Այսօր ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը կհանդիպի Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերի հետ։ Բրիտանական կառավարությունը լիովին ընդունելի է համարում Storm Shadow թևավոր հրթիռների կիրառումը Ռուսաստանի խորքում գտնվող թիրախների դեմ, սակայն ցանկանում է ուղիղ համաձայնություն ստանալ Վաշինգտոնից, որպեսզի տպավորություն չստեղծվի, թե այս հարցում դաշնակիցների միջև տարաձայնություններ կան։ Ըստ աղբյուրների՝ Բայդենը դեռ վերջնական որոշում չի կայացրել։               
 

«Սահմանին թուրքերն են գերեվարում, այստեղ՝ դուք»

«Սահմանին թուրքերն են գերեվարում, այստեղ՝ դուք»
27.06.2014 | 15:44

Շանթ Հարությունյանի և իր համախոհների՝ դատական ընդմիջված նիստը շարունակվեց մեղադրող Գևորգ Գևորգյանի միապաղաղ ձայնով մեղադրանքի ներկայացմամբ: Այնուհետև հարցեր ուղղվեցին ամբաստանյալի աթոռին հայտնված Ալեք Պողոսյանին, Արմեն Հովհաննիսյանին, Հայկ Հարությունյանին, Լիպարիտ Պետրոսյանին, Միսակ Առաքելյանին, Սևակ Մնացականյանին:

Նրանք բոլորն էլ պնդեցին, որ իրենց մեղավոր չեն ճանաչում: Ալեք Պողոսյանն ասաց, որ անցյալ տարի, նոյեմբերի 5-ի ակցիային մասնակցել է, որովհետև համոզված է եղել, որ այլ կերպ իշխանությունը հնարավոր չէ վերադարձնել ժողովրդին: Նա հիշեցրեց, որ թե՛ Սերժ Սարգսյանը, թե՛ ՍԴ նախագահ Գագիկ Հարությունյանը եղել են ԽՍՀՄ օրոք բարձրաստիճան պաշտոնյաներ, իսկ ՍԴ-ն ճանաչում է այն մարդկանց հաղթանակը, ում հրահանգում է ՌԴ-ն:
«Ես դուրս եմ եկել ազատագրելու իմ հայրենիքը, դուրս եմ եկել գործող արժեհամակարգի դեմ: Երբ երկրի նախագահի թեկնածուն ասում է՝ կաշառք վերցրեք, բայց ընտրեք ձեր ուզած մարդուն, ես չեմ ուզում ընտրել նման արժեքներ քարոզող մարդու»,- հայտարարեց Ալեք Պողոսյանը:
«Սահմանում թուրքերն են գերեվարում, այստեղ՝ դուք, ի՞նչ տարբերություն»,- ասաց Արմեն Հովհաննիսյանը՝ նշելով, որ ինքը ոչ թե ազատազրկման, այլ գերեվարման մեջ է գտնվում:
Հայկ Հարությունյանը նշեց, որ իրեն կարող են մեղադրել ոչ թե որպես խուլիգանի, այլ սրտացավ քաղաքացու:
Լիպարիտ Պետրոսյանն ասաց, որ ինքը կատարել է իր պարտքը հայրենիքի հանդեպ և գործել է հայրենիքի թշնամիների դեմ:
Միսակ Առաքելյանը հիշեցրեց, որ հինգ ամիս շարունակ իրեն առաջադրել էին մի մեղադրանք, հետո փոխեցին հոդվածը և հիմա մեղադրում են մեկ այլ հոդվածով:
Սևակ Մնացականյանը շնորհակալություն հայտնեց այն ԶԼՄ-ներին, որոնք անաչառ լուսաբանում են այս դատավարությունը: Նա հիշեցրեց, որ պետք է մտահոգվել այն տղաներով, ովքեր պատերազմի ժամանակ պայքարում էին արտաքին թշնամու դեմ, իսկ խաղաղ պայմաններում չեն լքում հրապարակները և պայքարում են ներքին թշնամու դեմ:
«Ինչպե՞ս կարելի է խուլիգան համարել մեկին, ով իր երեք օրական երեխային թողել է օրորոցում և դուրս եկել պայքարի»,- հարցրեց նա:
Դատավորը կրկին հայտարարեց ընդմիջում:


Թագուհի ՀԱԿՈԲՅԱՆ

Դիտվել է՝ 1875

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ