Իշխանությունը կրկին արդարադատությունը իբր բարեփոխելու գործընթացներին է վերադարձել։ Այդպես էլ բոլորին անհայտ մնացած վեթինգը նորից արթնացրել են, բայց էլի իշխանության քայլերի մեջ տրամաբանություն գտնելը չափազանց բարդ գործ է։ Չխորանալով իրավական կարգավորումների մեջ, մասնագետներն արդեն բավականին հանգամանորեն խոսում են, թե իշխանությունը հերթական անգամ ինչ անպատրաստ քայլեր է անում, արձանագրենք, որ շատ հետաքրքիր մի բան է երկրում կատարվում։
Ինչ արդարադատություն են ուզում փոխել, երբ այսօր այդ համակարգը գլխավորապես առաջնորդվում է քաղաքական նպատակահարմարությամբ, երկրում իրավական միտքը զրոյական վիճակում է։ Բոլոր քրեական գործերի հիմքը քաղաքական է, մինչդեռ երբ նույն դատական իշխանություններից հետաքրքրվում ես երկրի վարչապետի՝ այս ոլորտին վերաբերվող հայտարարությունների մասին՝ սկսած վնգստացող դատավորներից մինչև դատարանների շրջափակումը, ասում են, թե դրանք քաղաքական հայտարարություններ են։ Այն, որ իրենք ի սկզբանե առաջնորդվում են հենց քաղաքական հրահանգներով, վճիռներ են կայացնում քաղաքական վերնախավի ուղիղ պարտադրանքով, հեչ, բայց որ պիտի մասնագիտական գնահատական տան, հիշում են իրավաբանությունը։
Սակայն նրանց էլ հասկանալ կարելի է, որովհետև ոչ մեկը չի մոռացել Նիկոլ Փաշինյանի հայտնի սպառնալիքը՝ կա՞ մի դատավոր, որ իր ասածը չի անելու։ Հիմա այս համակարգը կրակն է ընկել՝ մի կողմից անտրամաբանական հրահանգներ, մյուս կողմից մասնագիտությանը դավաճանել ու մասնագիտական հանրույթի պարսավանքին արժանանալ։ Ու այս վիճակում իշխանությունը չգիտես, թե էլ ինչ է ուզում անել իրավական համակարգի հետ, խեղճ դատավորներն էլ ի՞նչ անեն, որ օրվա իշխանության ղեկավարին գոհացնեն։
Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆ