«Ռեալն» անցնում է գործի
27.09.2019 | 01:53
Մինչ Անգլիայում պրեմիեր լիգան ներկայացնող ակումբները զբաղված էին գավաթային խաղերով (դրանք նոր են սկսվել ու այսքան վաղ առանձնակի հետաքրքրություն չեն ներկայացնում, իսկ Գերմանիայում գերադասել են հանգիստը), առաջնությունները սովորական հունով ընթացել են ֆուտբոլային մյուս գերտերություններում։
ԻՍՊԱՆԻԱ
Բիլբաոյի «Աթլետիկոն» ընդամենը մեկ տուր կարողացավ վայելել աղյուսակի գլխավորը լինելու պատիվը։ Արտագնայում «Լեգանեսի» հետ ունեցած ոչ-ոքին (1։1) նրան մղեց երրորդ հորիզոնական, որովհետև չեմպիոնական մրցավազքում մրցակիցները քնած չէին։ Այդ չքնածների մեջ առաջնահերթությամբ նախ և առաջ հիշատակենք մադրիդյան երկու ակումբները՝ «Ռեալին» (հյուրընկալելիս «Օսասունային» հաղթել է երկու անպատասխան գնդակի առավելությամբ) ու «Աթլետիկոյին», որը նույնպիսի հաշվով արտագնայում հաղթական հանդիպում է ունեցել «Մալիորկայի» հետ։ Հաղթանակներն այս ակումբներին համապատասխանաբար 14 և 13 միավորներով տեղ են ապահովել առաջին և երկրորդ հորիզոնականներում՝ բասկյան թիմին (12 միավոր) պարտադրելով մերձ հետապնդողի կարգավիճակը։
Նախորդ տուրում «Բարսելոնին» պարտության մատնած «Գրանադան» (2։0) «Վալիադոլիդին» հյուրընկալվելիս մեկ միավոր վաստակեց ընդամենը ու 11 միավորով նահանջեց չորրորդ հորիզոնական։ Այս տուրից հետո անմիջականորեն նրա պոչին է նստած «Բարսելոնը», որը սեփական հարկի տակ 2։1 հաշվով պարտության մատնեց «Վիլյառեալին»։ Դժվար էլ է հիշել, թե վերջին անգամ կատալոնյան ակումբը երբ է նման ծանր մեկնարկ ունեցել, բայց սա է այսօրվա իրողությունը՝ վեց խաղից հետո ընդամենը տասը միավոր։
ԻՏԱԼԻԱ
Սկուդետեի յուրաքանչյուր տուր գալիս է հավաստելու, որ Անտոնիո Կոնտե գլխավոր ունեցող «Ինտերն» ամենայն պատվախնդրությամբ է պատրաստվել ընթացիկ մրցաշրջանին ու չեմպիոնական մրցավազքում իսկապես մտադիր է կռիվ տալ երկրի վերջին տարիների անփոփոխ չեմպիոն «ծեր սինյորային», որի մարզչական շտաբի գլխին նույնպես նոր մարդ է կանգնած։ Ինչևէ։ «Ինտերն» այս անգամ ծնկի բերեց հյուր ժամանած «Լացիոյին» ու հինգերորդ տուրից հետո էլ շարունակում է իր անպարտ մրցելույթների շարքը։
Կոնտեի թիմից երկու միավորի հեռավորության վրա է «Յուվենտուսը», թիմն ամենևին էլ հեշտ հաղթանակ չի տոնել «Բրեշիայի» նկատմամբ, որն առաջինն է խոցել հյուրերի դարպասը՝ 2։1։
Շարունակում է անհասկանալի խաղ ցուցադրել «Ռոման», ու իտալական «գայլերի» խաղին նման գնահատական տալը բնավ էլ պայմանավորված չէ սեփական հարկի տակ «Ատալանտայից» կրած պարտությամբ (2։0)։ Տպավորություն է, որ այս թիմը չգիտի պաշտպանություն ասածը։ Հաղթանակն «Ատալանտային» տասը միավորով բերել է երրորդ հորիզոնական, ութով մնացած «Ռոման» եզրափակում է առաջին վեցյակը։
Երկրորդ պարտությունը կրեց «Նապոլին», որին այս անգամ վշտացնողը «Կալիարին» է, և որը ոչ միայն միավորներով (9) հավասարվեց Կառլո Անչելոտիի թիմին, այլև նրան է հաջորդում մրցաշարային աղյուսակում՝ չորրորդ հորիզոնականը զիջելով նրան լրացուցիչ գործակիցների պատճառով։
ՖՐԱՆՍԻԱ
Անակնկալներից անմասն չմնաց և դիվիզիոնի առաջնությունը, ու այդ անակնկալի հեղինակը բոլոր պարամետրերով համեստ «Ռեյմս» ակումբն էր, որը մայրաքաղաք էր ժամանել բնավ էլ ոչ Փարիզի գեղեցկության հետ ծանոթանալու նպատակով։ Հանդիպումը սովորական խաղից վերածելով տոնի՝ հյուրերը երկու անգամ խոցեցին «Պարի Սեն Ժերմենի» դարպասն ու պարտադրեցին այս մրցաշրջանում երկրորդ անգամ հաշտվել պարտության դառնության հետ։ Նկատենք, որ հյուրերն անխոցելի են պահել սեփական դարպասը։
«Պարի Սեն Ժերմենի» այս վրիպումից շտապել է առավելագույնս օգտվել «Անժը»՝ նույնպիսի հաշվով արտագնայում պարտության մատնելով «Տուլուզին» ու տասնհինգ միավորով աղյուսակի վերին հորիզոնականում ընկերակցելով երկրի վերջին տարիների անփոփոխ չեմպիոնին։ Հաղթական հանդիպումներ են ունեցել ու տասներեքական միավորով երրորդ, չորրորդ հորիզոնականներն իրենցով են արել «Լիլն» ու «Նանտը»։ Առաջինը հյուրընկալելիս պարտության է մատնել «Ստրասբուրգին» (2։0), երկրորդը նվազագույն հաշվով առավելության է հասել «Ռենի» նկատմամբ։
Մարտին ՀՈՒՐԻԽԱՆՅԱՆ
Հեղինակի նյութեր
Մեկնաբանություններ