«Արտակարգ դրության պայմաններում այլ երկրներում չենք տեսնի ազատ խոսքի այսպիսի սահմանափակում»
24.03.2020 | 01:10
Երեկ Աժ-ն վավերացրեց մի օրենք, որով պատասխանատվության են ենթարկվելու այն անձինք, որոնք կխախտեն մեկուսացման և ինքնամեկուսացման պահանջները։ Պատիժը բավական խիստ է՝ ընդհուպ 5 տարվա ազատազրկում։ Իրավաբանները միանշանակ չեն գնահատում այս օրենքը և դրանում խնդիրներ են տեսնում։ ԱԺ նախկին պատգամավոր, իրավաբան ԷԼԻՆԱՐ ՎԱՐԴԱՆՅԱՆԻՆ անհանգստացնում է օրենքում առկա անորոշությունը։
-Իրավական առումով ցանկացած օրենքում, իսկ այս դեպքում` կոնկրետ քրեական օրենսգրքում, նորմերը պետք է լինեն որոշակի,- ասաց տիկին Վարդանյանը։- Մինչդեռ նախագծի ձևակերպումները տարընթերցումների տեղիք են տալիս, ինչը կամայականությունների պատճառ կարող է դառնալ։ Այսպիսի անորոշ ձևակերպումներով անթույլատրելի է մարդկանց համար պատասխանատվություն սահմանել, այն էլ ազատազրկման երեք տարի ժամկետ նախատեսող շեմով։ Մյուս կողմից՝ արտակարգ դրության ռեժիմի պայմաններում մեկուսացման և ինքնամեկուսացման պահանջների խախտման համար քրեական պատասխանատվության սահմանում միջազգային պրակտիկայում գրեթե չի հանդիպում։ Ի տարբերություն միջազգային կարգավորումների, որոնք համակարգային խնդիրների լուծումներ են նախատեսում, մենք փորձում ենք հատվածական լուծումներ տալ, ինչն ավելի շատ խնդիրներ է առաջացնելու հատկապես իրավակիրառ պրակտիկայում։
-Արտակարգ դրության պայմաններում խիստ սահմանափակումներ կան ԶԼՄ-ների հանդեպ։ Ինչո՞վ է պայմանավորված ազատ խոսքի հանդեպ այս զգուշավորությունը։
-Ինձ համար պարզ չէ, թե ԶԼՄ-ների, թե ֆիզիկական անձանց ազատ խոսքի արտահայտման ազատության սահմանափակումն ինչքանով է անհրաժեշտ համաճարակի կանխարգելման, համաճարակային իրադրության պայմաններում բնակչության առողջության պահպանման համար, առավել ևս, որ առկա են ավելի հրատապ լուծում պահանջող մի շարք խնդիրներ։ Նույն արտակարգ դրության պայմաններում այլ երկրներում չենք տեսնի ազատ խոսքի այսպիսի սահմանափակում։ Շատ դժվար է որոշել, թե ինչ չափանիշների հիման վրա են տարածվող տեղեկատվությունը որակում որպես խուճապային իրադրություն ստեղծելու վտանգ պարունակող։ Այս հարցում հստակության բացակայությունը հարվածի տակ է դնում ժողովրդավար և իրավական պետության բարձրագույն արժեքներից մեկը՝ մարդու հիմնարար իրավունքներից խոսքի ազատությունը:
-Այսօր խուճապ տարածելու անվան տակ հեռացվում են հոդվածներ, անգամ ֆեյսբուքյան գրառումներ։ Սակայն իշխանության որոշ հայտարարություններ Ձեզ մոտ ավելի շատ խուճապ չե՞ն առաջացնում։
-Նախ` ինչպես են որոշում, թե որ գրառումն է խուճապ տարածում, որը՝ ոչ։ Կամայականության սկզբունքով խուճապի դեմ պայքարը, ԶԼՄ-ների, ինչպես նաև սոցիալական ցանցերում քաղաքացիների գրառումները հեռացնելը ավելի մեծ խուճապի հիմք կարող են դառնալ։ Մարդկանց մեջ օբյեկտիվորեն կարող է հարց ծագել. արդյոք այդ կերպ նրանցից չե՞ն փորձում թաքցնել կարևոր տեղեկատվություն։ Իսկ իշխանության առանձին հայտարարություններ իսկապես կարող են խուճապի ավելի լուրջ առիթ դառնալ։ Համենայն դեպս այդպիսի հայտարարությունների արդեն իսկ ականատես ենք եղել։
Ճեպազրույցը՝
Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆԻ
Հեղինակի նյութեր
Մեկնաբանություններ