Իմքայլական պատգամավորները ոչ միայն իրենց, այլև խորհրդարանի ու պետության վարկանիշն են գցում
01.05.2020 | 00:25
Քաղաքականությամբ զբաղվելը գայթակղություն է, երբեմն չես էլ զգում, թե ինչպես ես մոլորության մեջ հայտնվում, պաշտոնից գլուխդ սկսում է պտտվել, գործընկերներիդ ասածները չես լսում, բազմակարծության նկատմամբ անհանդուրժող վերաբերմունք ես ցուցաբերում: «Իրատեսի» հետ զրույցում նման տեսակետ հայտնեց «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր ԱՆԻ ՍԱՄՍՈՆՅԱՆԸ, հստակեցնելով` վերոնշյալ հատկանիշները բնորոշ են պոպուլիստական իշխանություններին, որ կարծում են, թե միայն իրենք են ժողովրդին ներկայացնում: Մեր իշխանությունը նույնպես պոպուլիստական է, ասում է Սամսոնյանը, իշխանության ներկայացուցիչ իմ գործընկերները ծուղակում են հայտնվել, դադարել են լսել այլակարծությունը, ամբարտավան ու մեծամիտ են դարձել:
«Մտածում են՝ եթե մանդատ ունեն, ապա իրավասու են մոտենալու երկրի թիվ մեկ քաղաքական ամբիոնին ու այնպիսի բաներից խոսելու, որ կարող են վնասել պետական ինստիտուտներին, արժեքներ ոտնահարել, մեզ՝ իրենց գործընկերներին, վիրավորել և այլն: Այս ամենը ցույց է տալիս, որ նրանք գլխապտույտ ունեն: Նման մարդիկ վտանգավոր են պետության և հասարակության համար, որովհետև, երբ մարդ կորցնում է ողջամտությունն ու ընդդիմախոսին փորձում նսեմացնել, թիրախավորում նրա անձն ու զրպարտում, վիրավորելով նրան, ապա թունավորում է քաղաքական դիսկուրսը: Սա անչափ վտանգավոր երևույթ է: Ի վերջո, Ազգային ժողովի ամբիոնը նաև դաստիարակող հատկություն ունի, մեզ լսում են բազմաթիվ քաղաքացիներ ու օրինակ վերցնում մեզնից: Խորհրդարանում, իհարկե, քաղաքականապես սուր մտքեր կարող ես արտահայտել, քաղաքական «մեսիջներ» հղել, բայց դա անձնական վիրավորանքի տիրույթ տանելն անթույլատրելի է: Հատկապես այն իշխանության կողմից, որն ասում է, թե եկել է արժեհամակարգային փոփոխություններ իրականացնելու»,- ընդգծում է նա:
Պատգամավորին չի զարմացրել այն հանգամանքը, որ «Իմ քայլի» կին գործընկերները չեն դատապարտել Ազգային ժողովի փոխնախագահ Ալեն Սիմոնյանի՝ իրեն ուղղված վիրավորական արտահայտությունը: Վստահեցնում է՝ ծանր չի տարել, քանի որ առանձնապես մեծ ակնկալիքներ չի էլ ունեցել նրանցից. գործընկերներն իրենց ազատ խոսքի և մտքի տերը չեն, հասարակությունը բաժանել են սև ու սպիտակի, անգամ օրենքներն են դիտարկում այդ տիրույթում. «Եթե երկու տարի անընդմեջ ասեմ, որ մածունը սև է կամ սպիտակ, ապա որոշ ժամանակ անց նույն վերաբերմունքն եմ ակնկալելու նաև այն մարդկանցից, որոնց համոզում եմ, թե մածունն ինչ գույնի է: Սոցիալական ցանցերում գրառումներ տեսա, որ պատգամավորները գնահատում էին Ալեն Սիմոնյանի ներողություն խնդրելու հանգամանքը, ինչը իհարկե ողջունելի է, բայց եթե խորհրդարանական ամբիոնից ինչ-որ արժեքներ փչացնում ես, ապա նույն ամբիոնից պետք է փորձես վերականգնել դրանք»:
ԼՀԿ-ականը շեշտում է՝ նոր որակի խորհրդարան ունենալ չի հաջողվում, թեև ինքը նույնպես քաղաքական բավական հասունություն չունի, դրա կայացման ճանապարհին է, բայց մեծամասնության ներկայացուցիչները, պարզվում է, անձնական հասունություն էլ չունեն: Հետևաբար չի կարող պնդել, թե 7-րդ գումարման պառլամենտը կարող է հավակնել լավագույնը լինելուն: «Բազմիցս ենք փորձել համագործակցել մեր գործընկերների հետ, բայց չի ստացվել, որովհետև սահմաններ կան, որ չպիտի անցնել: Այդ սահմաններն են վիրավորանքը, զրպարտությունը, անհանդուրժողականությունը: Պոպուլիստ իշխանությունը կարծում է, թե միայն ինքն է ներկայացնում ժողովրդին: Երբ ամբիոնի մոտից հայտարարում ենք, որ այս օրերին տարբեր քաղաքացիներից զանգեր ենք ստանում, «Իմ քայլի» մեր գործընկերները դա չեն ուզում լսել: Չեն կարողանում հաշտվել, որ մարդիկ նաև այլ ուժերի կարող են դիմել: Քաղաքականությունը, այո, նաև մրցակցություն է, բայց դա պետք է բարեկրթության սահմաններում լինի: Պետք է ոչ թե սկանդալներ ստեղծել, այլ ընդդիմության քննադատության հետ հաշվի նստել, դասեր քաղել, փորձել ավելի ճիշտ լուծումներ գտնել: Բայց եթե ամեն բան շարունակվի նույն ոճով, ապա նրանք ոչ միայն իրենց, այլև խորհրդարանի ու պետության վարկանիշն են գցելու»:
Սևակ ՎԱՐԴՈՒՄՅԱՆ
Հեղինակի նյութեր
Մեկնաբանություններ