Սաուդյան Արաբիան նավթի արդյունահանումը կրճատել է օրական 5 միլիոն բարելով, պետական Aramco ընկերության երկու ձեռնարկությունների վրա դրոնների հարձակումից հետո, որի պատասխանատվությունը ստանձնեցին Եմենի ապստամբ հուսիտները: Էներգետիկայի նախարար, արքայազն Աբդուլազիզ բին Սալմանը հայտարարեց, որ հում նավթի արդյունահանումը կրճատվել է օրական 5,7 միլիոն բարելով, որ թագավորության արդյունահանած նավթի կեսն է: Ռեյտերը, Բլումբերգը, Wall Street Journal-ը հաղորդել են, որ դրոնների հարձակմանը հաջորդած հրդեհը հանգեցրել է նավթի արդյունահանման 5 միլիոն բարել կրճատմանը, որ նավթի համաշխարհային մատակարարումների 5%-ն է:
Հարձակումները Աբկայքի ու Խուրաիսի վրա էին: Աբկայքը աշխարհում ամենամեծ նավթամշակող գործարանն է, Պարսից ծոցով տեղափոխվող սաուդյան նավթի մեծ մասը վերամշակվում է Աբկայքում՝ գրում է Ռեյտերը: ՙԱռավոտյան ժամը 4-ին Aramco-ի անվտանգության ծառայությունը սկսեց պայքարել հրդեհի դեմ Աբկայքում ու Խուրաիսում, որ սկսվել էին դրոնների հարձակման պատճառով՚՝ հաղորդել է Սաուդյան Արաբիայի ՆԳՆ-ն: Պետական ԶԼՄ-ները գրեցին, որ հրդեհը վերահսկվում է: Ռեյտերը տեղեկացրեց, որ մի քանի օբյեկտներում նավթի արդյունահանումը դադարեցվել է անվտանգության նկատառումներով և կվերականգնվի մի քանի օր անց: Հուսիտների ներկայացուցիչը հայտարարեց, որ հարձակման ժամանակ 10 դրոն են օգտագործել և սպառնաց գրոհները շարունակել: Սաուդյան Արաբիան ղեկավարում է կոալիցիան, որ արդեն մի քանի տարի պայքարում է Եմենի հուսիտների դեմ՝ նրանց մեղադրելով, որ փորձում են ամբողջ երկիրը գրավել և գործում են իբր Իրանի ցուցումներով: ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն հարձակման համար մեղադրեց Իրանին. «Թեհրանն է կանգնած Սաուդյան Արաբիայի վրա մոտ 100 գրոհների ետևում, մինչդեռ Ռուհանին և Զարիֆը ձևացնում են, թե դիվանագիտական ջանքեր են գործադրում: Ոչ մի ապացույց չկա, որ հարձակումները եղել են Եմենի կողմից, համաշխարհային էներգամատակարարների դեմ գրոհը նախաձեռնել է Իրանը»՝ Թվիթերում գրեց Պոմպեոն: «Մենք կոչ ենք անում բոլոր երկրներին հրապարակայնորեն և անվերապահորեն դատապարտել իրանական հարձակումները: ԱՄՆ- ը կաշխատի իր գործընկերների և դաշնակիցների հետ՝ ապահովելու էներգետիկ շուկաների մատակարարումը և Իրանին պատասխանատվության կենթարկի ցուցաբերած ագրեսիայի համար», - ավելացրել է ԱՄՆ պետքարտուղարը:
Թագաժառանգ արքայազն Մուհամեդ բեն Սալմանը հեռախոսեց ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ: Թրամփը հայտարարեց, որ Վաշինգտոնը պատրաստ է երաշխավորել Սաուդյան Արաբիայի անվտանգությունը՝ հաղորդեցին Սպիտակ տնից: Նավթի մեկ բարելի գինը մի քանի դոլարով կարող է բարձրանալ, երբ շուկաները կիրակի երեկոյան բացվեն, իսկ Սաուդյան Արաբիայի նավթարդյունաբերության հզորությունների երկարատև պարապուրդը կարող է ԱՄՆ-ին և մյուս երկրներին մղել նավթ վաճառել իրենց ռազմավարական պահուստներից՝ գրում է Ռեյտերը:
Aramco-ն ոչ միայն նավթի ամենամեծ արդյունահանողն է աշխարհում, այլև ամենաեկամտաբեր ընկերությունն աշխարհում: Խուրաիսում արդյունահանվում է համաշխարհային նավթի 1%-ը, Աբկայքում երկրի ամենամեծ նավթավերամշակող գործարանն է, որտեղով անցնում է նավթի համաշխարհային մատակարումների 7%-ը: Հաշվի առնելով մասշտաբները, աշխատանքի նույնիսկ կարճաժամկետ դադարը կներգործի ոչ միայն ընկերւոթյան, այլև նավթի մատակարարումների վրա ամբողջ աշխարհում: Վերլուծաբաններին ցնցել է փաստը, որ սաուդյան նավթի արդյունահանումը կարող էր կիսով չափ կրճատվել: Սաուդյան Արաբիան արտադրում է նավթի 10%-ն աշխարհում: Եթե արտադրությունը իրաք կիսով չափ կրճատվի, կազդի համաշխարհային շուկայի վրա՝ արդեն երկուշաբթիից:
Aramco-ն ավերածությունների չափերի մասին դեռ չի հաղորդում: Դրոնների հարձակումը վկայում է, որ ընկերությունները խոցելի են: Հարձակումն Aramco-ի համար ամենաանհարմար պահին էր՝ ընկերությունը ցանկանում է բաժնետոմսերը ֆոնդային շուկաներ հանել: Շատերը կասկածներ ունեն, որ լարումը տարածաշրջանում կազդի նավթի գլոբալ մատակարարումների վրա և սպառնում է աշխարհում օգտագործվող նավթի 20%-ին, որ անցնում է Օրմուզի նեղուցով: Հուսիտների մամլո քարտուղար Յախյա Սարեան Բեյրութի Ալ Մասիրա հեռուստաալիքին հարցազրույցում ասել է, որ Սաուդյան Արաբիան պիտի սպասի նման ուրիշ հարվածների: Նրա խոսքով՝ Սաուդյան Արաբիայում ամենամեծ գործողություններից մեկն իրականացվել է ՙթագավորության ներսում ապրող ազնիվ մարդկանց հետ համագործակցությամբ՚: ՄԱԿ-ի ներկայացուցիչ Մարտին Գրիֆիտսը հարձակման փաստն անվանել է չափազանց տագնապալից և Եմենի կոնֆլիկտի բոլոր կողմերին զսպվածության կոչ է արել: Սաուդյան իշխանությունները չեն մեկնաբանել՝ ո՞վ է իրենց կարծիքով գրոհի հետևում: 2006-ին հատուկ ծառայություններին հաջողվեց կանխել Աբկայքի վրա հարձակումը, որ ծրագրել էր Ալ Կայիդան:
Պաշտպանության հարցերով BBC-ի մեկնաբան Ջոնաթան Մարկուսը գտնում է՝ այս հարձակումը ցույց է տալիս, որ Եմենի հուսիտները սպառնալիք են Սաուդյան Արաբիայի նավթային արդյունաբերությանը: Հուսիտներն օգտագործում են տեխնալոգիական առավել զարգացած դրոններ և հիմա սկսվել են վեճերը, թե ինչպես կարողացան հարձակվել: Պարզապես պայթուցի՞կ են հավելել վաճառվող դրոնների վրա, թե՞ տեխնիկական օգնություն են ստանում Իրանից: Դոնալդ Թրամփի վարչակազմը մատնացույց է անելու Թեհրանին, բայց փորձագետները վստահ չեն, որ Թեհրանն այդքան ակտիվ դեր է խաղում հուսիտների օգտագործած դրոններում: Սաուդյան ռազմաօդային ուժերը արդեն մի քանի տարի ռմբակոծում են Եմենը: Հիմա հուսիտները, թեկուզ սահմանափակ, բայց հնարավորություն են ստացել պատասխանել Էր Ռիադին: Դա վկայում է, որ ավարտվել է դարաշրջանը, երբ դրոններ ունեին մի քանի երկրներ միայն: Դրոններն արդեն հասանելի են բոլորին՝ ԱՄՆ-ին, Չինաստանին, Իսրայելին, Իրանին: Նաև՝ Համասին ու Հեզբոլային:
Իշխանության ու հուսիտների կոնֆլիկտը Եմենում սրվել է 2015-ին, երբ շիա հուսիտները վերահսկողության տակ վերցրին երկրի մեծ մասը և ստիպեցին նախագահ Աբդ Ռաբու Մանսուր Խադիին փախչել երկրից: Խմբավորման ակտիվացումից տագնապած՝ ԱՄԷ-ն, Սաուդյան Արաբիան և արաբական ևս 7 պետություն միջամտեցին՝ փորձելով վերականգնել իշխանությունը երկրում: Կոալիցիան գտնում է, որ հուսիտները գործում են Իրանի աջակցությամբ: ՄԱԿ-ի տվյալներով՝ ռազմական գործողությունների ընթացքում 10 հազար մարդ է զոհվել՝ 2/3-ը՝ քաղաքացիական անձինք: 55000 տուժածներ կան: Շարունակվող կռիվների և կոալիցիայի մասնակի շրջափակման պատճառով 22 միլիոն մարդ մարդասիրական օգնության կարիք ունի: Երկրում ամենասուր պրոբլեմը պարենային անվտանգությունն է, խոլերայի բռնկումը միլիոն մարդ է ընդգրկել:
BBC
Հ.Գ. «Ժամանակն է, որ ԱՄՆ-ը քննարկման սեղանին դնի Իրանի նավթավերամշակման գործարանների վրա հարձակման հարցը, եթե նրանք շարունակեն իրենց սադրանքները կամ միջուկային հարստացումը: Իրանը չի դադարեցնի իր վատ պահվածքն այնքան ժամանակ, մինչև հետևանքներն ավելի իրական չլինեն, ինչպես, օրինակ, հարձակումը նրանց նավթ վերամշակող ձեռնարկությունների վրա, ինչը հզոր հարված կլինի ռեժիմին»,- գրել է ԱՄՆ Հանրապետական սենատոր Գրեմը Twitter-ում: «Այսօր ես հեռախոսել եմ վարչապետ Նեթանյահուի հետ, որ քննարկեմ ԱՄՆ-ի և Իսրայելի փոխադարձ պաշտպանական համաձայնագիրը խթանելու հնարավորությունը, ինչը կամրապնդի մեր երկու երկրների միջև հիանալի դաշինքը», – գրել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Twitter-ում:
Ինքնին հասկանալի է, որ ԱՄՆ-ը մեղադրում է Իրանին, բայց շահում է ինքը՝ համաշխարհային շուկա հանելով իր նավթը: Իվերջո, այս խառը շրջանում՝ ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայից առաջ ու Ջոն Բոլտոնի պաշտոնանկությունից հետո Թեհրանին ձեռնտու չէր խառնել հազիվ հարթվող հարաբերություններն ու փակել բանակցությունների կիսաբաց դուռը: Դրոններ ունեն շատերը, իսկ տեխնոլոգիական ամենահզոր դրոններն արտադրում է Իսրայելը: Եվ Իսրայելի համար շատ ավելի ձեռնտու էր խաղից երկար ժամանակով հանել Էր Ռիադին՝ մեղքը գցելով Թեհրանի վրա՝ խափանելով Վաշինգտոն-Թեհրան-Բրյուսել համագործակցության հնարավորությունները: Սա վարկած է, որ գոյության իրավունք ունի, եթե քննարկում ենք տարածաշրջանային փոխհարաբերություններն ու պատասխանում ենք հարցին՝ ու՞մ էր ձեռնտու: Իսկ նավթի գները բարձրանալու են ու դա արդեն ձեռնտու է բոլոր նավթ արտահանող երկրներին, թերևս բացի Իրանից, որ ԱՄՆ պատժամիջոցների պատճառով չի կարողանում իր նավթը վաճառել:
Անահիտ ԱԴԱՄՅԱՆ