Գազայի հատվածում և Լիբանանում հրադադարի մասին Իսրայելի համաձայնությունը կարող է ազդել հոկտեմբերի 26-ի հարձակումից հետո հրեական պետությանը հակահարված տալու Իրանի որոշման վրա՝ հայտարարել է ԻԻՀ նախագահ Մասուդ Փեզեշքիանը։ «Նրանք լավ գիտեն, որ եթե որևէ սխալ թույլ տան Իրանի Իսլամական Հանրապետության դեմ, կստանան ջախջախիչ պատասխան»,- ասել է նա:               
 

Արևմուտքը վերահսկում է Հայաստանից թալանված միլիարդավոր դոլարները․ ինչու՞ էին ընդունում թալանչիներին

Արևմուտքը վերահսկում է Հայաստանից թալանված միլիարդավոր դոլարները․ ինչու՞ էին ընդունում թալանչիներին
05.08.2024 | 13:29

Միացյալ Նահանգների դատարանի որոշմամբ՝ Պետեկամուտների կոմիտեի նախկին նախագահ Գագիկ Խաչատրյանի ընտանիքին պատկանող, Լոս Անջելեսում գտնվող առանձնատունը կբռնագանձվի և ամենաբարձր շուկայական արժեքով կվաճառվի։ Այս պահին այն գնահատվում է ավելի քան 63 մլն դոլար։ Այդ մասին շաբաթներ առաջ հաղորդագրություն էր տարածել Գլխավոր դատախազությունը։

Խաչատրյաններին պատկանող գույքի բռնագանձման գործընթաց սկսվել էր 2022-ին։ Առանձնատունը, որն ունի գրեթե 2 800 քմ մակերես, գտնվում է Լոս Անջելեսի Հոլմբի հիլս (Holmby Hills) թանկարժեք թաղամասի Սաութ Մափլթոն դրայվ (South Mapleton Drive) փողոցում։ Առանձնատունը գնել էին Խաչատրյանի որդիները՝ Արտյոմ և Գուրգեն Խաչատրյանները։ ԱՄՆ համապատասխան մարմինները առանձնատան հետ կապված գործընթացը սկսել էին Հայաստանի ազգային անվտանգության ծառայության և գլխավոր դատախազության դիմումների հիման վրա։ Ըստ ԱՄՆ արդարադատության նախարարության հաղորդագրության՝ առանձնատունը ձեռք է բերվել Հայաստանում «կոռուպցիոն սխեմայից ձևավորված եկամուտներով»։

«Առանձնատան իրացման արդյունքում ստացված դրամական միջոցների գերակշիռ մասը Հայաստանի Հանրապետությանը վերադարձնելու հարցի շուրջ Գլխավոր դատախազության և ԱՄՆ իրավասու մարմնի միջև բանակցություններ են ընթանում»,-նշվում էր դատախազության հաղորդագրությունում։

Առաջին հայացքից սա սովորական հաղորդագրություն է, որն առնչվում է նախկին իշխանության կարկառուն դեմքերից մեկին։ Հայաստանի հանրությանը այս հաղորդագրության թվաբանական մասն է հետաքրքիր, թե որքան են թալանել նախկինները (ներկաների թալանի մասին հետո կխոսվի, երբ արդեն նրանք դառնան նախկին), իսկ իշխանություններին հետաքրքիր է քարոզչական մասը, որով իրենք հանրությանը պետք է Գագիկ Խաչատրյանի և նրա նմանների ֆոնին առավել տանելի թվան։

Իրականում այս պատմությունը մեր պետության կյանքում շատ կարևոր շերտ է բացում։ Որևէ մեկի համար գաղտնիք չէ, որ Հայաստանի նախորդ իշխանության գրեթե բոլոր ներկայացուցիչները լուրջ կապիտալ էին կուտակել (ներկաները դեռ շարունակում են հմտանալ թալանի գործում)։ Գագիկ Խաչատրյանը նախորդ իշխանության միակ դոլարային միլիոնատերը չէր․ վստահաբար, այդ շարքերում կային նաև միլիարդատերեր։ Գագիկ Խաչատրյանը նաև միակ պաշտոնյան չէր, որ իր կուտակած կապիտալը տեղափոխել էր Արևմուտք։ Ժամանակին մամուլը շատ է գրել այս կամ այն պաշտոնյայի արևմտյան որևէ երկրում գույք գնելու, բիզնես հիմնելու կամ օֆշորային հաշիվների մասին։ Ինչ-որ իմաստով նրանց վարքը նաև հասկանալի էր՝ մեծ փողերը սիրում էին հոսել դեպի Արևմուտք, քանի որ այնտեղ համեմատաբար ստաբիլ և անվտանգ միջավայր էր, իսկ փողը հանգիստ միջավայր է սիրում։

Գագիկ Խաչատրյանի դեպքն ազդանշան է նախորդ իշխանության թալանով զբաղված բոլոր դեմքերի համար, որ իրենց կուտակած կապիտալը, իրենց կյանքի գլխավոր իմաստը այլևս անձեռնմխելի չէ, ու եթե Փաշինյանի կառավարությանը պետք լինի, ապա այն կբռնագանձվի։ Սա նշանակում է, որ իրենց փողերն անվտանգությունից ելնելով Արևմուտք տեղափոխած նախկին պաշտոնյաները հայտնվել են թակարդում։ Փողը, որն իրենց կյանքի միակ իմաստն է եղել, գտնվում է Փաշինյանի տերերի ձեռքում, ու հիմա այնտեղից ինչ երաժշտություն պատվիրեն, սրանք պետք է պար գան։

Հենց այս հանգամանք է, որ կարծես ստիպում է նախորդ իշխանության շատ ներկայացուցիչների հեռու մնալ քաղաքական գործընթացներից։ Արցախի մասին պատերի տակ հայրենասիրական ճառեր ասող նախկին օլիգարխ-չինովնիկները մատը մատին չեն խփում, իրենց գրպանից կես դոլար անգամ չեն ծախսում Փաշինյանի իշխանության դեմ պայքարի համար։ Գագիկ Խաչատրյանի տան պատմությունը բացատրում է նրանց մեծամասնության վարքը։ Այո՛, մարդիկ թալանել են, բայց քանի որ փողը գտնվում է Արևմուտքում, ապա դրա քաղաքական տերը Արևմուտքն է։ Նրանք, իհարկե, կարող են թալանած փողով տներ կառուցել, թանկարժեք մեքենաներ գնել, սիրուհիներ պահել, բայց զրկված են այդ փողը քաղաքական նպատակով ծախսելու իրավունքից։ Դա իրենց թույլ չեն տալիս իրենց թալանած փողերի քաղաքական տերերը։

Հիմա հասկանալի է, թե ինչու է ժամանակին Արևմուտքը թույլ տվել, որ Հայաստանի նման երկրների թալանչի պաշտոնյաներն իրենց թալանածը տեղափոխեն Արևմուտք։ Նրանք մի կողմից կարծես Հայաստանի ազգային հարստության թալանի, ժողովրդի կեղեքման հետ կապ չունեն, բայց վերահսկում են թալանի և կեղեքման արդյունքում ձևավորված կապիտալը, ինչն էլ իրենց հնարավորություն է տալիս թույլ չտալ Հայաստանի առաջ ծառացած գոյաբանական խնդիրների լուծման համար ազգային կապիտալից ներդրում, քանի որ այդ կապիտալը վաղուց արդեն ազգային չէ։

Բորիս Մուրազի

Դիտվել է՝ 3847

Մեկնաբանություններ