«Իրատեսի» հարցերին պատասխանում է կառավարման փորձագետ, ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության տնտեսական հարցերով հանձնաժողովի քարտուղար ԿԱՐԵՆ ՍԱՐԳՍՅԱՆԸ։
-Էկոնոմիկայի նորանշանակ նախարարը չի բացառում, որ մոտ ապագայում Հայաստանի ու Ադրբեջանի միջև կարող է առևտրաշրջանառություն իրականացվել: Թե՛ տնտեսական, թե՛ քաղաքական առումով տրամաբանությանը մո՞տ բան է ասում նորանշանակ նախարարը:
-Առևտրի ոլորտն ինքնին իհարկե կարևոր է տնտեսության համար, բայց անկյունաքարային չէ։ 21-րդ դարում, ահռելի հնարավորությունների և բարձր տեխնոլոգիաների առկայության պայմաններում, շարունակել առաջ տանել 16-րդ դարի մերկանտիլային թեզը և երկրի տնտեսական զարգացման առանցքը պատկերացնել բացառապես առևտրի զարգացման մեջ, խոսում է պետական մակարդակով տնտեսության զարգացման խիստ սահմանափակ պատկերացում ունենալու մասին: Առանձնապես զարմանալի չէ, որ ոչ միայն էկոնոմիկայի նախարարը, որոշ պետական այրեր ևս խանդավառված են Ադրբեջանի և Թուրքիայի հետ հնարավոր առևտրային հարաբերություններ հաստատելու հեռանկարով: Ինքս այն համոզմանն եմ, որ այդ խանդավառությունը, բախվելով քաղաքական մի շարք օրակարգային հիմնախնդիրների, արագորեն էլ հօդս է ցնդելու։ Համոզմունքս հիմնավորող ընդամենը մի քանի փաստարկ նշեմ. Լաչինում ադրբեջանական զորքերի տեղակայման հարցի բարձրաձայնում, Ադրբեջանի հավակնությունները Տավուշի մարզի մի շարք գյուղերի նկատմամբ, Թուրքիայի ծավալապաշտական նկրտումները տարածաշրջանում և այլն։ Սրանք այնպիսի հարցեր են, որ անխուսափելիորեն հանգեցնելու են տարածաշրջանում լարվածության պահպանման, հնարավոր է՝ նույնիսկ աճի։ Նման պայմաններում միջպետական առևտրային հարաբերությունների մասին խոսելը ոչ միայն ժամանակավրեպ է, այլև զուրկ տրամաբանությունից: Ադրբեջանի հետ առևտրաշրջանառություն իրականացնելն անթույլատրելի է նաև բարոյական տեսանկյունից, մանավանդ, երբ հարյուրավոր զոհված և անհայտ կորած զինծառայողներ, ռազմագերիներ ունենք, որոնց հանդեպ հակառակորդը դաժան և անմարդկային վերաբերմունք է ցուցաբերում, ավելին՝ այդ տեսանյութերով հեղեղում է համացանցը։ Նման հայտարարությունները, բացի չհիմնավորված լինելուց, նաև ռիսկային են՝ նոյեմբերի 9-ին տխրահռչակ և խայտառակ համաձայնագրի ստորագրումից հետո երկրում առկա ներքաղաքական գերլարված մթնոլորտն էլ ավելի թեժացնելու առումով։ Առավել հակված եմ կարծելու, որ նման հայտարարություններն իշխանության համար ինքնասփոփանքի և խայտառակ համաձայնագրի ստորագրումն արդարացնելու ապարդյուն փորձեր են։
-Այդ հայտարարությանը զուգահեռ՝ այս տարվա դեկտեմբերի 30-ից թուրքական մի շարք ապրանքների ներմուծումը Հայաստան արգելվելու է: Ինչպե՞ս դա կազդի տնտեսության վրա:
-Թուրքիայի հետ առևտրաշրջանառության ծավալն այդքան էլ մեծ չէ, այն կազմում է Հայաստանի ընդհանուր ապրանքաշրջանառության շուրջ 3,5 տոկոսը։ Ընդ որում, ներկրումը զգալիորեն գերակշռում է արտահանմանը։ 2019-ին Թուրքիայից Հայաստան ներկրվել է 270 մլն, իսկ Հայաստանից Թուրքիա արտահանվել է ընդամենը 2,2 մլն դոլարի արտադրանք։ Փաստացի տարբերությունն ակնհայտ է՝ ավելի քան 120 անգամ։ Ներկրման ծավալները տարեցտարի ավելացել են, իսկ արտահանումը նվազել: Անցած տարվա դրությամբ Թուրքիայից Հայաստան ներկրումն ավելացել է 6,1, արտահանումը նվազել 12,3 տոկոսով։ Անդրադառնալով թուրքական ապրանքների ներմուծման արգելքին՝ ընդգծեմ, որ սահմանափակումների մասին պետք էր վաղուց մտածել՝ ձևավորելով աշխարհաքաղաքական իրավիճակից բխող տնտեսական անվտանգության հայեցակարգ։ Նման հարց, բնականաբար, ո՛չ քննարկվել, ո՛չ էլ իրականացվել է: Մենք սպասեինք պատերազմ լիներ, նո՞ր հիշեինք թուրքական ապրանքների մասին։ Սա այն դեպքում, երբ Թուրքիան ավելի քան 26 տարի շրջափակման մեջ է մեզ պահում՝ դա պատճառաբանելով Արցախյան հիմնահարցով։ Ինչևէ, ունենք այն, ինչ ունենք։ Կարծում եմ՝ թուրքական ապրանքների արգելքն էական ու մեծ ազդեցություն չի ունենալու Հայաստանի տնտեսության վրա։ Բայց նաև պետք է հաշվի առնել, որ թուրքական ապրանքներ ներկրող տնտեսավարողներին որոշակի ժամանակ կպահանջվի, որպեսզի վերջիններս հնարավորություն ունենան վերափոխելու գործարար հարաբերությունները։ ՈՒստի, գործարարները պետք է հնարավորինս արագորեն նախաձեռնողականություն ցուցաբերեն, նոր կապեր հաստատեն ու համագործակցության նոր շուկաներ գտնեն:
-Սոթքի հանքավայրի հարցը դեռևս առկախված է մնում: Գիտենք՝ այն շահագործող կազմակերպությունը ՀՀ 4-րդ հարկատուն է, տարածաշրջանում աշխատատեղեր ապահովող ամենախոշոր ընկերությունը: Պատերազմի սկսվելուց ի վեր հանքի աշխատանքը, անվտանգությունից ելնելով, կանգ է առել. ի՞նչ վտանգներ ու ռիսկեր կբերի իր հետ հանքի չշահգործումը:
-Փաստորեն, նոյեմբերի 10-ի տխրահռչակ համաձայնագրով թշնամուն հանձնվեց ոչ միայն Քարվաճառի շրջանը, այլև Սոթքի ոսկու հանքավայրի կեսը։ Հանքի չշահագործումը, միանշանակ, էական ազդեցություն կունենա պետական բյուջեի եկամուտների հավաքագրման վրա։ Հաշվի առնելով տարածաշրջանային առկախված ռիսկերը՝ դեռ հարց է. նման պայմաններում մոտ ապագայում հանքը հնարավոր կլինի՞ շահագործել։ Եթե անգամ «Սոթքը» մոտ ժամանակներում հնարավոր լինի գործարկել, միևնույն է, պետական բյուջե վճարվող հարկերի ծավալը կրճատվելու է, քանի որ կիսով չափ կրճատվել է նաև հանքի տնտեսական հզորությունը: Շահագործման համար, անվտանգության հետ կապված խնդիրներից բացի, ենթակառուցվածքների ու հանքը բնականոն աշխատանքային վիճակի բերելու հետ կապված բազմաթիվ այլ խնդիրներ էլ կան։ Ճիշտ նշեցիք, որ Գեղարքունիքի մարզի ամենախոշոր ընկերությունն է, ինչի գործունեության դադարը կնշանակի աշխատատեղերի կրճատում ու դրանից բխող սոցիալ-տնտեսական մի շարք այլ խնդիրներ՝ աղքատության մակարդակի բարձրացում, արտագաղթ և այլն։
Հավելեմ նաև, որ թե՛ տարածաշրջանը ցնցած ռազմական գործողությունները, թե՛ անվտանգության հետ կապված խնդիրները, թե՛ հանքի շահագործման հետ կապված անորոշությունները բացասական ազդակ են լինելու ներդրումային միջավայրի համար, որ առանց այն էլ վերջին 2 տարվա ընթացքում ոլորտի բարձիթողի վիճակի և ոչ կոմպետենտ պետական կառավարման հետևանքով լուրջ հետընթաց է ապրել։
-Հետպատերազմական երկրում, գիտենք, տնտեսությունը սովորաբար շոկային տարբեր ալիքների է ենթարկվում: Հիմա ի՞նչ ալիք է մեզ հետապնդում, ու ինչի՞ պատրաստ լինենք մոտ ապագայում:
-Նախ նշեմ, որ պատերազմի ամբողջ ընթացքում Հայաստանը պայքարում էր երկու ճակատով՝ կորոնավիրուսն ու ադրբեջանա-թուրքական պատերազմը։ Բնականաբար, սա էլ ավելի էր վատթարացնում Հայաստանի տնտեսության վիճակը։ Ըստ կանխատեսումների՝ 2020-ի տնտեսական անկումը, մասնավորապես հարկային եկամուտների կրճատումը, պետական բյուջեի պակասուրդը և պետական պարտքի աճի ծավալներն ավելի մեծ կլինեն, քան այն ցուցանիշները, որոնք ընկած են պատերազմից հետո փոփոխված 2020-ի պետական բյուջեի հիմքում: Տնտեսական ակտիվության նվազման, համախառն պահանջարկի անկման և հարկային եկամուտների նվազման հետևանքով պետական բյուջեի պակասուրդը կաճի շուրջ 135 մլրդ դրամով՝ կազմելով ՀՆԱ-ի 7,4 տոկոսը, ինչն էլ իր հերթին պետական պարտքի բեռի անխուսափելի աճ է ենթադրում: Եթե դիտարկենք ռազմական գործողությունների կարճաժամկետ ազդեցությունը Հայաստանի տնտեսության վրա, կարող ենք արձանագրել, որ սեպտեմբերի համեմատ, հոկտեմբերին մակրոտնտեսական հիմնական ցուցանիշների զգալի մասի գծով անկում է նկատվել։ Մասնավորապես, տնտեսության ակտիվության ցուցանիշը նվազել է 4,9, առևտրի շրջանառությունը՝ 13,4, ծառայությունների ծավալը՝ 2,9, էլեկտրաէներգիայի արտադրությունը՝ 1,8, արտահանումը՝ 12,9, միջին ամսական անվանական աշխատավարձը՝ 1,9 տոկոսով։ Մի քանի ցուցանիշների գծով է միայն դրական չնչին դինամիկա արձանագրվել՝ արդյունաբերական արտադրանքի ծավալն աճել է 3,2, շինարարության ծավալը՝ 3, ներմուծումը՝ 1,2 տոկոսով։ Նոյեմբեր-դեկտեմբեր ամիսների ցուցանիշները ևս բացասական կլինեն, իսկ տնտեսական անկման ցուցանիշը, իմ դիտարկումներով, այս տարվա կտրվածքով կարող է հատել 10 %-ի բացասական շեմը։
-Արցախի հանքերի գերակշիռ մասն անցել է Ադրբեջանին, էլ չենք խոսում գյուղատնտեսական նշանակության հողերի, պտղատու այգիների, տարբեր գործարանների, հէկերի և այլնի մասին: Այս ամենի կորուստն ի՞նչ է նշանակում ոչ միայն Արցախի, այլև Հայաստանի տնտեսության համար:
-Եթե նախկինում Արցախը, քիչ թե շատ ռեսուրսներ ունենալով, որոշակի չափով ի վիճակի էր ինքնուրույն սոցիալ-տնտեսական քաղաքականություն վարելու, ապա ներկայիս կորուստների և ռեսուրսների խիստ սահմանափակ լինելու պայմաններում կուտակված սոցիալ-տնտեսական հիմնախնդիրների լուծումը միանշանակ կախված է լինելու Հայաստանի կառավարությունից։ Դա նշանակում է, որ Հայաստանի պետական բյուջեն, որի եկամուտներն առանց այն էլ զգալիորեն նվազել են, նոր ծախսերի բեռան տակ է հայտնվելու։ Կառավարությունը ստիպված է լինելու ընդլայնել պետական պարտքի բեռը, ինչը մինչ պատերազմի ավարտը հասել էր 67 %-ի։ Այդ ցուցանիշը, պարզ է, անխուսափելիորեն ավելի է աճելու, իսկ դա խիստ ռիսկային է ու կարող է ֆինանսական անկայունության, պետության դեֆոլտի աճի և Հայաստանի տնտեսության միջազգային վարկանիշի անկման հանգեցնել:
Բացի մակրոմակարդակից, խնդիրներ են առաջանալու նաև միկրոմակարդակներում։ Օրինակ, եթե մինչև պատերազմն Արցախը ցորենի իր պաշարով կարող էր բավարարել ոչ միայն ներքին պահանջարկը, այլև որոշակի քանակով ցորեն Հայաստան արտահանել, այժմ Հայաստանը ստիպված է լինելու ընդլայնել արտերկրից ցորենի ներկրումների ծավալները՝ ապահովելու թե՛ իրեն, թե՛ Արցախին:
Զրույցը՝
Սևակ ՎԱՐԴՈՒՄՅԱՆԻ