Ֆուտբոլի Եվրոպա-2020-ի որակավորման փուլի 7-րդ ու 8-րդ տուրերի դիմակայություններին մեր անդրադարձն ամբողջական չեղավ A, D, J, F, H խմբերի մրցակցությունները չներկայացնելու պատճառով, քանի որ ժամանակային առումով դրանք չէին կարող տեղ գտնել մեր նախորդ նյութում։ Փաստորեն, սույնով լրացնում ենք բացը ու դարձյալ ներկայացման առաջնայնությունը տալով այն խմբին, որտեղ հանդես է գալիս մեր ընտրանին։
J ԽՈՒՄԲ
Մեր հույսը, որ հաղթական հանդիպում կունենանք Ֆինլանդիայի ընտրանու հետ ու դրանով իսկ լավի սպասումը դեռ կուղեկցի մեզ, չիրականացավ։ Ավելին՝ կրեցինք խոշոր հաշվով պարտություն ու դա միանգամայն տրամաբանական զարգացումների շրջանակում էր, քանզի մրցակցին զիջեցինք ֆուտբոլում եղած հնարավոր բոլոր պարամետրերով։ Այնպես որ պարտության համար 0։3-ն բնավ էլ առանձնապես վատ զգալու հաշիվ չէ, այն ավելի քան ռեալ է արտացոլում իրականությունը։ Այս հաղթանակից հետո 15 միավորով ֆիններն ավելի ամրապնդվեցին երկրորդ հորիզոնականում, ու խմբայինի փորձությունը չհաղթահարելուն նրանց կարող է սպառնալ միայն մի բան՝ որ կպարտվեն մնացած երկու խաղում, իսկ մերոնք կանեն ճիշտ հակառակը։ Մեր ընտրանու գլխավոր մարզիչը ոնց որ թե խոստացել է նման բան անել, թե՞ ասել է, որ պարտավորված ենք հաղթելու, բայց թե ինքներդ էլ հրաշալի հասկանում եք, որ դա վառ երևակայության կարգի ցանկություն է։
Նկատենք, որ ֆիններից կրած պարտությունը ոչնչով չազդեց աղյուսակում մեր ունեցած դիրքի վրա, քանզի մեզ նման պակաս չմոլորված մեկն էլ եղավ Բոսնիա և Հերցեգովինայի ընտրանին, որը պարտավորված էր, սակայն այդպես էլ ոչ միայն չկարողացավ գոնե մասամբ կոտրել հույների դիմադրությունը, այլև զիջեց 1։2 հաշվով։ Այդ հաղթանակը, հոգեկան բավարարվածությունից զատ, խոշոր առումով հույներին ոչինչ էլ չտվեց, իսկ բոսնիա-հերցեգովինացիները նույնությամբ ընկան մի պատմության մեջ, ինչը վերն արեցինք ֆինների ու մեր ընտրանու կապակցությամբ, որը, էլ չերկարացնենք, վառ երևակայության ոլորտից է։
Ինչ վերաբերում է Իտալիայի հավաքականին, խմբային առաջատարը տարավ իր ութերորդ անընդմեջ հաղթանակը։ Այս անգամ նրա զոհը Լիխտենշտայնի ընտրանին էր՝ սեփական հարկի տակ «կերած» հինգ անպատասխան գնդակով։
A ԽՈՒՄԲ
Այն, ինչ անգլիացիները պարտավոր էին անելու նախորդ տուրում, մասամբ արեցին այս մեկում ու արեցին փայլուն, քանզի 6։0 հաշվով տոնած հաղթանակը եթե փայլուն չէ, բա ի՞նչ է։ «Մասամբ» բառով արած մեր վերապահումը պայմանավորված է նրանով, որ եթե նախորդ տուրում անգլիացիները հաղթում էին չեխերին, միանգամից լուծում էին խմբայինի իրենց առաջադրանքը, ընդ որում, առաջին տեղով։ Մի խոսքով, նրանք Բուլղարիայից տուն են վերադառնում գլուխները բարձր՝ 99,9 տոկոսով լուծած հիմնական խնդիրը։ Հավելենք սոսկ, որ մնացած երկու խաղից առաջ նրանք ունեն 15 միավոր։ 12-ով ու 11-ով նրանց են հաջորդում Չեխիայի ու Կոսովոյի ընտրանիները։ Վերջինս հերթականում հյուրընկալելիս 2։0 հաշվով պարտության է մատնել Չեռնոգորիայի հավաքականին։
B ԽՈՒՄԲ
ՈՒկրաինայի հավաքականի շնչին նստելու փայլուն հնարավորություն ուներ Եվրոպայի գործող չեմպիոնը՝ Պորտուգալիայի ընտրանին, սակայն դրա համար հարկ էր, որ արտագնայում հաղթահարեր տանտերերի արգելքը, ովքեր 16 միավորով գլխավորում էին խմբայինն ու ամբողջ հինգ միավորով առաջ էին օրվա մրցակցից։ Մրցակցությունը լարված ստացվեց, արդյունքը եղավ այն, որ ուկրաինացիները հավելյալ երեք միավորով էլ առաջ անցան պորտուգալացիներից, ու խմբից այլևս ոչ մեկն ի զորու չէ նրանց տեղաշարժելու այնտեղից։
Ինչ վերաբերում է պորտուգալացիներին, երկրորդ տեղում մնալու համար նրանք մնացած երկու տուրում դժվար խնդիր ունեն լուծելու, քանի որ սերբերը Լիտվայում 2։1 հաշվով առավելության հասնելով տեղի ընտրանու նկատմամբ՝ միավորների թիվը հասցրին 10-ի, ինչն ընդամենը մեկ նիշով է պակաս Եվրոպայի գործող չեմպիոնների ունեցածից։
H ԽՈՒՄԲ
Սեփական հարկի տակ Ֆրանսիայի ընտրանին չկարողացավ ծնկի բերել թուրքերին ու գոհացավ միավոր վաստակելով՝ 1։1, ինչը, այդուհանդերձ, նրան չզրկեց խմբի առաջատարությունից։ Օրվա մրցակիցները 19-ական միավորով աղյուսակի առաջին երկու հորիզոնականում են։ Երրորդն այստեղ տնային խաղում 2։0 հաշվով Անդորայի հավաքականին հաղթած, 15 միավոր ունեցող իսլանդացիներն են, ովքեր դժվար թե այդպես էլ կարողանան մաս կազմել լավագույն երկյակի։ Ինչ վերաբերում է խմբում մրցած երրորդ զույգին, հյուրընկալվելիս ալբանացիներն առավել քան համոզիչ են եղել տանտերերի՝ մոլդովացիների համեմատ՝ հաղթանակ տոնելով 4։0 հաշվով։
D ԽՈՒՄԲ
Այստեղ, ի դեմս Շվեյցարիա-Իռլանդիա դիմակայության, անչափ սկզբունքային մրցակցություն էր սպասում հանդիսատեսին՝ որտեղ հյուրերը բավական չէ 12 միավորով գլխավորում էին խմբայինը (նույնքան ունի և Դանիայի հավաքականը), այլև չորսով առաջ էին տանտերերից։ Ի պատիվ իրենց, շվեյցարացիները տոնեցին հաղթանակ ու շարունակում են մնալ խմբայինից դուրս գալու հավանականություն ունեցող թիմերի կազմում։ Զուտ վիճակագրության սիրահարներին ասենք, որ Ջիբրալթար-Վրաստան մրցակցությունում 3։2 հաշվով հաղթանակ են տոնել վերջիններս։
F ԽՈՒՄԲ
Երկրորդ տուրում անընդմեջ ոչ-ոքի խաղաց Իսպանիայի ընտրանին։ Այս անգամ աշխարհի ու Եվրոպայի երբեմնի չեմպիոնին լուրջ բարդությունների առաջ կանգնեցրեց Շվեդիայի ընտրանին, որը միայն հավելյալ ժամանակում միավոր զիջեց մրցակցին՝ 1։1։ Այս ոչ-ոքին իսպանացիներից հինգ միավոր պակաս ունեցող շվեդների համար կարող էր նշանակել երկրորդ հորիզոնականի կորուստ, սակայն նրանց բախտն այնքանով բերեց, որ արտագնայում հանդես եկող նորվեգները հավելյալ ժամանակում կարողացան խուսափել ռումինացիների հետ խաղում արդեն գրեթե իրողություն դարձած պարտությունից։ Այստեղ էլ է արձանագրվել 1։1 հաշիվը։ Արդյունքում ռումինացիները շարունակում են մեկ միավորով հետ լինել շվեդներից, որոնց անվան դիմաց 15 միավոր է։
Խմբային մյուս հանդիպումը հետաքրքրական է նրանով, որ վերջապես միավորներ վաստակեց և Ֆարերյան կղզիների ընտրանին։ Այն նվազագույն հաշվով պարտության է մատնել Մալթայի հավաքականին ու լրացուցիչ գործակիցներով շրջանցել նրան։
Մարտին ՀՈՒՐԻԽԱՆՅԱՆ