Ռուսաստանի Պենզա քաղաքում կայացել է օլիմպիական խաղերի չեմպիոն Միխայիլ Վորոնինի գավաթի 27-րդ խաղարկությունը։ Հայաստանը ներկայացրել են Եվրոպական խաղերի չեմպիոն Արթուր Դավթյանն ու Արմեն Պետրոսյանը։ Արթուրը հիանալի է հանդես եկել ինչպես բազմամարտում, այնպես էլ առանձին գործիքների եզրափակիչներում՝ նվաճելով 4 ոսկե և 2 բրոնզե մեդալ, իսկ բանակից զորացրված Արմենը, ում համար սա ծառայությունից հետո առաջին միջազգային մրցաշարն էր, նվաճել է 1 բրոնզե մեդալ։
Բազմամարտում Դավթյանն անգերազանցելի է եղել 82,899 միավորով և դարձել ոսկե մեդալակիր։ Առանձին գործիքների եզրափակիչներում Արթուր Դավթյանը ոսկե մեդալակիր է դարձել նժույգաթափերում, հենացատկում և ազատ վարժությունում։ Հայաստանի բազմակի չեմպիոնը երկու բրոնզե մեդալ էլ նվաճել է օղակների և պտտաձողի եզրափակիչներում, իսկ Արմեն Պետրոսյանը բրոնզե մեդալակիր է դարձել զուգափայտերի վարժությունում։
Մարտին ՀՈՒՐԻԽԱՆՅԱՆ