ՀՀ ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը նամակով դիմել էր ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրենին՝ ներկայացնելով Շուշիի Սուրբ Ամենափրկիչ Ղազանչեցոց վանքի հրետակոծման փաստերը, անդրադարձել էր նաև հայկական քաղաքակրթական առանցքային արեալներից Նախիջանում հայկական մշակութային ժառանգության բնաջնջմանը: Նախարարը կոչ է արել վճռականորեն և խստագույնս դատապարտել ադրբեջանական շարունակական ագրեսիան, քաղաքացիական բնակչության թիրախավորումը, մշակութային ցեղասպանությունը, որի զոհ կարող են դառնալ Արցախի Հանրապետության շուրջ 4 հազար հուշարձաններ:
Պատասխանը չի ուշացել: ՅՈՒՆԵՍԿՕ-ն մտահոգություն է հայտնել ԼՂ հակամարտության վերաբերյալ՝ բոլոր կողմերին կոչ անելով կատարել միջազգային հումանիտար իրավունքով ստանձնած պարտավորությունները` կանխելու վնասի պատճառումը ցանկացած մշակութային ժառանգությանը:
ՅՈՒՆԵՍԿՕ-ն նաև կողմերին կոչ է անում զերծ մնալ երեխաների, ուսուցիչների, կրթական անձնակազմի կամ դպրոցների վրա ցանկացած հարձակումից կամ վնաս հասցնելուց և ապահովել կրթության իրավունքը: Կառույցը պատրաստակամ է նաև իր լիազորությունների շրջանակում անհրաժեշտ օգնություն ցուցաբերել` աջակցելու այդ հանձնառությունների և պարտավորությունների կատարմանը:
Ադրբեջանի ձեռագիրն այլ բան է ասում: Վկան՝ չհայտարարված պատերազմը, խաղաղ բնակչության ու ենթակառուցվածքների թիրախավոումը, հայտարարված հրադադարի ժամանակ չդադարող ագրեսիան, վանդալիզմի փորձված ու բնածին մղումը:
Դրան հակառակ՝ Արցախում վերականգնել են Շուշիի «Գյովհար Աղայի» (Վերին Ջումա) կիսաքանդ մզկիթը:
Դրան հակառակ՝ Արցախի նախագահը նախազգուշացնում է Ադրբեջանի բնակչությանը՝ արագ լքել թիրախավորված քաղաքները՝ հնարավոր կորուստներից խուսափելու համար:
Բոլոր կողմերին ուղղված կոչերի ձայնը խլանում է չդադարող ռմբակոծությունների աղմուկի տակ:
Արմինե ՍԱՐԳՍՅԱՆ