Սուրբ ծննդյան տոնին ընդառաջ օրացուցային տարեվերջյան դիմակայություններն ավարտեցին եվրոպական ֆուտբոլային թոփ առաջնություններից երեքը՝ սկուդետեն, բունդեսլիգան, Լիգա-1-ը։ Փաստորեն պայքարը կշարունակվի լոկ իսպանական լա լիգայում ու անգլիական պրեմիեր լիգայում։ Եթե առաջինի պարագայում իրենն է ասում կորոնավիրուս կոչված աղետը, Մառախլապատ Ալբիոնի առնչությամբ զարմանալու ոչինչ չկա, քանզի Անգլիան միշտ էլ նման է եղել ռուսական մուլտից հայտնի Լեոպոլդ կատվին՝ թե՛ ինքնահավանությամբ, թե՛ քմահաճությամբ, թե՛, որ ամենակարևորն ու ամենաբնութագրականն է այս երկրի համար, բոլորից առանձնացող իր կենսակերպով ու կենսառիթմով։
ԻՍՊԱՆԻԱ
Տուրում անչափ կարևոր հաղթանակ տոնեց արտագնայում «Ռեալ Սոսիեդադի» հետ ուժերը չափած, առաջնության միանձնյա առաջատար «Աթլետիկոն»։ Ճշմարտությունը պահանջում է ասել, որ սանսեբաստացիները իսկապես համակրելի ֆուտբոլ են խաղում՝ ցույց տալով դիտարժան, դինամիկ խաղ, սակայն թիմն ունի բավականին խոշոր թերություն. այն դեռ պիտի հարմարվի ուժեղ լինելու գաղափարին, որ կարողանա կայունացնել մրցելույթները։ Եվ այդուհանդերձ ասենք, որ չնայած վերջին հինգ խաղում ոչ այն է վաստակած երկու, որքան կորցրած 13 միավորին, ինչն աղետալիորեն սարսափելի ցածր ցուցանիշ է, «Ռեալ Սոսիեդադը» շարունակում է մնալ առաջին եռյակում։
Ի պատասխան «Աթլետիկոյի» վաստակած երեք միավորի, համաքաղաքացիների հաղթանակին կրկին հաղթանակով դիմադարձեց «Գրանադային» հյուրընկալած «Ռեալը» (2։0), որի ձեռք գցած այս երեք միավորում դարձյալ խառն էր Բենզեմայի մատը։ Միավորներով՝ 32, «արքայականը» նորից հավասարվեց «Աթլետիկոյին», սակայն եկեք չմոռանանք, որ Դիեգո Սիմեոնեի սաները ակտիվում պակաս անցկացրած երկու խաղ ունեն։
Ֆուտբոլասերի լսելիքին անսովոր բան ենք հնչեցնելու, բայց դե օրվա իրողությունն է այդպիսին. արտագնայում 3։0 հաշվով հաղթելով «Վալիադոլիդին»՝ «Բարսելոնն» առաջին... վեցյակի մաս կազմեց։ Գոլով ու գոլային փոխանցմամբ թիմին դարձյալ օգտակար է եղել Մեսին, ով շրջանցեց լեգենդար Պելեի նվաճումը։ Հիշեցնենք, որ հաշվարկն արվել է մի թիմի կազմում խփած գոլերի քանակով։ Մինչ Մեսիի այս գոլը ռեկորդայինը 643 գոլն էր։
Ոչ-ոքիների տևական շարքը նախորդ տուրում հաղթանակով ընդմիջած «Վիլիառեալը» նորից դարձավ իր «դավանանքին»։ Այս ոչ-ոքին «Աթլետիկի» հետ էր, տնային խաղում՝ 1։1։ Թիմը 26 միավորով չորրորդ հորիզոնականում է, երկու նիշով առաջ է կատալոնյան ակումբից։
Լավագույն վեցյակը եզրափակում է արտագնայում «Վալենսիային» նվազագույն հաշվով հաղթած «Սևիլիան»։ Ակումբն ունի 23 միավոր ու պակաս անցկացրած մեկ խաղ։
ԳԵՐՄԱՆԻԱ
Անցած օրերին այստեղ գավաթային կրքերն են եղել տիրապետողը, ինչ խոսք՝ մեկնարկային փուլի մակարդակով։ 1/16-ում տոն տվողները, բնականաբար, եղել են բարձրագույն դիվիզիոնի թիմերը, թեպետ բանն առանց անակնկալների չի ավարտվել։ Ինչևէ։
Հանդիպումներից առանձնացնենք մի քանիսը։ Դորտմունդի «Բորուսիան» պարտության է մատնել Բրաունշվեյգի «Այնտրախտին» (2։0), «Վոլֆսբուրգը»՝ «Սանդհաուզենին» (4։0), «Շալկեն»՝ «ՈՒլմին» (3։1), Մենխենգլադբախի «Բորուսիան»՝ «Էլսբերգին» (5։0), «Լայպցիգը»՝ «Աուգսբուրգին» (3։0)։ Անակնկալների շարքից են «ՈՒնիոն Բեռլինի» պարտությունը «Պադերբոռնից» (2։3), «Հոֆենհայմինը»՝ «Գրոյտեր Ֆյորտից»։ Այստեղ հանդիման հիմնական ու լրացուցիչ ժամանակն ավարտվել է 2։2 հաշվով, հետխաղյա 11-մետրանոցներում առավել հաջողակ են եղել հյուրերը։
ԱՆԳԼԻԱ
Անցած օրերը Մառախլապատ Ալբիոնում առանձնացան պրեմիեր լիգայի մեկ՝ «Չելսի»-«Վեստ Հեմ» և լիգայի մեկ քառորդի դիմակայություններով։ Առաջնության խաղում «ազնվականները» տոնեցին հաղթանակ՝ 3։0, ու 25 միավորով վերադարձան առաջին հնգյակ, որին հրաժեշտ էին տվել վերջին երկու խաղում ունեցած պարտությունների արդյունքում։
Գավաթային հանդիպումները ոչ պակաս հետաքրքիր էին։ Կարգով ավելի ցածր դիվիզիոն ներկայացնող «Բրենտֆորդը» պայքարից հանեց ընթացիկում բարձրագույն լիգա տեղափոխված «Նյուքասլին»՝ 1։0։
Առանձնակի հետաքրքրությամբ էր սպասվում «Արսենալ»-«Մանչեստր Սիթի» մրցակցությունը, հենց թեկուզ այն առումով, որ պրեմիեր լիգայում ակնհայտ վատ հանդես եկող զինագործները գոնե այստեղ պիտի փորձեին եղանակ ստեղծել։ Չհաջողվեց։ Ավելին՝ պարտությունը սպասվածից էլ դաժան էր։ Գվարդիոլայի սաներն իրենց համար արտագնա խաղում հաղթել են 4։1 հաշվով։
Կիսաեզրափակչում է նաև մանչեստրյան մյուս գրանդը՝ «Յունայթեդը», որն «Էվերտոնի» հետ մրցակցությունում խաղավարտին մոտ կարողացավ կոտրել վերջինիս դիմադրությունը՝ 2։0։
«Ստոկ Սիթի»-«Տոտենհեմ» դիմակայությունում առավել հաջողակը Մոուրինիոյի սաներն էին, որոնք տուն են դառնում հաղթանակով՝ 3։1։
ԻՏԱԼԻԱ
Արտակարգ սուր է եղել «Միլան»-«Լացիո» դիմակայությունը, որտեղ շատ արագ ձեռք բերված երկու գնդակի առավելությունը քիչ է մնացել չար կատակ խաղա տանտերերի գլխին։ Հյուրերին ընթացքում հաջողվել է վերականգնել հաշվի հավասարությունն ու խաղը տանել խաղաղ հանգուցալուծման, սակայն դրան ամեն ինչով նպաստած հյուրերի դարպասապահ Ռեյնան վերջին վայրկյանին անկարող է եղել չեզոքացնել Էռնանդեսի հարվածը։ 3։2 հաշվով հաղթանակը «Միլանին» տվել է միանձնյա առաջատարությունը շարունակելու հնարավորություն, քանի որ ժամեր առաջ Վերոնայում «Ինտերը» տեղի համանուն թիմի հետ մրցավեճում երեք միավոր էր վաստակել, 2։1 հաշվով հաղթանակ տոնել ու միավորների թիվը հասցրել 33-ի։ Մի խոսքով, «Միլանին» հաջողվել է ոչ միայն պահպանել «Ինտերի» նկատմամբ ունեցած մեկ միավորի առավելությունը, այլև մնալ սկուդետեի միակ թիմը, որն առայսօր ընթացիկ մրցաշրջանում չի կրել պարտություն։
«Ծեր սինյորայի» գլխավոր մարզիչ Անդրեա Պիռլոյի հետխաղյա խոստովանությունից պարզ է դառնում, որ պարտությունը այն անհոգության հետևանքն է, որով թիմը մտել էր խաղադաշտ։ Ակնհայտորեն իր չար գործն է արել տղաներին համակած նախատոնական տրամադրությունը, սակայն բանը միայն դրանով չի ավարտվել։ Սրան եկել է գումարվելու և այն, որ Կուադրադոյի կոպիտ խաղի պատճառով «Ֆիորենտինայի» հետ հանդիպման գերազանց մասը «Յուվենտուսն» անցկացրել է տասը հոգով։ Արդյունքում տնային խաղում պարտություն 0։3 հաշվով, նահանջ մրցաշարային աղյուսակում։ Ի միջի այլոց, սա թուրինցիների առաջին պարտությունն էր այս մրցաշրջանում։
Սեփական հարկի տակ «Թուրինի» հետ ոչ-ոքի խաղալով (1։1)՝ «Նապոլին» ակնհայտորեն վրիպեց և միանգամից երկու թիմի թույլ տվեց շրջանցել իրեն։ Դրանցից մեկը սեփական հարկի տակ «Կալյարիին» հաղթած «Ռոման» էր (3։2), մյուսը «Սամպդորիային» արտագնայում ծնկի բերած «Սասուոլոն»՝ 3։2։ Արդյունքում իտալական «գայլերը» մրցաշարային աղյուսակում երրորդն են 27 միավորով, 26-ն ունի «Սասուոլոն», 25-ը՝ «Նապոլին»։ Վերջինիս, դարձյալ մեկ միավորով պակաս, հաջորդում է Թուրինի «Յուվենտուսը», որը «Նապոլիի» պես մեկ խաղ պակաս է անցկացրել։
ՖՐԱՆՍԻԱ
Սկուդետեի հանդիպումներից ոչ պակաս «գժական» են եղել Լիգա-1-ի դիմակայությունները։ Նախապես ասենք, որ, առաջին երեք հորիզոնականում տեղաբաշխված թիմերը շարունակել են անմատույց պահել ունեցած դիրքերը՝ եռյակի մեջ եղած փոփոխությունները դարձնելով նեղ քննարկման առարկա։ Դրանից առանձնակի շահողը եղել է սեփական հարկի տակ «Նանտին» 3։0 հաշվով հաղթած «Լիոնը», որն էլ լրացուցիչ գործակիցների հաշվին երկրորդ հորիզոնական է մղել «Լիլին»։ Միանգամից նկատենք, որ վերջինս այդ տեղից էլ կզրկվեր, եթե «Մոնպելիեի» հետ արտագնայի վերջին րոպեներին չհաջողեցներ հաղթական գոլը՝ 3։2։
Մինչև 80-րդ րոպեն «Պարի Սեն Ժերմենը» «Ստրասբուրգին» հաղթում էր 1։0 հաշվով։ Հյուրերի համար ճակատագրական է եղել հանդիպման վերջին տասը րոպեն։ Այն ավարտվել է երեք գնդակ բաց թողնելով։
«Մեցին» հյուրընկալած «Ռենը» խաղից առավելագույնն է քամել՝ ի հաշիվ դիմակայության ընթացքում արձանագրված միակ գոլի։
«Անժ»-«Մարսել» մրցակցությունում ուժեղ են եղել տանտերերը՝ 2։1։ Ի դեպ վերջին երեք խաղում սա մարսելցիների երկրորդ պարտությունն էր ու այլևս նրանց համար չի գործում պոտենցիալ լիդեր հաշվարկը, որքան էլ իրենցից վերև եղածների նկատմամբ ունեն պակաս անցկացրած երկու խաղի առավելություն։
«Լիոնն» ու «Լիլն» ունեն 36-ական, «Պարի Սեն Ժերմենը»՝ 35, «Ռենը»՝ 31, «Մարսելը»՝ 28 միավոր։
Մարտին ՀՈՒՐԻԽԱՆՅԱՆ