«Это была славная охота` դա փառահեղ որս էր»
04.10.2019 | 02:08
Չեմպիոնների լիգայի յուրաքանչյուր խաղարկային տուր եթե ոչ ավելին, իր առնվազն մեկ գերհանդիպումն ունի։ Այդպիսիք իրենց մարզական ու հոգեբանական բաղադրիչներով գրեթե հավասարազոր են եթե ոչ եզրափակչյան, ապա առնվազն մերձեզրափակչյան հանդիպումներին ու երկար, շատ երկար դառնում են քննարկման առարկա։ Հարցրեք ցանկացածին ու տեսեք, թե ի՜նչ ոգևորությամբ կպատմի, զորօրինակ, «Տոտենհեմ»-«Բավարիա» (սա գրեթե ամբողջովին գլխել է մնացած բոլոր հանդիպումները) կամ Մադրիդի «Ռեալ»-«Բրյուգե» դիմակայությունների մասին, իսկ սրանք ընդամենը երկրորդ տուրի առաջին օրվա մրցակցություններն են, որ հիշատակում ենք։ Բա «Լիվերպուլ»-«Զալցբուրգ», «Բարսելոն»-«Ինտեր» դիմակայություննե՞րը, որոնց կողքին հավասարազորությամբ պակաս հիշատակելի չէին «Լիլ»-«Չելսի», «Լայպցիգ»-«Լիոն», «Գենկ»-«Նապոլի» մրցակցությունները։ Մի խոսքով, թե՛ տեսնելու շատ բան կար, թե՛ պատմելու, ինչն էլ ջանադրորեն անելու ենք՝ արդեն այս փուլից թիմերը ներկայացնելով իրենց խմբերում։
A ԽՈՒՄԲ
Որքան էլ «Պարի Սեն Ժերմենը» թուրքական մարզադաշտերում կոմպլեքսավորված մրցելույթներ ունենալու տխուր ավանդույթ ունի, այդուհանդերձ «Գալաթասարայի» հետ այս մրցակցությունը պատվով ավարտեց, չնայած հաղթանակն արձանագրվել է նվազագույն հաշվով։ Վեց միավորով աղյուսակը գլխավորելը ֆրանսիական ակումբի համար անսովոր բան չպիտի համարել, այնպես որ, ամեն ինչ զարգացումների նորմալ շրջանակում է։
Սակայն այս խմբում կար ու եղավ մի մրցակցություն, որի մասին արդեն նախաբանում ասել ենք։ Քիչ էր մնացել «Բրյուգեն» Մադրիդի «Ռեալին» գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանով «հաներ տրաս»։ Բառացիորեն հերոսական ջանքերի գնով է «գալակտիկոսը» միավոր կորզել հյուրերից՝ 85-րդ րոպեին միայն հավասարեցնելով հաշիվը՝ 2։2։ Եվ այսու արժանին մատուցենք «արքայականին» 0։2-ից հետո խաղը փրկելու համար, սակայն նույնքան արժանիորեն անարգանքի սյունին գամենք խաղասկզբում այդքան անօգնական լինելու համար։
B ԽՈՒՄԲ
Այն, ինչ կատարվեց «Տոտենհեմ»-«Բավարիա» դիմակայությունում, անգամ այն բանից հետո, երբ եղածը հարյուրտոկոսանոց փաստ է, մարդու հավատը դարձյալ չի գալիս։ Լա՜վ, հասկացանք «Բավարիա», հասկացանք գերմանական սապոգ, սակայն այս կարգի դաժան ու այս կարգի գոտկատեղից ներքև։ Ախր այնպես էլ չէ, որ «Տոտենհեմն» ընդամենը երեկ կազմավորված թիմ է։ Փոքր-ինչ ձեզ նեղություն տվեք հիշելու, թե անցած մրցաշրջանում այս նույն Չեմպիոնների լիգայի խաղարկությունում Մաուրիսիո Պոչետինոյի սաներն ի՜նչ խաղ էին ցույց տալիս ու ինչպես հասան եզրափակիչ։ Բա վերցնես Չեմպիոնների լիգայի ֆինալիստին ու այն էլ իր հարկի տակ 7։2 հաշվով նվաստացնե՞ս։ Էդ ինչի՞ սիրտ պիտի կերած լինես, կամ աստղերը երկնակամարում քեզ համար էդ ի՞նչ հաջողությամբ պիտի դասավորվեն, որ նման բան անես։ Բոլոր դեպքերում ասենք, որ մյունխենցիները պարզապես փայլուն էին, իսկ երիտասարդ Գնաբրին իր պոկերով դարձավ պատմություն։
Ոչ պակաս հետաքրքիր հանգուցալուծում ունեցավ նաև «Ցրվենա զվեզդա»-«Օլիմպիակոս» մրցակցությունը, որտեղ տանտերերին մեծապես եկավ օգնելու այն հանգամանքը, որ սկսած 58-րդ րոպեից, հյուրերը մնացին տասը հոգով, ինչն էլ տանտերերին հնարավորություն տվեց երեք անգամ օգտագործելու ստացած այդ պարգևը։
Այս խմբում վեց միավորով մրցաշարային աղյուսակը գլխավորում է «Բավարիան», երեք միավորով նրան հաջորդում է «Ցրվենա զվեզդան», սակայն ակնհայտ է, որ խմբային պայքարի ավարտին այստեղ կտեսնենք բոլորովին այլ դասավորություն, այնպես որ, առանձնապես սուգ ու շիվան պետք չէ կապել «Օլիմպիակոսի» ու «Տոտենհեմի» ունեցած մեկական միավորի համար։
C ԽՈՒՄԲ
Ոչ մեկն էլ կասկած չուներ, որ այստեղ, հենց առաջին տուրից սկսած, առաջատարությունը խլելու էր «Մանչեստր Սիթին», որն այս տարի ակնհայտորեն հնարավորինն ու անհնարինն է անելու խաղարկության գավաթին տիրանալու համար։ Զագրեբի «Դինամոն», իհարկե, ամեն ինչ արեց մրցակցությունից պատվով դուրս գալու համար, սակայն «քաղաքաբնակներն» ի վերջո իրենցն արեցին, թեպետ երկու գոլի առավելությամբ հաղթելն առանձնապես երևելի բան չես համարի այս թիմի համար, որն ունի այդքան հզոր հարձակման գիծ։
Ոչ պակաս հետաքրքիր ստացվեց «Ատալանտա»-«Շախտյոր» դիմակայությունը, որտեղ ուկրաինացիները հավելյալ ժամանակում, կարելի է ասել մրցավարի սուլոցի հետ մեկտեղ, գոլ խփեցին ու իտալական յուրօրինակ այս պրոյեկտին պարտության մատնեցին 2։1 հաշվով։ «Շախտյորը» միավորներով հավասարվեց խորվաթական թիմին՝ 3, իսկ խմբայինը զրո միավորով եզրափակում է «Ատալանտան»։ Համենայն դեպս այս խմբում թիմերի փոքր-ինչ անսովոր տեղաբաշխություն է։
D ԽՈՒՄԲ
Միանգամայն տրամաբանական էր, որ «Աթլետիկոն» Ռուսաստանից երեք միավոր վաստակած պիտի հեռանա, քանզի քաշային խնդրի հարց կա, ու որքան էլ ռուսները վեր-վեր թռնեն իրենց Մոսկվայի «Լոկոմոտիվով», նույնն է, թե վերցնենք ու ասենք՝ հայաստանյան երբեմնի երկաթգիծը սեփականացրած ռուսական ձեռնարկությունը կարողացել է աշխատանքում որակական ինչ-ինչ պարամետրեր ապահովել։ Բնականաբար խոսքը երկաթգծում իրականացված թալանի մասին չէ, որտեղ ամեն ինչ արվել է հմտորեն ու բարձր արհեստավարժությամբ։ 0։2 հաշվով մադրիդցիներին պարտվելու մեջ անակնկալ ոչինչ չկա, խմբում ռուսական ակումբը երրորդ տեղում հայտնվելու խնդիր ունի լուծելու ու եթե հաջողի, դա մեծ նվաճում կլինի այդ երկրի ֆուտբոլի համար։
Խմբային մյուս դիմակայությունում «Յուվենտուսը» «Բայերի» Թուրին ժամանելը քթից հանեց՝ պարտության մատնելով 3։0 հաշվով։ Գոլ խփածներից հիշատակենք թերևս միայն Ռոնալդուին, որը Չեմպիոնների լիգայում արդեն 33-րդ թիմի դարպասը նվաճելու պատիվն է ունեցել ու այդ արդյունքով հասել լեգենդար Ռաուլին։
E ԽՈՒՄԲ
«Գենկ»-«Նապոլի» դիմակայությունում գոլազուրկ ոչ-ոքին, համենայն դեպս, այն արդյունքը չէր, որ սպասվում էր, սակայն տանտերերն ամեն ինչ արեցին սկուդետեում գոլառատ խաղով առանձնացող մրցակցին հիշեցնելու համար, որ սեփական տան օրենքներն ուրիշի վանք մտնելիս կարող են և չգործել։ Ասենք, որ «Գենկը» միանգամայն արժանիորեն վաստակեց խաղարկության իր առաջին միավորը, իսկ «Նապոլին» չորս միավորով միանձնյա գլխավորում է խմբայինը, քանի որ այստեղ նրա հիմնական մրցակիցը՝ «Լիվերպուլը», այդ նույն իտալական ակումբից կրած պարտության հետևանքով լավագույն դեպքում կարող էր հայտնվել լոկ երկրորդ հորիզոնականում։ Առաջ անցնելով՝ ասենք, որ «Զալցբուրգը» փառահեղ մրցակից եղավ «մերսիսայդցիներին», ու դրա լավագույն վկայությունը Յուրգեն Կլոպի այն մոլորված, փոքր-ինչ հիմարավուն ժպիտն էր, որ The Best մրցանակաբաշխության արդյունքներով տարվա լավագույն մարզչի դեմքին հայտնվել էր այն բանից հետո, երբ տանտերերը 0։3-ի պայմաններում կարողացան հաշիվը հավասարեցնող գոլը խփել։ Եթե այս խաղի առնչությամբ էլ դիմենք հզոր Կիպլինգի փառահեղ բնորոշումներին, ապա պիտի փաստենք, որ «это была славная охота»։ Իրենց երկրպագուների համար լիվերպուլցիներն այնուամենայնիվ կարողացան կորզել հաղթանակն ու խմբայինում հայտնվել ոչ թե «Նապոլիի», այլ լոկ օրվա մրցակցի հաջորդությամբ։
F ԽՈՒՄԲ
«Բարսելոն»-«Ինտեր»։ Անդրադարձ կատարելով այս թիմերը ներկայացնող երկրների ներքին առաջնություններին՝ հիշեցնենք, որ օրվա մրցակիցներից առաջինը լա լիգայի առաջին յոթ տուրում արդեն երկու պարտություն «ճաշակած» ու տասներեք միավորով 4-7-րդ հորիզոնականները բաժանողն էր, երկրորդը՝ սկուդետեի միանձնյա առաջատարը՝ վեց խաղից հետո միավորների առավելագույն քանակով։
«Ինտերը» փայլուն սկսեց ու արդեն երրորդ րոպեից հաշվի մեջ առաջ անցավ։ Նկատի ունենալով, որ Անտոնիո Կոնտեի գլխավորած թիմերը հաշիվ պահելու ինչ հմտություն ունեն, դժվար չէր պատկերացնել, թե ինչ վիճակում էին հայտնվել տանտերերը՝ այն էլ իրենց համար մարզական այս վիճակում, որը լավագույնի հետ շատ թույլ աղերսներ ունի։ Եթե դիմենք մեր հանրահռչակ «Վարդանանք» պատմավեպի հեղինակ Դերենիկ Դեմիրճյանի գործածած բառամթերքին՝ կապված պարսկական զորքի նկատմամբ հայոց զինուժի կիրառած տակտիկային, Կոնտեի սաները պարզապես մաշում էին կատալոնյան ակումբը, մինչև վրա հասավ հանդիպման 58-րդ րոպեն՝ Լուիս Սուարեսի սրընթաց գրոհով։ Հաշիվը վերականգնված էր, սակայն բարսելոնցիները ծարավի էին արյան։ Մեսիի փայլուն փոխանցումը նույնքան փայլուն գոլի վերածեց այդ նույն Սուարեսը, և կատալոնցիները տոնեցին հիասքանչ հաղթանակ։
Խմբային մյուս մրցակցությունում Դորտմունդի «Բորուսիան» արտագնայում 2։0 հաշվով հաղթանակ տոնեց չեխական «Սլավիայի» նկատմամբ ու «Բարսելոնի» հետ չորս միավորով հայտնվեց խմբային առաջին երկու հորիզոնականներում։
G ԽՈՒՄԲ
Դիվիզիոնում այդպես էլ իր տեղը հստակ չգտնող, ինը միավորով 11-14-րդ տեղերը կիսող «Լիոնը» վերցրեց ու արտագնայում ֆուտբոլային մի ողջ դասախոսություն կարդաց մինչև վերջին տուրի պարտությունը բունդեսլիգան գլխավորող «Լայպցիգին», ու իրավիճակի ողջ անհեթեթությունն այն է, որ որքան հեշտությամբ էին հյուրերը գտնում տանտերերի դարպասը տանող ճամփան, այնքան ծանր էր գերմանացիների համար նույն բանն անելը, ու նրանք այդպես մոլորված էլ մնացին իրենց որոնումներում։ Այս հանդիպման 0։2 հաշիվը տուրի անակնկալներից էր։ Միանշանակ։
Ինչ վերաբերում է խմբային երկրորդ՝ «Զենիթ»-«Բենֆիկա» դիմակայությանը, ապա իր հարձակման գծի առաջատարին անցած տրանսֆերային պատուհանում վաճառքի հանած պորտուգալական ակումբը հյուրընկալվելիս չկարողացավ լրջորեն դիմակայել ռուսական ակումբին ու պարտվեց 1։3 հաշվով։ Այս հաղթանակից հետո օրվա մրցակիցներն աղյուսակի հակադիր բևեռներում են։ Ռուսները չորս միավորով առաջին հորիզոնականում են, զրո միավոր ունեցող պորտուգալացիները՝ չորրորդ։ Այստեղ էլ ահա այսպիսի ուրախություն։
H ԽՈՒՄԲ
Այստեղ հոլանդական «Այաքսը» տոնեց իր երկրորդ հաղթանակն ու դարձյալ 3։0 հաշվով։ Դե ինչ, զարմանալի կայունություն։ Մի խոսքով, օրվա մրցակցին՝ «Վալենսիային» (1։0 հաշվի դեպքում տանտերերը չեն կարողացել անվրեպ իրացնել տասնմեկմետրանոցը), արժանացնելով առաջին տուրի մրցակցի՝ «Լիլի» բախտին, որն իր հերթին անչափ ծանր մրցակից ունեցավ՝ ի դեմս անգլիական գրանցում ունեցող «ազնվականների»։ Հանդիպման ընթացքում ֆրանսիացիները կարողացել են ժամանակավորապես վերականգնել հաշվի հավասարությունը, սակայն խաղավարտին «Չելսին», ի հաշիվ Վիլիանի կողմից դարպասի գրավման, կարողացել է հաղթանակ կորզել։ Լոնդոնցիներն այս խաղում վաստակեցին իրենց առաջին միավորներն ու, ի հաշիվ հավելյալ գործակիցների, շրջանցեցին իսպանական ակումբին։
ԱՄՓՈՓՈՒՄ
Չեմպիոնների լիգան փայլուն խաղեր դիտելու հնարավորություն է տալիս մարզասերին, ու կասկած չկա, որ այս միտումը շարունակվելու է տուրից տուր՝ մինչև փլեյօֆյան փուլ՝ պսակ հանդիսացող իր եզրափակչով։ Բարեբախտաբար, ամեն տուր առնվազն մի քանի եզրափակչի երջանկություն է պարգևում, ու դա գոնե լուսավոր բան է մեր այս անկայուն, անորոշության մեջ թարթափող օրերում։ Այսպես ասելով՝ դուք, այո, միանգամայն ճիշտ հասկացաք, որ ես նկատի ունեմ Նիկարագուան։
Թե՞ ձեր հանցավոր մտայնությամբ դուք մի այլ երկիր կարծեցիք։
Մարտին ՀՈՒՐԻԽԱՆՅԱՆ
Это была славная охота`
Հեղինակի նյութեր
Մեկնաբանություններ