Այս անգամ Արցախի ղեկավարները, ի դեմս նախկին ու ներկա նախագահների, չեն պատրաստվում տուրք տալ Փաշինյանի հաթաթներին։ Նրանք համառ առաջ են գնում և այս անգամ արդեն ճակատային պայքարի մեջ են մտնում Հայաստանի վերնախավի հետ։
Գլխավոր դատախազություն ուղարկված նամակի տապալումից հետո, նրանք դատարանում Ռոբերտ Քոչարյանի համար երաշխավորագիր են ներկայացրել։ «Երաշխավորում ենք, որ Արցախի Հանրապետության առաջին և ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ որպես խափանման միջոց կալանավորումը դադարեցնելու դեպքում վերջինս կդրսևորի պատշաճ վարքագիծ, չի խոչընդոտի գործի քննությանը, չի խուսափի վարույթ իրականացնող մարմին ներկայանալուց, չի կատարի Քրեական օրենսգրքով չթույլատրված արարք: Խնդրում ենք խափանման միջոց կալանավորումը փոխարինել ազատությունից չզրկելու հետ կապված խափանման միջոցով»,- նշված է երաշխավորության նամակում։
Չինաստանում գտնվող Նիկոլ Փաշինյանը, որ Բրյուսելում Ալիևի հետ կրկին ոտքի վրա-ձեռքի հետ երկու բառ է փոխանակել, հավանաբար պետք է մի բան էլ մտածի Արցախի իշխանություններին պատասխանելու համար։ Հաշվի առնելով Փաշինյանի վերաբերմունքը Քոչարյանի հանդեպ, եթե այս անգամ կոշտ արձագանքով հարցը փակվի, էլի կարելի է չդժգոհել։
Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆ