«Մեսին հրաշալի ֆուտբոլիստ է, հնարավոր է, պատմության մեջ լավագույնը»
27.09.2019 | 01:51
Միլանում օրերս ՖԻՖԱ-ն անցկացրեց The Best մրցանակաբաշխությունը, որը սկզբնավորվել է 2016 թվին: Մրցանակները շնորհվում են անցած մրցաշրջանի արդյունքներով: Անվանակարգերը բավականին մեծաթիվ են, հնարավորինս ընդգրկում են ֆուտբոլային կյանքն իր ողջ մանրամասների մեջ: Բնականաբար, ամենաառանցքայինը մնում է «Լավագույն ֆուտբոլիստ» անվանակարգը: Նախորդ տարիներին այն բաժին է հասել Մադրիդի «Ռեալը» ներկայացնող ֆուտբոլիստներին: Այս անգամ հաղթող է ճանաչվել Լիոնել Մեսին (կանանց շրջանում այդ պատվին արժանացել է Մեգան Ռապինոն, ով ներկայացնում է աշխարհի չեմպիոն ԱՄՆ հավաքականն ու առաջնության արդյունքով էլ է եղել լավագույնը), թեպետ շատերն էին կարծում, որ առավել հավանական թեկնածուն «Լիվերպուլի» պաշտպան Վիրջիլ վան Դեյկն էր: Խնդրո առնչությամբ լսենք նրա խոսքն ու անցնենք առաջ. «Մարդիկ քվեարկել են, նրանք ընտրել են Մեսիին: Ես մոտ էի: Չեմ կարծում, որ մեր խաղերը կարելի է համեմատել: Նա հարձակվող է, ես՝ պաշտպան: Մեսին հրաշալի ֆուտբոլիստ է, հնարավոր է, պատմության մեջ լավագույնը: Ես շատ ուրախ եմ նրա համար, ընդհանրապես վհատված չեմ: Ես արդեն ասել եմ, որ թիմային տիտղոսներն ինձ համար ավելի կարևոր են, իսկ այդ տիտղոսն ընդամենը բոնուս է»:
Եվ այդուհանդերձ, տիտղոսներից անմասն չի մնացել «Լիվերպուլը»: Լավագույն դարպասապահ է ճանաչվել Ալիսոնը, ով նաև Բրազիլիայի ազգային ընտրանու հիմնական դարպասապահն է, իսկ «Լավագույն մարզիչ» անվանակարգում նախապատվությունը տրվել է Յուրգեն Կլոպին, ով անգլիական այս ակումբը դարձրեց Չեմպիոնների լիգայի գավաթի տիրակալ: Կանանցից «Լավագույն մարզչի» տիտղոսը բաժին է հասել Միացյալ Նահանգների հավաքականի գլխավոր մարզիչ Ջիլ Էլիսին:
Չգնալով բոլոր տիտղոսների տիրակալներին ներկայացնելու ճանապարհով՝ մի մանրամասն էլ վկայակոչենք, որը բավականին նուրբ շերտեր ունի իր մեջ: Մրցանակաբաշխությանը բնականաբար հրավիրված էր Ժոզե Մոուրինյոն, ում աշխարհը ճանաչում է որպես բացառիկի ու անկրկնելիի՝ նկատի ունենալով ոչ միայն նրա մարզչական նվաճումները, այլև բնավորության ինքնատիպությունը: Նրա բացառիկության լավ էլ ակնհայտ շեշտադրումն ուներ հանդիսավարի հարցը, թե այլմոլորակայինների հետ պայքարում կուզենա՞ր մարզել Երկրագնդի հավաքականը, ինչին Բացառիկը պատասխանել է. «Ես կարծում եմ, որ ՖԻՖԱ-ն թույլ չի տա համատեղում (ակնհայտորեն նկատի ունի Կլոպի պարագան՝ Մ.Հ.): Այնպես որ, ձեզ անհրաժեշտ կլինի ձեռքի տակ գործ չունեցող մարզիչ: Կապելոյի կամ Զենիի նման: Սակայն ես էլ եմ թեկնածու»:
Մարտին ՀՈՒՐԻԽԱՆՅԱՆ
Հեղինակի նյութեր
Մեկնաբանություններ