Յուրգեն Կլոպի հրեշավոր մեքենան
11.10.2019 | 02:26
Երեկվանից Եվրասիա աշխարհագրական տարածքում որակավորման փուլի մակարդակով մեկնարկեց ֆուտբոլի ազգային հավաքականների հերթական տուրը: Միանգամայն հասկանալի է, որ նման խոշոր իրադարձությունը մենք բաց չենք թողնի ու հնարավորինս ամբողջական կանդրադառնանք, մանավանդ որ մեր ընտրանին էլ է մասնակիցների թվում, իսկ մինչ այդ օգտվենք առիթից ու անդրադառնանք համաշխարհային ֆուտբոլի թերևս ամենաուշագրավ առաջնությանը՝ պրեմիեր լիգային:
Արդեն ասել ենք, որ տնային վերջին խաղում, ի հաշիվ Ադամ Տրաորեի երկու գոլի, «Մանչեստր Սիթին» 0:2 հաշվով զիջեց «Վուլվերհեմպտոնին» ու «Լիվերպուլից» արդեն հետ է ութ միավորով: Սարսափելի է անգամ մտածելը, որ այսքան կարճ տարածությունում (դրսում ընդամենը հոկտեմբերն է՝ ամսվա սկիզբը) երկրի գործող չեմպիոնը փոխչեմպիոնից այդքան զգալիորեն հետ է մնում, սակայն եկեք տեսնենք, թե դա ինչպես եղավ:
Հոկտեմբերի 5-ին սեփական հարկի տակ «Լիվերպուլը» «Լեստերի» հետ բավականին ծանր հանդիպումը գլորում էր իր համար ոչ ցանկալի խաղաղ հանգրվան (հաշիվը 1:1 էր), երբ Սադիո Մանեն գնդակը խլեց Օլբրայտոնից, մտավ տուգանային, ոտքերին ստացավ հարված, ու դիմակայության մրցավարն անմիջապես ցույց տվեց տասնմեկմետրանոցի նշակետը: Միլներն անվրեպ էր, ու լիվերպուլյան հանդիսատեսը ցնծաց խենթ երանության մեջ:
Այս հանդիպման արդյունքից ավելի քան տեղեկացված ու չեմպիոնական մրցավազքում իր հիմնական մրցակցից հինգ միավորով հետ մնացող «Մանչեստր Սիթին» հաջորդ օրը դուրս է գալիս խաղադաշտ ու լինում է այն, ինչը վերն արդեն ասել ենք:
Սկզբունքորեն եղածին կարելի էր ուշադրություն չդարձնել, եթե պատմության մեջ այն իր նախադեպն ունենար: 27 մրցաշրջանում լոկ հինգ անգամ է եղել, որ ութ տուրի հաշվարկով առաջին և երկրորդ տեղերում գտնվող թիմերի կտրվածությունը մեկմեկուց եղել է չորս ու ավելի միավոր, իսկ ռեկորդն արձանագրվել է 2005-2006 մրցաշրջանում, երբ Ժոզե Մոուրինիոյի գլխավորած «Չելսին» առջևում է եղել վեց միավորի առավելությամբ:
Մեկնարկած մրցաշրջանի ութ խաղում «Լիվերպուլը» տոնել է ութ հաղթանակ: Թիմը նման ցուցանիշ վերջին անգամ ունեցել է 1990-1991-ին, սակայն այն ժամանակ զբաղեցնում էր երկրորդ տեղը՝ ի հաշիվ լրացուցիչ գործակիցների զիջելով «Արսենալին»:
Արդեն հաջորդ տուրում «մերսիսայդցիները» կարող են կրկնել «ազնվականների» ռեկորդը, եթե հաղթեն այս պահի դրությամբ 12-րդ տեղում ընթացող «Մանչեստր Յունայթեդին», որը դուրս թռչելու գոտում գտնվող թիմերի նկատմամբ ունի ընդամենը երկու միավորի առավելություն: Այդ հաղթանակը միանգամից կնշանակի մեկ ռեկորդի թարմացում ու մեկի կրկնություն, սակայն եկեք հաշվարկի մեջ առանձնապես առաջ չանցնենք, մանավանդ որ այդ հանդիպումը սարերի հետևում չէ:
Մի երկու վիճակագրություն էլ:
Եթե նախորդ մրցաշրջանն էլ հաշվենք, Յուրգեն Կլոպի գլխավորած թիմի հաղթական սերիան ձգվում է արդեն 17 խաղ: Ավելին ունեցել է երկու թիմ՝ «Մանչեստր Սիթին» (2017 թ.) ու «Բավարիան» (2013-2014 թթ.): Պրեմիեր լիգայում «Լիվերպուլը» հավելյալ ժամանակում հեղինակել է 34 գոլ, ինչն առարկայնորեն խոսում է այն մասին, որ այս թիմը պայքարում է մինչև վերջին վայրկյանը: Այս ցուցանիշը նվազագույնն իննով ավելի է ցանկացած թիմի ունեցածից:
Այդ 34-ից ութը եղել է գերմանացի մասնագետի ղեկավարման տարիներին: Միջանկյալ ասենք, որ հավելյալ ժամանակում թիմը չորս անգամ էլ հավասարեցրել է դիմակայության հաշիվը՝ խուսափելով վերահաս պարտությունից:
Այս տարի Կլոպն արդեն առիթ է ունեցել թիմը գնահատելու որպես մենթալ հսկաների ու մենթալ հրեշների թիմ: Այս վերջին մեկ շաբաթվա ընթացքում «մերսիսայդցիները» ծանր հաղթանակ են տոնել Շեֆիլդում, պատվով են դուրս եկել Չեմպիոնների լիգայում «Զալցբուրգի» հետ դիմակայությունից (3:0 հաշվով հաղթելու պայմաններում մրցակցին թույլ են տվել հավասարեցնել հաշիվը, սակայն վերջնահաղթանակն իրենցն է եղել՝ 4:3), ու այս վերջինը՝ «Լեստերի» նկատմամբ ծանրագույն հաղթանակը:
Եվ այնուամենայնիվ, նյութն ավարտենք «Մանչեստր Սիթիի» մասին վկայակոչումներով, քանի որ հենց այս է մնում «Լիվերպուլի» գլխավոր մրցակիցն ինչպես ներքին առաջնությունում, այնպես էլ Չեմպիոնների լիգայի խաղարկությունում, որտեղ հիմնական ֆավորիտ դիտարկվող «Սիթիի» կողքին ուրիշ հզորներ էլ կան:
Ամռանը «քաղաքաբնակները» հզոր համալրում ունեցան: Ձեռք բերելով Ռոդրիին, Կանսելուին ու Անխելինոյին՝ Գվարդիոլան փակեց թիմի պրոբլեմային ճեղքերը, սակայն, այսուհանդերձ, մանչեստրցիները հասցրել են մեկնարկում երկու պարտություն կրել ու ևս մեկն ավարտել ոչ-ոքի արդյունքով: Նկատենք, որ անցած ողջ մրցաշրջանում թիմը պարտվել է չորս անգամ և գրանցել երկու ոչ-ոքի:
Եթե միավորների կտրվածքով ենք դիտարկում, 2013-ից հետո սա թիմի վատագույն մեկնարկն է: Գվարդիոլայի «թագավորության» տարիներին ութ տուրից հետո թիմը մինչ այս հավաքել է 19, 22, 20 միավոր, իսկ Մանուել Պելեգրինիի ժամանակներից հաշված՝ տնային հանդիպումում առաջին անգամ պարտվեց չոր հաշվով:
Իրերի նման դրության պատճառներից մեկը վնասվածքներն են: Թիմը կորցրել է իր հիմնական պաշտպաններին: Լապորտան երկար ժամանակով է դուրս մնացել պայքարից, Սթոունզը շարք կվերադառնա լոկ ամսվա վերջին:
Անցած մրցաշրջանում «Լիվերպուլից» «քաղաքաբնակների» առավելագույն հետ մնալը հասել է տասը միավորի: Այն ժամանակ վերջիններիս համար իրավիճակը շտկելուն մեծապես նպաստեց թիմերի առերեսումը: Այս անգամ նման առճակատումը կլինի նոյեմբերի 10-ին:
Առաջին առճակատումը:
Կարճ ասած՝ ամեն ինչ այնքան էլ միանշանակ չէ: Սակայն մի բան անվիճելի է, որ պրեմիեր լիգայում են գործում աշխարհի թերևս երկու մեծագույն մարզիչները, թեպետ, ինչպես գիտեք, մեծագույնը, լավագույնն ու առհասարակ «ագույն» վերջածանցով կազմված բառերը, հասկացությունները եզակի են լինում: Այնպես որ՝ եթե այդպես ասես՝ չի լինի, եթե այդպես էլ չասես՝ նույնպես չի լինի: Մնում է ռուսի ասածի պես դառնալ «չուժոյ պախմելի» զոհ ու էն աշխարհ գնալիս մեղավոր հոգով կանգնել սուրբ Մեսրոպ Մաշտոցի ահեղ դատաստանի առաջ:
Մարտին ՀՈՒՐԻԽԱՆՅԱՆ
Հեղինակի նյութեր
Մեկնաբանություններ