Երևանի ընդհանուր իրավասության Շենգավիթի դատարանում «Սասնա ծռեր» զինված խմբի գործով դատական նիստի ընթացքում ցուցմունք է տվել ոստիկանապետ Վալերի Օսիպյանը: Նա գնդի գրավման գործով տուժողի կարգավիճակ ունի: 2016-ին Օսիպյանը Երևանի փոխոստիկանապետն էր և ՊՊԾ գունդ էր մտել բանակցելու «Սասնա ծռերի» անդամների հետ: Նա պատմեց, որ առավոտյան 5-ի սահմաններում տեղեկացել է, որ մի խումբ զինված քաղաքացիներ զավթել են ՊՊԾ գունդը: «Չեմ համակերպվում այն գաղափարի հետ, որ ասում են՝ գրավել են, նրանք ապօրինի զավթել են ՊՊԾ գունդը»,-ասաց Օսիպյանը:
Նա նշեց, որ գունդը զավթողները ոստիկանների կապի միջոցները վերցրել էին և կապի դուրս եկել, լսել էր Պավիկ Մանուկյանի ձայնը: Ինքը կապի է մտել, դիմել Պավլիկ Մանուկյանին. «Ասացի Պավլիկ, Պավիկ, բա լսում եմ, ով է՞, ասացի ձեզ հետ խոսում է գնդապետ Օսիպյանը, ասեց հա, լսում եմ, ինչ կա: Ասացի առաջարկում եմ զենքերը ցած դնել, դուրս գալ, և դրանով կապացուցեք, որ բանդա չեք»,-պատմեց Օսիպյանը և հավելեց, որ առաջարկել է, որ դուրս գան, ինքն էլ ընդառաջ գնա, բանակցեն՝ տեսեն, թե զոհեր, վիրավորներ չունեն: Ընդունել են առաջարկը, ինքը հրամայել է, որ որևէ մեկը չգա իր հետ, բայց Էրեբունու ոստիկանության բաժնի պետ Եղիազարյանն է ասել, որ միասին գնան և գնացել են: Նրանց դիմավորել են մի քանի հոգի, իրենք էլ փորձել են բացատրել, որ ճիշտ չէ, իրենք էլ իրենց են ներկայացրել: «Հասկացա, որ բանակցությունը մեզ մոտ չի ստացվում, անարդյունք է, փորձել ենք զոհերի, վիրավորների մասին տեղեկություն ստանալ, ասել են, որ զոհ չունենք, ում պետք է, օգնություն ցուցաբերել ենք»,-պատմեց նա և նշեց, որ հետո մտել են գունդ, տեսել է 8 ոստիկաների, ոմանք՝ ձեռնաշղթաներով, ոմանք՝ կապկպված պլաստմասե ձգանով: «Ասացի՝ դուք թո՞ւրք եք բռնել, ի՞նչ է, ի՞նչ է կատարվում»,-պատմեց նա: Այնուհետև նրան տարել են դուրս, բարձրախոս դրել ձեռքը. «Ինքաձիգը ուղղեցին իմ ուղղությամբ, ասեցին, որ հիմա այստեղ քեզ գյուլում ենք, ասա ոստիկաները ցած դնեն զենքերը և միանան մեզ: Ես, բնականաբար, չեմ հայտարարել, միայն դիմել եմ ոստիկաններին, որ խնդրում եմ այս ուղղությամբ չկրակել, իրենք էլ չեն կրակի: Իրանք ասացին, որ մենք դա չենք ուզում, որ ասես, ես ասացի, որ ես սրանից ավել ոչինչ չեմ ասի»,-ասաց նա: Օսիպյանի խոսքով՝ հետո ներսուդուրս են արել: Այնուհետև գնդի կողմից կրակ է եղել, փոխադարձ պատասխանել են, ինքն էլ պատսպարվել է «Կռազի» հետևում: Հետագայում տեղեկացել է, որ ոստիկանության 2-3 աշխատակիցներ վիրավորել են կրակոցներից: Նա ասաց, որ հեռախոսն իր ձեռքից չեն վերցրել, քանի որ ինքը մնացել է կապող օղակ դրսի և ներսի միջև:
Վալերի Օսիպյանը պատմեց նաև ոստիկան Արթուր Վանոյանի սպանությունից մանրամասներ: Ասաց, որ իրեն զանգել են, հարցրել՝ Վանոյան Արթուրին գնդի տարածքում տեսե՞լ է, թե ոչ: Գունդը լավ իմանալով ասել է, որ պետք է բարձրանալ այն կորպուսը, որտեղ իր աշխատասենյակն է գտնվում: Հասել են, անմիջապես մուտքից հասկացել է, թե ինչ է կատարվել, պատի վրա գնդակի տեղեր է նկատել, պարկուճներ, աշխատասենյակում արդեն արյան հետքեր է տեսել և հասկացել, որ այդտեղ վիրավոր է եղել, ով, պատերից բռնվելով, ինքնուրույն գնացել է: Ըստ նրա՝ ներսը ամբողջը արյուն էր, մտել են աշխատասենյակ, տեսել են ամեն ինչ թափթփված է: «Տեսա կապույտ վերմակը, որը մահճակալների վրա էր գցած լինում, գցած էր ինչ- որ բանի վրա, բայց դատելով Արթուրի չափսերից, ինքը մի փոքր խոշոր էր, չէի ուզում հավատալ, երբ բարձրացրեցի, տեսանք Արթուրին՝ մահացած վիճակում: Ես զայրացա, սկսեցի հրել Պավլիկին, բղավում էի՝ «էս ի՞նչ եք արել», ասում էր էս ով ա՞, ես տեղյակ չեմ, ով ա բերել ստեղ էս դիակը, ես տեղյակ չեմ»: Ես զայրացա, սկսեցի քաշքշել, ինքը փորձում էր ինձ համոզել, հանգստացնել, ասում էր՝ որևէ մեկին առայժմ մի ասեք, ես էլ «ասեցի գյուլլող տղա եք, ինձ էլ ստեղ գյուլլեք, պրծեք»: Օսիպյանը տեղեկացրեց, որ դրանից հետո արդեն զանգել է և տեղեկացրել, որ Վանոյան Արթուրը մահացած է:
Հարցին, թե դեպքի վերաբերյալ հետո փորձե՞լ է տեղեկացվել, թե ինչպե՞ս է տեղի ունեցել, որ Արթուր Վանոյանը մահացել է: Օսիպյանն ասաց, որ Գագիկ Եղիազարյանն ու Պավլիկ Մանուկյանը ասել են, որ երբ իրենք մտնում էին, Վանոյանը կրակում էր, իբր իրենք առաջարկել են չկրակել, բայց փոխհրաձգություն է առաջացել: Հարցին, թե վերջիվերջո ներսում գտնվելու ժամանակ իմացա՞վ, թե ով էր կրակել Վանոյանի վրա, ասաց որ ներսում իրենք էլ էին ասում, որ Սմբատ Բարսեղյանը, և դա տրամաբանական էր, քանի որ Սմբատ Բարսեղյանի վրա էլ վնասվածք կար: «Որովայնի շրջանում վնասվածք կար, առաջարկել են, որ տեղափոխեն բուժհիմնարկ, ինքը հրաժարվել է և տեղում եղած շտապօգնության խմբի միջոցով ստանում էր բուժօգնություն»,-ասաց նա: