Քնած տեղից էլ հանես, հաղթելու են
20.09.2019 | 01:56
Բաքվում ընթացող գեղարվեստական մարմնամարզության աշխարհի առաջնությունում հետաքրքիր դեպք է արձանագրվել: Ճիշտ է, այն իր տեսակի մեջ եզակի չէ, սակայն, բոլոր դեպքերում, ուշադրության արժանի է: Դինա ու Արինա Ավերինաների հետ Ռուսաստանի ընտրանին ներկայացնող Ալեքսանդրա Սոլդատովան մրցումներից առաջ ուշագնաց է եղել, ու անհրաժեշտություն է առաջացել նրան փոխարինելու մեկ այլ մարզուհիով: Ընտրությունը կանգ է առել քսանչորսամյա Եկատերինա Սելեզնյովայի վրա, որի համար ընթացիկ առաջնությունն առաջինն է մարզական կարիերայում:
Օղակով վարժության ժամանակ Դինա Ավերինան այնքան էլ վստահ հանդես չի եկել ու առաջացել է ոսկե մեդալից զրկվելու ռեալ սպառնալիք: Մրցագորգ ելած Սելեզնյովան գերազանցել է ինքն իրեն ու երկրին բերել ոսկե մեդալ: Փաստը խոսում է ռուսական գեղարվեստական մարմնամարզության դպրոցի բացառիկ հզորության մասին, դպրոց, որի անգերազանցելի մետրն է աշխարհահռչակ Իրինա Վիները, ում ողջ աշխարհը ճանաչում է որպես չեմպիոններ «թխող» մասնագետի: Հարկ է նկատել, որ նրա գլխավորած ընտրանին արդեն անհիշելի ժամանակներից ոչ մեկին չի զիջում առաջնությունների բացարձակ չեմպիոնի տիտղոսը: Անկասկած է, որ նույնը կատարվելու է Բաքվի այս առաջնությունում:
Մարտին ՀՈՒՐԻԽԱՆՅԱՆ
Հեղինակի նյութեր
Մեկնաբանություններ