80-ականներին դեռևս այլ երկրում, այլ արժեհամակարգի պայմաններում էինք ապրում, երբ դեռ «Մարդը մարդուն գայլ է» բանաձևումը որպես գրքային բնութագրում էր ընկալվում, երբ անհատի բարոյական կերպարի վեհությունն ընդգծող հասկացությունները կյանքի հետնամուտք մղված գաղափարներ չէին, երբ մեծին հարգելն առաքինության, դաստիարակության, կրթվածության չափանիշ էր, երեխաների նկատմամբ հոգատարությունը՝ կյանքի նորմ։ Ահա այս ինչ-որ տեղ անգամ հովվերգական ժամանակներն էին, երբ կայծակի արագությամբ տարածվեց հայաստանյան բնակավայրերից մեկում վրեժխնդրական նկատառումներով երեխաներ առևանգելու, այս կերպ նրանց ծնողների հետ հաշվեհարդար տեսնելու լուրը։
ՈՃՐԱԳՈՐԾՈՒԹՅԱՆ ԴԱԺԱՆ ԴԵՄՔԸ
Հասարակությունը ցնցված էր չարագործների առանձնակի դաժանությունից։ Ձեռք էր բարձրացվել հայ ու առհասարակ յուրաքանչյուր ողջամիտ մարդու սրբություն սրբոցի՝ ընտանիքի, այդ սրբություն սրբոցի գերսրբության՝ երեխաների վրա։ Հասարակությունն այնքան էր զարհուրած եղկելի փաստից, որ, հակառակ օրենքի հանդեպ եղած հարաբերական վստահությանը, ամենուրեք ինքնադատաստանի կոչեր էին հնչում։
90-ական թվականները բերեցին նոր չափումներ։
Այդ թվում և արժեհամակարգային ընկալումների ու կողմնորոշումների։
Զանգվածային լրատվության, հաղորդակցության բոլոր հնարավոր միջոցները գիտությամբ թե անգիտությամբ, դիտավորությամբ թե ոչ, խորապես ընկալված թե ենթագիտակցականի մակարդակով կառավարվող, օրվա հերոս էին դարձնում տականքին, քրեական ենթամշակույթ կրողին, շքամուտքերի ու ծառերի տակ երբեմնի պպզողին, ուրիշի տունը թալանողին, զոռբային (թվարկումն իր որակումների մեջ կարող եք անվերջ շարունակել), հասարակության ու, որ առավել վտանգավորը, սարսափելին էին, մատաղ սերնդի գիտակցության մեջ լավ տղու կերպար էին դաստիարակում «բան է էղե՜՞լ, ապե՜», «համարները հանենք, իջնենք ձորը» այս ու սրանց նման թվացյալ անմեղ արտահայտությունները ենթագիտակցականի կողքին գիտակցություն դարձնելու ուղղորդված շեշտադրումով։
Խեղվում էին, անդառնալորեն խեղվում էին բարոյական բարձր արժեքները, դրանք դարձվում ծաղրի առարկա, դեգրադացվում էր հասարակությունը մանկուրտի վերածելու, զոմբի դարձնելու հստակ նպատակադրմամբ։
ՀԱ, ԲԱՆ ԵՄ ԳՏԵԼ ՈՒ ԲԱՆ ԵՄ ԱՍՈՒՄ
Կորոնավիրուսի տագնապների մեջ ապրող հասարակության զգալի հատված կգտնվի, որ կասի՝ մեր սև սիրտ, քո... բա՜ն է գտել, բա՜ն է ասում։
Հա՛, բա՛ն եմ գտել ու բա՛ն եմ ասում, որովհետև քրեական օրենսգրքի հետ սերտ աղերսներ ունեցող «էսօր փողս չուղարկիր, մարդ ա մեռնելու», «ուզում ե՞ս երեխեքին անհանգստացնենք» մտքերը գործողության վերածելու պատրաստ, իրեն օրենքից դուրս հռչակած մարդակերպն ավելի քան ռեալությում է, նույնքան ռեալ անուն-ազգանուն, նույնքան ռեալ նախկին, գուցե և ներկայիս աշխատատեղ ունեցող, նույնքան ռեալ հովանավորողներով վեր-վեր թռնող անձնավորություն, ինչն էլ ակնհայտորեն նրան վստահաբար թույլ է տալիս հայտարարել, որ...
Սակայն շատ ավելի առարկայական ու փաստարկված լինելու համար եկեք խոսենք հղումներով, նրա խոսակցություններից մեջբերվող վկայակոչումներով, որոնք ամբողջության մեջ գալու-հանգելու են մտքին՝ ի վերջո պատրա՞ստ ենք իրավունքի Հայաստան ու իրավական Հայաստան կառուցելու գաղափարին, թե՞ անհույս շարունակելու ենք գոյատևել պատմության բավիղներում՝ մեր բախտն ու ճակատագիրը, մեր երեխաների ապագան հանձնած մարդկային այս թափոնին։
ՁԱՅՆԱԳՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
Վկայաբերվող ձայնագրումները հատվածական են, ամբողջականը կդրվի թերթի էլեկտրոնային տարբերակում, սակայն անվերապահ հղումով, որ հայհոյախոսություններ են պարունակում, լսելը18-ից ցածր տարիքի մարդկանց արգելվում է, թեպետ հնչեցրած հայհոյանքները բոլոր տարիքի մարդկանց համար էլ առնվազն անհաճո են։
ՁԱՅՆԱԳՐՈՒԹՅՈՒՆ 1
Զանգողը, ով պարտք վերցրածն է, խնդրում է մեր «հերոսից» իրեն երկու րոպե հանգիստ լսել, սակայն վերջինս անընդհատ ընդմիջում է «ապեր, փողը ուղարկի», «ապեր, մարդ ա մեռնելու», «ապեր, վատ ա լինելու» սպառնալիքներով ու դրանք վերջնահաշվում «թագավորում» այսպես. «...ապեր, ու դու 16 չէ, է, ավելի շատ բան ես տալու»։ 16-ը 16 հազար վերադարձնելիք գումարն է, իսկ ավելի շատ բանի տակ նկատի է առնված ոչ այնքան զրուցակցի, որքան նրան թանկ մեկի կամ մի քանիսի կյանքը, ինչը բազմիցս հավաստվում է «ապեր, մարդ ա մեռնելու» ահաբեկումով։
ՁԱՅՆԱԳՐՈՒԹՅՈՒՆ 2
Խոսքը երեք տոկոս շահույթով տրված 20 հազար դոլարի ու դրա դիմաց ձևակերպումները սկսելու հանձնարարականի մասին է. «Պտի ձևակերպվի, էլի, էս բնակարանը։ Կամ իմ անունով առուծախ պտի արվի, կամ պտի դավերնըստ տրվի, նայի, տես»։
ՁԱՅՆԱԳՐՈՒԹՅՈՒՆ 3
Սկսվում է «Ես դրան մորթելու եմ» սպառնալիքի հնչեցումով՝ ի լրումն դժգոհելով տեղեկանքը ստորագրելուց. «Հեն ա, մնար իմ մոտ, էնի չէր փակի, տունը կանցներ ինձ, էլի»։ Շատ ավելին ձեռքից բաց թողածի ափսոսանք ենք տեսնում, որտեղ մեր «հերոսն» իրեն նույնիսկ թվացյալ զոհի, տուժածի հանդերձ է հագցնում։
ՁԱՅՆԱԳՐՈՒԹՅՈՒՆ 4
Զրուցակցի հետ խոսքը տասը հազար մայր գումարի ու վրան երեք ամսվա դիմաց եկած վեց հազար դոլարի մասին է հետևյալ շարունակությամբ. «...ասա, որ դրան բան կանենք, փող կտանք (խոսքը վերաբերում է հնարավոր գործողություններ իրականացնելու պատրաստ երրորդ անձին), չգիտեմ ինչ կանենք... ինձ էդքան էդ փողը չի հետաքրքրում, ինչքան դրան պտի էդ վատությունը անեմ, չգիտեմ։ Ստեղ էլ, էրեխեքին էլ, ընդեղ էլ։ Ապեր, ընդեղ էլ է կարևոր, թող բան անեն...»։
ՁԱՅՆԱԳՐՈՒԹՅՈՒՆ 5
Ակնհայտորեն թիվ 4 ձայնագրության շարունակությունն է՝ դիմացի կողմի բացատրությամբ, որ մայր գումարը վերադարձնելու պրոբլեմ չկա՝ «դու չոտկի ստանում ես», սակայն պարզաբանմամբ, որ գողական բազարով տոկոս «վերադարձնելու մոմենտն ուրիշ է»։
Հետևում են առարկումների պես որոշ բաներ, այնուհետև՝ «Այ մարդ, էնի գիտի, որ մեկ ա իրեն թողող չկա։ Հա՝ հա, չէ՝ չէ. դնելու եմ ստեղ մորթեմ սաղին» (հետևում է սեռական բնույթի հայհոյանք) հետևյալ շարունակությամբ. «Մարդ էլ սպանեմ, ինձ էսօր, մեկ ա, չեն կարա նստցնեն ստեղ»։
Դիմացինը ոգևորող ծիծաղով է արձագանքում մեր ամենազորին ու առաջարկում տասը հազարի վրա խորանալ։ Սակայն հանդիպում է առարկության. «Է, տասը հազարի համար ստեղ ուրեմն անհանգստացնենք էրեխեքին»։
Որքան էլ դիմացինը քրեական ենթամշակույթի կրող կամ նման անձանց հետ կապ ունեցող անձ, առարկում է, որովհետև բարոյականության որոշակի սահման կա, որից այն կողմ անցնելը դատապարտելի է իրենց համար. «Չէ, արա, էրեխեքի հետ ինչ գործ ունես»։
Այստեղ հստակ ընդգծենք՝ իրենց համար, բայց ոչ մարդկային կերպը վերջնականապես կորցրած մեր «հերոսի»։
ՁԱՅՆԱԳՐՈՒԹՅՈՒՆ 6
Պարտքի դիմաց մայրաքաղաքի կենտրոնում գտնվող օբյեկտի (բանալիով, կնիքով, փաստաթղթային ձևակերպումներով) հանձնելու մասին է զանգողի խոսքը, որ հավանաբար մեր «հերոսի» գութ շարժելու համար հիշեցնում է տարիների ընթացքում կիլոմետրերով տված տոկոսի մասին, սակայն արժանանում է կտրուկ հակառակման։
Վաշխառուական գործունեության մասին հավաստումներ են։ Այդ թվում և՝ Հայաստանից դուրս։ Բա ո՜նց՝ մեր «հերոսի» գործունեության դաշտը հայաստանյան սահմաններով չէ, որ չափվում է, ինչն անուղղակիորեն խոսում է նրա հովանավորների կամ հովանավորի զորեղության, այդ զորեղի ներկայացրած կառույցի ազդեցության ընդգրկունության մասին։ Չմանրամասնենք։
ՀԵՏԱՔՐՔԻՐՆ ԻՆՉ Է
Հետաքրքիրն ինչ է՞։
Հետաքրքիրն այն է, որ այս գործը փաստական այլ նյութերով ու այս ձայնագրություններով (դրանք կարող եք տեսնել թերթի էլեկտրոնային տարբերակի էջում) ժամանակին դրվել է քննիչի սեղանին, քննիչից անցել դատական վարույթ ու... ոչ թե խորհրդային, այլ արդեն անկախ Հայաստանի «արդարադատ» դատարանի նույնքան «արդարադատ» կոնկրետ դատավորի թեթև ձեռքով կարճվել... հանցակազմ չլինելու հիմնավորմամբ։
ՎԵՐՋ, ՈՐ ԿԱՐՈՂ ԷՐ ՍԿԻԶԲ ԼԻՆԵԼ
ԱՐԹՈՒՐ ԾԱՏՈՒՐՅԱՆ կոնկրետ անուն-ազգանունն ունեցող մեր «հերոսի» մասին նյութերը մեր տրամադրության տակ են հայտնվել մի քաղաքացուց, ով դրանք ուղեկցել է կից գրությամբ, որում եղած հղումներին այսպես թե այնպես անդրադարձել ենք վերը շարադրվածում։ Սակայն բոլոր դեպքերում քաղաքացու նամակի նկատմամբ մինչև վերջ լինենք հարգալից, ներկայացնենք ինչպես ստացել ենք. «Ձայնագրությունում առկա են ապացույցներ, որոնցով հիմնավորվում է, որ ԱԱԾ նախկին աշխատակից Արթուր Ծատուրյանը տարիներ շարունակ զբաղվել է վաշխառությամբ, մարդկանց ահաբեկելով, սպառնալով՝ սպանել, վնաս հասցնել իրեն գումարներ պարտք անձանց և նրանց երեխաներին ու մտերիմներին: Ձայնագրությունների բովանդակությունից ակնհայտ է դառնում, որ վերջինը ոչ միայն համագործակցում է հանցավոր ենթամշակույթի տեր անձանց հետ, այլ նաև ունի բարձրաստիճան հովանավորներ իրավապահ մարմիններում, ինչից էլ վերջինն իր արածների համար պատասխանատվությունից խուսափելու վստահություն ունի»։
Դժվար չէ նկատել, որ նամակում հեղինակի կողմից որոշակի չասածություն կա, ու դրա պատճառը ոչ միայն հոգեբանական բնույթի է։ Շատ ավելի հիմնավոր պատճառն ու նամակագրի անզորությունը գալիս են պատկան մարմինների հնարավոր անգործությունից, եղածի վրա աչք փակելու շահագրգռությունից, նրանց նկատմամբ անվստահությունից, հազար ու մի այլ բաներից, որոնց թվարկումով մենք պարզապես նյութը ծանրաբեռնած կլինենք։ Սակայն ի տարբերություն նամակագրի, մենք, որպես լրատվամիջոց, կանգնած ենք Հայաստանը իրավական պետություն կառուցելուն լծվածների կողքին՝ գործին ընծայաբերելով մեր հավատն իրավունքի երկիր Հայաստանի հանդեպ ու դրա համար սեղանին դնելով պայքարելու, մաքառելու մեր պատրաստակամությունը։
Ճիշտ հասկանանք իրար՝ խնդիրը միայն վաշխառությունը չէ, դրա օրենքով հետապնդելի կամ չհետապնդելի լինելը։ Խնդիրը մեր ազգի բարոյական կերպի հիմնասյուներից մեկին է առնչվում, այդ հիմնասյան սրբություն սրբոցին՝ մեր երեխաներին, որոնց նկատմամբ գործողություն չէ, է, անգամ հանցավոր մտադրություն պիտի բնում խեղդամահ արվի՝ ով էլ որ լինի դրա հեղինակը։