«Տաղանդով ես չորրորդ լիգայի խաղացող էի, իսկ գլուխս բարձրագույն լիգայի էր»
11.10.2019 | 02:22
Երբ անգլիական «Լիվերպուլի» ներկայիս գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը նշանակվեց Դորտմունդի «Բորուսիայի» գլխավոր, նրան հարցրին խաղային կարիերայից: Նա արդեն այն ժամանակ առանձնանում էր ինքնատիպ մտածողությամբ, յուրօրինակ խառնվածքով ու բնավորությամբ: Ահա թե ինչ ու ինչպես է նա պատասխանել տրված հարցին. «Տաղանդով ես չորրորդ լիգայի խաղացող էի, իսկ գլուխս բարձրագույն լիգայի էր: Դրա համար էլ ողջ կյանքում խաղացել եմ երկրորդ լիգայում»:
Շատ հետաքրքիր ու ուսանելի է նրա կենսագրությունը: Այդ նա է վճռորոշ մասնակցություն ունեցել «Մայնցի» գլխավոր մարզչին ակումբից հեռացնելու հարցում ու դրանում եղել է ոչ թե ֆուտբոլիստի կամայականությունը, այլ թիմի ճակատագրի նկատմամբ շահագրգռվածությունը: Այն ժամանակ պարզապես երկրորդ լիգայում հանդես եկող «Մայնցը» տակտիկական առումով պարզապես ֆուրոր արեց գերմանական ֆուտբոլում: Հետաքրքիրն է այն է, որ երբ մնացած ակումբները խաղում էին լիբերոյով ու երեք պաշտպանով (երկրում այս տակտիկայի կատարյալ պաշտամունք էր), թիմի գլխավոր մարզիչ Վոլֆգանգ Ֆրանկն անցավ չորս պաշտպանով խաղին՝ բարձր պաշտպանության պարտադրանքով: Ահա թե որտեղից են գալիս Կլոպի դավանած գաղափարները:
Ֆրանկը ֆուտբոլիստների համար դարձավ պաշտամունք, փոխարենը մնացած ակումբներն ատում էին այս թիմի հետ հանդիպումները: Ֆրանկին հաջորդած մյուս մարզիչները անցան պաշտպանությունում երեք ֆուտբոլիստի՝ դրանով իսկ ուժազրկելով թիմի խաղացողներին, ովքեր վարժվել էին Վոլֆգանգ Ֆրանկի կիրառած տակտիկային: Այ հենց այս մասին էր, որ Կլոպը, որպես թիմի ավագ, ասել էր ակումբի ղեկավարությանը:
Կլոպն արդեն վետերան էր, երբ խնդրեց Էրհարդ Կրաուտցունին հեռացնել զբաղեցրած պաշտոնից, քանի որ նա խոստացել էր խաղալ չորս պաշտպանով, մինչդեռ պրակտիկայում այդպես չէր վարվում: Թիմի գլխավոր տնօրեն Հայդելն էլ հրաշալի հասկանում էր, որ Ֆրանկի դավանած ֆուտբոլն առավել հոգեհարազատ է թե ֆուտբոլիստներին, թե մարզասերներին, դրա համար էլ որոշեց՝ գլխավոր մարզչի պաշտոնում չկա Յուրգեն Կլոպից ավելի հարմար թեկնածու, քանի որ հենց նա է երկար ժամանակ աշխատել Ֆրանկի հետ և ընդունում է նրա գաղափարները:
Երբ 2001 թվի փետրվարի 28-ին լրագրողները մամլո կոնֆերանսի եկան՝ «Մայնցի» նոր գլխավոր մարզչին տեսնելու հույսով, սրահում նրա փոխարեն հայտնվեց թիմի պաշտպան Յուրգեն Կլոպը: Երբ նրան հարցրին, թե ինչու է ինքը եկել, նա պատասխանեց. «Հիմա կարծես թե ես եմ թիմի նոր գլխավոր մարզիչը»:
Կլոպն առհասարակ էքսցենտրիկ մարդ է, հումորի ահռելի պաշարով, ու նրա հետ զրույցները արվեստի առանձին տեսակ են: Դրանք հաճախ ավելի շատ հանդիսատես, ավելի մեծ լսարան են հավաքում, քան պրեմիեր լիգայի առանձին խաղերի տեսություններ: Հիշատակենք դրանցից մեկը, որ նաև որպես այդպիսին կայացել է, այսպես ասած, լրագրողի ձեռամբ: Հարցը վերաբերել է վնասվածքից հետո շարք վերադարձած, մարզումներն արդեն սկսած Ալիսոնին՝ թիմի հիմնական դարպասապահին:
Լրագրող -Դուք զարմացա՞ծ եք այն բանից, թե որքան արագ վերականգնվեց Ալիսոնը:
Կլոպ -Իսկ մենք ի՞նչ ենք ասել՝ որքա՞ն ժամանակով է նա բացակայելու: Ես արդեն չեմ էլ հիշում:
Լրագրող -Մի երկու ամիս:
Կլոպ -Մի երկու ամիս: Իսկ նա որքա՞ն է բաց թողել:
Լրագրող -Մի երկու ամիս:
Հետևել է Կլոպի ֆիրմային ծիծաղն ու հավաստումը. «Այո, զվարճալի է եղել: Ինձ դուր եկավ»:
Մարտին ՀՈՒՐԻԽԱՆՅԱՆ
Հեղինակի նյութեր
Մեկնաբանություններ