«Վերլուծության հիմքում 2019-ի առաջին կիսամյակի շուրջ 65 մլրդ դրամ կապիտալ ծախսերի թերակատարման փաստն» է
20.09.2019 | 00:41
Գաղտնիք չէ, որ սոցիալական վիճակի բարելավումն ու խնդիրների լուծումը անհնար են առանց տնտեսական ռազմավարության։ Ճիշտ է, ըստ վիճակագրության, տնտեսությունը գնալով ակտիվանում է, սակայն նկատվում է նաև կապիտալ ծախսերի նվազեցում, ինչի մասին ահազանգում են տնտեսագետները։ Ի վերջո, ինչպիսի՞ն է այսօր պատկերը կապիտալ ծախսերի ոլորտում, փորձեցինք ճշտել ֆինանսների նախկին նախարար, պետական ֆինանսների կառավարման միջազգային փորձագետ ՎԱՐԴԱՆ ԱՐԱՄՅԱՆԻՑ։
-Տարբեր առիթներով խոսել եմ տնտեսական զարգացումների մասին՝ մատնանշելով նաև այն կարևոր խնդիրները, որոնց պետք է ուշադրություն դարձնի կառավարությունը,- ասաց պարոն Արամյանը: Այո, այդ խնդիրների շարքում մեծ տեղ ունեն կապիտալ ծախսերի շարունակական թերակատարումները, որոնց հետևանքները տնտեսության համար ցավոտ են լինելու:
Թերևս այս հարցը կարող էր հանրության համար ընկալվել զուտ հնչեցված միտք, եթե չհիմնավորվեր վերլուծությամբ, հետևապես խնդիր դրվեց «Լույս» հիմնադրամի տնտեսական թիմի հետ համատեղ գնահատելու կապիտալ ծախսերի թերակատարման ազդեցությունը մեր տնտեսության վրա: Որպեսզի գնահատականը լիներ ավելի համապարփակ, կիրառեցինք ընդհանուր հավասարակշռության GIMF մոդելը:
-Կմանրամասնե՞ք, թե ինչ եզրակացության եք հանգել այդ աշխատանքներից հետո։
-Ընթերցողին շատ չծանրաբեռնելու և հեշտ ընթեռնելի լինելու համար նշեմ, որ մակրոմոդելի տեսական նկարագրությունը տրված է ընդհանուր գծերով: Նյութի հիմնական մեսիջները հետևյալն են. առաջինը կառավարության կապիտալ ծախսերի կատարման գծով խիստ պահպանողական վարքագիծը ահազանգող պետք է լինի, քանի որ տուգանելու է տնտեսական աճին: Երկրորդ՝ տնտեսական աճը տուգանվում է և կարճաժամկետում և երկարաժամկետում, նույնիսկ, եթե հաջորդ տարի կառավարությունը նորից անհրաժեշտ մակարդակով կապիտալ ծախս անի (այս տարվա թերակատարման բացասական հետևանքները մնալու են): Երրորդ՝ կարճաժամկետում կապիտալ ծախսերի թերակատարումը բերելու է նաև գործազրկության աճի և աշխատավարձերի նվազման (կամ աճի տեմպի զսպման)։ Չորրորդ՝ երկարաժամկետում պետական կապիտալ ծախսերի թերակատարումը նվազեցնելու է արտադրողականությունը և բացասաբար է ազդելու արտահանման վրա: Հինգերորդ՝ ներկա իրավիճակում կառավարության «ոչ ծախսող» քաղաքականությունը երբեմն ներկայացվում է որպես դրական ձեռքբերում։ Դա ինչ-որ տեղ ճիշտ կլիներ, եթե լինեինք կարճատես և դատողություններ անեինք միայն ընթացիկ տարվա համար: Իրականում հեռատես տնտեսական քաղաքականությունը պահանջում է, որ կապիտալ ծախսերի թերակատարումը ահազանգ հնչեցնի կառավարությանը՝ իրավիճակն արագ շտկելու համար: Վեցերորդ՝ ճիշտ չէ այն տեսակետը, որ կապիտալ ծախսեր չանելով և դրա հաշվին փող խնայելով պարտք/ՀՆԱ ցուցանիշը շարունակաբար բարելավում ենք: Գուցե սա ճիշտ է մեկ տարվա համար, սակայն կապիտալ ծախս չանելով երկարաժամկետում վտանգելու ենք նաև պարտք/ՀՆԱ ցուցանիշի բարելավման շարունակական գործընթացը, քանի որ թուլացնելու ենք տնտեսական աճի ներուժը:
-Այս վերլուծություններն արված են 2018-ի տվյալների հիման վրա՞։
-Վերլուծության հիմքում 2019-ի առաջին կիսամյակի շուրջ 65 մլրդ դրամ կապիտալ ծախսերի թերակատարման փաստն է, ինչը տարածել ենք ողջ տարվա վրա: Սակայն ակնհայտ այս թիվը մեծանալու է, քանի որ տարվա երկրորդ կեսին, այս միտումների շարունակման պարագայում, ծրագիրը չի կատարվելու: Արդյունքում նյութում բերված գնահատականները (տնտեսության վրա թողած բացասական ազդեցության չափերը) կլինեն ավելի մեծ:
Ճեպազրուցեց
Ժասմեն ՎԻԼՅԱՆԸ
Հեղինակի նյութեր
Մեկնաբանություններ