Արցախը, ռուս խաղաղապահների անմիջական օժանդակությամբ, իր հարցերն է լուծում: Շատ դանդաղ, բայց կյանքը հունի մեջ է ընկնում: Ընկերաբար, տեղացիների հետ խորհրդակցելով՝ խաղաղապահները փորձում են վերացնել առկա բոլոր խնդիրները՝ շինարարակական աշխատանքներ, հաղորդակցության վերականգնում, ճանապարհների վերանորոգում և այլն: «Իրատեսի» հետ զրույցում արցախցի պաշտոնյաներից մեկն ասաց, որ ռուս խաղաղապահների հետ համագործակցությունը, աշխատելը, ի տարբերություն Հայաստանի, շատ ավելի լավ ու էֆեկտիվ է ստացվում:
«Կապիտուլյացիայի մասին տխրահռչակ հայտարարությունից հետո փորձում ենք պահել հայրենիքի այն փոքրիկ մասը, որը մնացել է: Օրնիբուն աշխատում ենք, կառուցում ենք, բարեկարգում, այլ ելք ուղղակի չկա: Եթե ուզում ենք փրկել մնացածը, հզորանալ ու մի քանի տարի անց նորից ոտքի կանգնել, այժմ տքնաջան պետք է աշխատենք, ինչն էլ անում ենք: Թե չէ սպասել, որ բանակցությունները կսկսվեն, ու ինչ-որ հարցեր գուցե կհստակեցվեն, միամտություն է: Պարզ է, որ հաղթած երկիրը բանակցություն չի սկսի պարտված երկրի հետ: Հետևաբար, նոր բանակցող է պետք, որ բանակցությունների հարցով նախաձեռնող կլինի: Փաշինյանն օր առաջ պետք է գնա, այստեղ դա բոլորս ենք հասկանում: Այս ամենի միակ պատասխանատուն, մեղավորն ու տարաբնույթ գործընթացների (բանակցություններից մինչև սահմանազատում) դանդաղեցման միակ պատճառը նա է»,- նշում է նա:
Մեր զրուցակիցը վստահեցնում է՝ քանի դեռ Փաշինյանը չի գնացել, Արցախում իրենք «ո՛չ խաղաղություն, ո՛չ պատերազմ» մթնոլորտում են ապրելու: Չգիտեն՝ վաղը հայրենիքի ինչ հատված թշնամին կարող է իրենով անել: Ինչ վերաբերում է Արցախի ներքաղաքական իրավիճակին, պաշտոնյան այսպես է մեկնաբանում. «Բոլորս մի կողմ ենք դրել քաղաքական ամբիցիաներն ու փորձում ենք անել հնարավորը՝ հանուն երկրի կայունացման: Այն, որ Արայիկ Հարությունյանը պետք է գնա, քննարկման ենթակա չէ, ուղղակի հիմա դրա ժամանակը չէ: Նախագահի հրաժարականից հետո, ըստ Սահմանադրության, մինչև արտահերթ ընտրությունների նշանակումն ԱԺ նախագահն է կատարելու նրա գործառույթները: Դա ժամանակատար գործընթաց է, և հիմա, երբ երկիրը հազար ու մի խնդիր ունի, արտահերթ ընտրություններ կատարելու ժամանակ ու ռեսուրս պարզապես չկան: Երբ գոնե փոքրիշատե հանդարտվենք, ամեն ինչ հունի մեջ ընկնի, Հարությունյանը կլքի նախագահականն ու էլ չի վերադառնա»:
Սևակ ՎԱՐԴՈՒՄՅԱՆ