռևս նախորդ նյութում էինք ասել, որ այստեղ առաջին երկու ուղեգրի հարցը գործնականում լուծված է («Յուվենտուսն» ունի տասը միավոր), վեճը շարունակվելու է Եվրոպայի լիգայում հանդես գալու իրավունք տվող երրորդ ուղեգրի համար: «Լոկոմոտիվն» ու «Բայերն» ունեն երեքական միավոր:
E ԽՈՒՄԲ
Սեփական հարկի տակ «Զալցբուրգի» հետ մրցակցությունում «Նապոլին» բավարարվեց միավոր վաստակելով (1:1), որքան էլ այն հաճելի չէր նրա միլիոնավոր երկրպագուների քիմքին, ովքեր բնականաբար ավելի շատի ակնկալիք ունեին: Նկատենք, որ ընթացքում պարտվող կողմը տանտերերն են եղել:
Խմբային երկրորդ խաղում «Լիվերպուլը» 2։1 հաշվով պարտության մատնեց «Գենկին»՝ նախորդ դիմակայության համեմատ խփելով ուղիղ երկու անգամ պակաս գնդակ: Սակայն թերևս այդ երկուսով պակաս խփածն էլ չէ ամենակարևորը: Շատ ավելի կարևորն այն է, որ մերսիսայդցիներն ինը միավորով առաջինն են ու փաստացի ձեռք են բերել խաղարկության հետագա ընթացքի մեջ լինելու իրենց իրավունքը:
ՈՒթ միավոր ունի «Նապոլին», խմբայինի արդյունքներով, ամենայն հավանականությամբ, «Զալցբուրգը» պայքարը կշարունակի Չեմպիոնների լիգայում, քանզի այստեղ չափազանց աղոտ են մեկ միավորով աղյուսակը եզրափակող «Գենկի» շանսերը:
F ԽՈՒՄԲ
Չնայած քաշային կարգերի անհամատեղելիությանը՝ Պրահայի «Սլավիայի» հետ «Բարսելոնի» հանդիպումը նախորդ տուրում այնքան էլ համոզիչ չներկայացավ ֆուտբոլասերին, թեև ավարտվել էր նրա հաղթանակով (2:1): Սեփական հարկի տակ նույն այդ ֆուտբոլասերը համաշխարհային ֆուտբոլի գերակումբից ակնկալում էր ավելի քան վստահ հաղթանակ, սակայն մրցակցության ելքը եղավ միանգամայն շոկային: Չէ, «Բարսելոնը» չի պարտվել, բայց դե այդ չհաղթելն էլ դեռ ոչինչ. Թիմն անզոր է եղել մրցակցի դարպասը բացող բանալին գտնելու, մինչդեռ ներքին առաջնությունում կրած խայտառակ պարտությունից հետո, թվում էր, սեփական ֆուտբոլասերին պատշաճ ներկայանալու խնդիր կար:
Այս տարօրինակորեն անհամ դիմակայության հենքի վրա կրքերի հզոր եռք է արձանագրվել Դորտմունդի «Բորուսիա»-«Ինտեր» մրցակցությունում, որտեղ կողմերի առաջին հանդիպման հանգույն իտալացիներն արագ գոլի հեղինակ դարձան ու, կանգ չառնելով ձեռք բերածի վրա, երկրորդն էլ հեղինակեցին՝ տանտերերի պարտությունը դարձնելով անխուսափ: Սակայն հանդիսատեսը տեսավ բոլորովին այլ հանգուցալուծման երկրորդ խաղակես: Դորտմունդցիների առաջին երկու գոլն իտալացիների համար եղավ այն աստիճանի շոկային, որ ծանր տպավորության տակ նրանք երրորդն էլ բաց թողեցին՝ մրցաշարային իրենց վիճակը դարձնելով սահմանային: «Ինտերը» մնաց ունեցած չորս միավորով, դորտմունդցիները նրանց գերազանցում են երեք նիշով, իր հերթին «Բարսելոնը» մեկ միավոր ավելի է վաստակել գերմանական ակումբից: Ակնհայտ է, որ խաղարկության երկրորդ ուղեգրի հարցում այս խմբում վերջնական խոսքը լինելու է կատալոնցիներինը, որոնք առաջիկայում մրցելու են թե՛ դորտմունդցիների, թե՛ միլանցիների հետ:
G ԽՈՒՄԲ
Կողմերի նախորդ տուրի հանդիպումը ներկայացնելով՝ ասել էինք, որ սանկտպետերբուրգյան «Զենիթը» բավականին երկար է հիշելու, թե ինչպես, ունենալով հաղթելու հնարավորություն, այդպես էլ չկարողացավ տեր կանգնել հաջողությանն ու մրցակցին՝ տանտիրոջ կարգավիճակ ունեցող «Լայպցիգին», զիջեց 1։2 հաշվով։ Սկզբունքորեն ոչինչ չփոխվեց կողմերի և երկրորդ դիմակայությունում՝ դարձյալ պարտություն, սակայն այն տարբերությամբ, որ տեր լինելով իրենց հասանելիք երկու գոլին՝ գերմանացիները սեփական դարպասն այս անգամ անառիկ պահեցին:
Ինչ վերաբերում է «Լիոն»-«Բենֆիկա» մրցակցությանը, ինչպես և կանխագուշակել էինք, ֆրանսիացիները վրեժխնդիր եղան անցած տուրում կրած պարտության համար ու հանդիպումը շահեցին 3:1 հաշվով:
Այստեղ խմբային առաջատարը «Լայպցիգն» է տասը միավորով, յոթ միավոր ունի «Լիոնը», «Զենիթն» ու «Բենֆիկան» մնացին եղած չորս ու երեք միավորներով:
H ԽՈՒՄԲ
Անսպասելի զարգացումներով աչքի ընկավ «Չելսի»-«Այաքս» դիմակայությունը: Նախորդում նվազագույն հաշվով կրած պարտությանն ի պատասխան հոլանդացիներն այնպիսի խաղ հակադրեցին, որ մի պահ անգամ մոտ էին «ազնվականներին» պատմության արխիվներին ի պահ հանձնելուն: Եղածն ուրիշ կերպ ինչպես բնութագրես, երբ լուսատախտակի վրա տանտերերի համար խայտառակ 1:4 հաշիվն էր: Սակայն եղավ այն, ինչը հյուրերն անգամ ամենավատ երազում չէին կարող տեսնել: Երկու հեռացում, դրանց հաջորդած դարպասի գրավումներ, վերջնահաշվում 4:4 հաշիվ ու խոշոր բարեբախտություն էր, որ մրցավարը չհաշվեց «Չելսիի» կողմից դարպասի հինգերորդ գրավումը: Փաստը մնում է փաստ, որ մինչև «ազնվականների» հետ հանդիպումը ունեցած միավորներով հոլանդացիները խմբի անվիճելի առաջատարն էին, մինչդեռ վերջին երկու հանդիպումում հինգ միավոր կորցնելով՝ կանգնած են փաստի առաջ, որը եղած հնարավորությունները բերել է մեկնարկային վիճակի: «Այաքսի» ու «Չելսիի» պես ակտիվում յոթ միավոր ունի նաև «Վալենսիան»: Իսպանացիները պարզապես ճզմեցին ֆրանսիական «Լիլին» (4:1)՝ վրեժխնդիր լինելով նախորդ հանդիպման վերջին րոպեին գոլ բաց թողնելու ու վերջնահաշվում միավոր կիսելու համար:
Մարտին ՀՈՒՐԻԽԱՆՅԱՆ