Մարդու իրավունքների պաշտպանի դիմումի հիման վրա Սահմանադրական դատարանը հակասահմանադրական է ճանաչել պատժախցում կալանավորների և դատապարտյալների՝ հեռախոսակապից, նամակագրությունից և այլ հաղորդակցությունից մեխանիկական զրկումը։ Ըստ ՄԻՊ գրասենյակի հաղորդագրության, դատարանն Ազգային ժողովի և Կառավարության համար վերջնաժամկետ է սահմանել 2019-ի հունիսի 5-ը՝ հնարավորություն տալով վիճարկված դրույթները համապատասխանեցնելու որոշման պահանջներին, այլապես դրանք կճանաչվեն ուժը կորցրած: Ըստ ՄԻՊ-ի, դատարանի որոշմամբ արձանագրվել է, որ վիճարկվող կարգավորումները հակասում են Սահմանադրության այն հոդվածներին, որոնք երաշխավորում են մասնավոր և ընտանեկան կյանքի անձեռնմխելիության, հաղորդակցության ազատության իրավունքները, ինչպես նաև համաչափության սկզբունքը։
«Սահմանադրական դատարանին հասցեագրված դիմումում Մարդու իրավունքների պաշտպանը վիճարկման առարկա էր դարձրել «Ձերբակալված և կալանավորված անձանց պահելու մասին» ՀՀ օրենքի և ՀՀ քրեակատարողական օրենսգրքի, ինչպես նաև Կալանավորվածներին պահելու վայրերի և ուղղիչ հիմնարկների ներքին կանոնակարգը հաստատելու վերաբերյալ Կառավարության որոշման դրույթներ: Դրանցով նախատեսվում էր, որ կալանավորված անձի կամ դատապարտյալի նկատմամբ պատժախուց տեղափոխելը՝ որպես տույժի միջոց կիրառելու դեպքում վերջինս մեխանիկորեն՝ անկախ որևէ հանգամանքից, բացառություն չնախատեսող արգելքի ուժով զրկվում է արտաքին աշխարհի հետ կապից: Մարդու իրավունքների պաշտպանի դիմումում արձանագրվել է՝ այսպիսի կարգավորումների պայմաններում, ստացվում է, որ տույժի այդ միջոցն ունի լրացուցիչ զրկանքներ պատճառելու բնույթ, որոնք որևէ կապ չունեն տույժի նպատակների կամ պատճառների հետ: Ինքնին տույժի միջոցը կիրառվում է քրեակատարողական հիմնարկի պետի որոշմամբ, իսկ հաղորդակցությունից զրկելու հարցը հիմնավորման չի արժանանում: Այդ պայմաններում չի ցուցաբերվում նաև անհատական մոտեցում ու չի գնահատվում ազատությունից զրկվածի վարքագծի ռիսկայնությունը», - ասված է հաղորդագրությունում:
ՄԻՊ գրասենյակը նշում է՝ Սահմանադրական դատարանը վերահաստատել է Պաշտպանի դիրքորոշումը, որ պատժախուց տեղափոխված անձանց նկատմամբ կիրառվող լրացուցիչ սահմանափակումները պետք է անմիջական կապ ունենան թույլ տրված խախտման հետ, իսկ հիմնական իրավունքների և ազատությունների սահմանափակումները պետք է անհրաժեշտ լինեն իրավաչափ նպատակին հասնելու համար։
«Դատարանը հաստատել է Պաշտպանի հետևությունը, որ պատժախցում անձի միայնակ մնալը կարող է առաջացնել հոգեճնշող վիճակ, իսկ կրոնականից բացի այլ գրականություն տրամադրելը կարող է բարենպաստ ազդեցություն ունենալ անձի վրա: Սահմանադրական դատարանը որոշման հիմքում դրել է նաև պատժախուց տեղափոխված կալանավորված անձանց և դատապարտյալների արտաքին աշխարհի հետ կապի իրավունքի ապահովման վերաբերյալ Մարդու իրավունքների պաշտպանի վկայակոչած ԵԽ, ԵՄ, ՄԱԿ միջազգային չափանիշները, պրակտիկան և այլ երկրների փորձը», - ասված է հաղորդագրությունում: