Սույն թվականի փետրվարին լայնածավալ հոդված էի գրել «Իրատեսում» և հայտնել այն միտքը, որ Հայաստանի դատական համակարգում «բարդակ» է, ասածս հիմնավորել էի կոնկրետ օրինակներով ու գործերով, նշել կոնկրետ դատավորների վարքագիծը: Երկուէջանոց հոդվածը փետրվարի 4-ին ուղարկել էի
1. ՀՀ նախագահին
2. ՀՀ վարչապետին
3. ՀՀ արդարադատության նախարարին
4. ՀՀ Ազգային ժողովի նախագահին
5. ՔՊ-ի ֆրակցիայից Հերիքնազ Տիգրանյանին
6. ԼՀ կուսակցության նախագահ Էդմոն Մարուքյանին
ՀՀ նախագահը պատասխանել էր սահմանված ժամկետում, թե բարձրացված հարցը նախագահի լիազորությունների շրջանակում չէ: Հասկանալի է և սպասելի:
Արդարադատության նախարարությունից հեռախոսով զանգահարեցին և ասացին` դա մեր ֆունկցիան չէ:
ՀՀ ԱԺ-ից ստացվեց պատասխան, թե դիմումն ուղարկվել է ԱԺ-ի պետաիրավական հարցերի հանձնաժողով: Առայսօր քար լռություն է:
Պատգամավոր Հերիքնազ Տիգրանյանը կիսեց իմ մտահոգությունները, բայց և ասաց՝ դուք ճիշտ եք, բայց ոչնչով օգնել չեմ կարող:
«Լուսավոր Հայաստան» կուսակցության «լուսավոր գլուխը» առայսօր լռում է: Երևի այնտեղ դեռ մտածում են՝ զանգ կախելու ժամանակ չկա:
Վարչապետից` ոչ «հըմ», ոչ «գըմ»: Աշխատակազմից մի աղջնակ զանգեց և ասաց՝ Ձեր հոդվածի օրինակը կորցրել ենք, շատ եմ խնդրում, եթե կարող եք, մեկ օրինակ ուղարկեք: Ընդառաջեցի: Շուտով կլրանա չորս ամիսը, վարչապետի աշխատակազմը, նրա ղեկավարը, ներողություն արտահայտությանս համար, էշի ականջում քնած են: Ասեմ, որ անցած տարի ևս նման մի դիմում էի ուղարկել առաջին փոխվարչապետ Արարատ Միրզոյանին, նա` աշխատակազմի ղեկավարին, սա էլ՝ Արարատի մարզպետին, հավանաբար էն գլխից գուշակելով, որ մարզպետը շնորհալի տղա է և կարող է իր կոկորդիլոսային հմտություններով ազդել դատավորների վրա: Հասկանում էի, որ վարչապետը չի պատասխանում, որովհետև երդվել է ¥իհարկե, ոչ Աստվածաշնչի վրա¤ հավատարիմ մնալ իշխանությունների տարանջատման սահմանադրական սկզբունքին: Ես էլ համակերպվել էի և համոզում էի ինքս ինձ, որ Նիկոլ վարչապետը ժամանակ է տվել դատավորներին խելքի գալու, բայց թե ինչ էր նշանակում այդ խելքի գալը, ինձ համար հասկանալի չէր: Նիկոլ վարչապետը հանկարծ պայթեց, ևս մեկ անգամ խախտեց Սահմանադրությունը, երբ դատավորը երաշխավորությամբ կալանքից ազատեց Ռոբերտ Քոչարյանին, այսինքն, երբ դատավորը դիպավ Նիկոլի «սուրբ» զգացմունքներին։ Դեռ մեկ տարի առաջ նա հայտարարում էր, որ Մարտի մեկի գործը հարյուր տոկոսով բացահայտված է, և հանկարծ դատավորը վճռում է, որ Քոչարյանը չի խուսափի, չի փախչի և կներկայանա հետագա դատաքննությանը:
Պարոն Փաշինյան, եթե Մարտի մեկը Ձեզ համար լինել-չլինելու գերխնդիր է, պայքարեք օրինական դաշտում: Կա Սահմանադրություն, կա ԲԴԽ, Դուք էլ վարչապետ եք: Հանգուցյալ Սախարովն ասում էր՝ Սահմանադրությունը, լավ թե վատ, եթե ընդունվել է, ուրեմն բոլորը պետք է հարգեն այն: Իսկ Դու՞ք...
Մի խախտեք Սահմանադրությունը, կասեցրեք այն, ընդունեք նոր, հեղափոխությանը հարիր Սահմանադրություն, որտեղ իրոք կտարանջատվեն իշխանության բոլոր ճյուղերը, կնշանակվեն նոր ընտրություններ, ժողովուրդը դուրս կգա ներկա էյֆորիայից և կընտրի արժանի ղեկավար: Քավ լիցի, չեմ ուզում ասել, թե Դուք արժանի ղեկավար չեք: Արժանի եղեք ևս մեկ անգամ:
Սոկրատ ՀՈՎՍԵՓՅԱՆ