Հակոբ Մկրտչյանն ու Սիմոն Մարտիրոսյանը` աշխարհի չեմպիոններ
27.09.2019 | 01:50
Թաիլանդական Պատայա քաղաքում ավարտին մոտեցող ծանրամարտի աշխարհի առաջնության մասին ամբողջական խոսելու հնարավորություն կունենանք միայն թերթի հաջորդ համարում, քանի որ մեր մեդալային հավակնություններն ավելի ռեալ են ծանր ու գերծանր քաշային կարգերում, իսկ առաջնություններն ավանդաբար ավարտվում են այդ քաշային կարգերը ներկայացնողների մրցելույթներով։ Սակայն ասվածը չի նշանակում, որ այս պահի դրությամբ ընթերցողին ներկայացնելու բան չունենք։
Ունենք, այն էլ ինչպիսին ունենք։
89 կիլոգրամ քաշային կարգում փառահեղ մրցելույթ է ունեցել գյումրեցի 22-ամյա Հակոբ Մկրտչյանն ու հռչակվել աշխարհի չեմպիոն։ Սովորականի պես գյումրեցի հսկայի մրցելույթը տակտիկապես գրագետ է կառուցվել՝ պոկում վարժությունում հիմնական մրցակիցներին շատ առաջ պոկվելու հնարավորություն չտալ, որ երկրորդ վարժությունում հիմնական խնդիրը լինի ավելի հեշտ լուծելի։
Այդպես էլ եղել է։
Պոկում ձևում առանձնակի ուժեղ Ռևազ Դավիթաձեն հինգ կիլոգրամով է առաջ անցել Հակոբից։ Ճիշտ է, այստեղ մեր մարզիկը մեդալ չի նվաճել՝ առաջ թողնելով ևս երկու ծանրորդի, սակայն կրկնում ենք, իրադարձությունները զարգացել են նախանշածին հնարավորինս համահունչ։ Հրում վարժությունում Հակոբը կանգ է առել 208 կիլոգրամի վրա (երկրորդ ցուցանիշ) չի շարունակել հետագա պայքարը (չի օգտագործել երրորդ մոտեցումը), քանզի քաշն այդ երկամարտում նրան արդեն իսկ ապահովել է չեմպիոնական տիտղոս։
Ի տարբերություն Եվրոպայի առաջնության, որտեղ մեր մարզիկի միակ լուրջ մրցակիցը տանտեր Ռևազ Դավիթաձեն էր (առաջնությունն անցկացվել է Բաթում քաղաքում), Պատայայում հզոր մրցակից եղավ նաև իրանցի Ալի Միրին, ով երկամարտի 374 կիլոգրամով տիրացավ փոխչեմպիոնի կոչմանը՝ վրացուն գերազանցելով երեք կիլոգրամով։ Դե, իսկ մեր տղային աշխարհի չեմպիոնի կոչումն ապահովեց երկամարտի 375 կգ ցուցանիշը, ինչը չորս կիլոգրամով ավելի է Եվրոպայի առաջնությունում ցույց տված արդյունքից։ Շնորհավորենք տաղանդաշատ գյումրեցուն բարձր նվաճման հասնելու, հայրենի քաղաքի մարզական ավանդույթներին հավատարիմ մնալու, դրանք ավելացնելու կապակցությամբ ու հուսանք, որ երկար ժամանակով է մուտք գործել ծանրամարտի հրաշալի աշխարհ։
Հավելենք, որ 81 և 102 կգ քաշային կարգերում մեր ընտրանուն փոքր բրոնզե մեդալներ են բերել Անդրանիկ Կարապետյանն ու Սամվել Գասպարյանը։
Երեկ մրցահարթակ է ելել ծանրամարտի մեր անվիճելի առաջատարը՝ աշխարհի գործող չեմպիոն, 109 կգ քաշային Սիմոն Մարտիրոսյանը։ Պոկում վարժությունում հաջորդաբար գլխավերևում պահելով 190, 195, 199 կգ կշռող ծանրաձողերը, վերջնահաշվում մեր մարզիկը նվաճել է վարժության փոքր ոսկին՝ միաժամանակ սահմանելով աշխարհի ռեկորդ: Հետաքրքրական է, որ թե՛ Սիմոն Մարտիրոսյանի, թե՛ արծաթը նվաճած Անդրեյ Արամնաուի (198 կգ) և թե՛ բրոնզին տիրացած Ժան Ժեի (197 կգ) երրորդ մոտեցումները եղել են ռեկորդային: Բնականաբար, մարզիկները ծանրաձողին մոտեցել են հակառակ հերթականությամբ:
Հրում վարժությունում Սիմոն Մարտիրոսյանը ծանրաձողին մոտեցել է այն ժամանակ, երբ բոլորն ավարտել էին մրցելույթները: Մեր հսկան առաջին իսկ մոտեցումով բարձրացրել է 230 կիլոգրամն ու նվաճել թե՛ փոքր, թե՛ երկամարտի ոսկին՝ 429 կիլոգրամ: Երկրորդ մոտեցումը, բնականաբար, գրոհ էր աշխարհի ռեկորդի վրա: 241-ն այս անգամ չստացվեց, սակայն դա չէր կարևորը: Շատ ավելի կարևորն այն է, որ մենք ունեցանք մեր երկրորդ մեծ ոսկին: Հուսանք` վաղը հայ գերծանրքաշայինները նոր խմբագրումներ կմտցնեն մեր ունեցած մեդալների պաշարում:
Մարտին ՀՈՒՐԻԽԱՆՅԱՆ
Հեղինակի նյութեր
Մեկնաբանություններ