ԱՄՆ-ի նախագահական ընտրություններում Դոնալդ Թրամփի հաղթանակը չի փոխի վերաբերմունքը ուկրաինական ճգնաժամի նկատմամբ՝ հայտարարել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը։ «Վաշինգտոնի սկզբունքային վերաբերմունքը ուկրաինական և նույնիսկ եվրոպական հարցերի նկատմամբ չի փոխվի այն առումով, որ Վաշինգտոնը միշտ կձգտի իր վերահսկողության տակ պահել այն ամենը, ինչ տեղի է ունենում ՆԱՏՕ-ամերձ և բուն ՆԱՏՕ-ի տարածքում»,- ընդգծել է նա։               
 

Ի՞նչ էր ուզում Արփինե Հովհաննիսյանն իր օրինագծով

Ի՞նչ էր ուզում Արփինե Հովհաննիսյանն իր օրինագծով
05.10.2018 | 10:23

Հոկտեմբերի 2-ին արտահերթ նիստում, ձեռքով քվեարկությամբ ԱԺ-ն ընդունեց Արփինե Հովհաննիսյանի, որին ձևականորեն միացել էին ևս 2 պատգամավոր, օրինագիծը ԱԺ կանոնակարգ սահմանադրական օրենքում փոփոխություններ անելով: Օրենքին բուն նպատակի քննարկումներն ու ընդունմանը հաջորդած իրադարձությունները ստվերեցին կարևոր մի հարց` իսկ այդ օրենքը ընդհանրապես կգործի՞, թե՞ ՀՀԿ-ի, ԲՀԿ-ի, ՀՅԴ-ի դիմադրության փորձ էր վարվող քաղաքականությանը:


Արփինե Հովհաննիսյանը, իհարկե, իրավական ու լեզվական հմտությունները գործի դնելով` փորձում էր համոզել, որ ընթացիկ քաղաքական իրավիճակի հետ իր նախաձեռնությունը կապ չունի և ինքն ընդամենը այլ երկրների օրենսդրական փորձն է օգտագործել` կանխելու քաղաքական ճգնաժամը: Ամբողջ սրտով հավատանք ազնիվ պատգամավորին: Բայց կան մի քանի «բայցեր»: Որպեսզի օրենքը սկսի գործել, ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը պիտի ստորագրի: Կանխելու համար նույն քաղաքական ճգնաժամը` Արմեն Սարգսյանը բոլոր հիմքերն ունի օրենքը չստորագրելու ու իր առարկություններով 21-օրյա ժամկետում Սահմանադրական դատարան ուղարկելու` ստանալու համար օրենքի և ՀՀ Սահմանադրության համապատասխանության հավաստիացումը: Արմեն Սարգսյանը դեռ Հայաստանում չէ, հարցին անդրադառնալու է վերադարձից հետո` առավելագույնը հոկտեմբերի 23-ին կարող է ուղարկել ՍԴ: Սահմանադրական դատարանը կարող է քննարել երեք ամիս` նոյեմբեր, դեկտեմբեր, հունվար: Իհարկե` թե ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանը` նախկին ՀՀԿ-ական, թե ՍԴ մյուս անդամները, որ նշանակվել են նախահեղափոխական ժամանակներում, կարող են ժամանակը ռացիոնալ օգտագործել ու որոշումը կայացնել ոչ թե առավելագույն ժամկետում, այլ` առավելագույնս արագ: Ու գուցե հենց այդ հաշվարկն է եղել օրենքի հետագա ճակատագրի հաշվարկման հիմքում, բայց նույն այդ ՍԴ-ն Բաղրամյան փողոցի վրա է ու դժվար չէ պատկերացնել նրանց որոշակի որոշման համարժեք արձագանքը Սահմանադրական դատարանի պատերից դուրս: Եվ ՍԴ անդամները այդ փաստը չեն կարող շրջանցել: Բացի այդ` Սահմանադրությամբ խորհրդարանը ցրելու ընթացակարգի վրա չի կարող տարածվել նախօրեին ընդունված փոփոխությունը, որ ԱԺ նիստը կարող է ընդմիջվել, եթե տեղի չի ունեցել պատգամավորներից անկախ պատճառով: Սահմանադրությամբ 14 օր է տրվում խորհրդարանին նոր վարչապետ ընտրելու համար, և չկա որևէ կետ, որ կարևորում է, թե ինչու ԱԺ-ն չի կարողանում ընտրել վարչապետ՝ նի՞ստը չի կայացել, պատգամավորների՞ն չեն թողել ԱԺ կամ նրա՞նք չեն եկել: ՀՀ Սահմանադրության 2-րդ հոդվածի համաձայն` իշխանությունը պատկանում է ժողովրդին, եզրակացությունները թողնում եմ ձեզ:


Անահիտ ԱԴԱՄՅԱՆ
Հ.Գ. Հայտնի իրադարձություններից հետո ՀՀԿ-ն ու ՀՅԴ-ն իրենց հայտարարությունները տարածեցին, լռում է միայն ԲՀԿ-ն` Գագիկ Ծառուկյանը, ինչպես միշտ, քաղաքում չէ, երբ անհրաժեշտ է իր ներկայությունը: Թեպետ երեկ, կարծես, վերադարձել է:
ՀՀԿ-ն հոկտեմբերի 3-ին հայտարարեց, որ «2018-ի հոկտեմբերի 2-ին ընդունված «Աժ կանոնակարգ» սահմանադրական օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքը մեկ նպատակ է հետապնդում, այն է՝ ապահովել Ազգային ժողովի բնականոն գործունեությունը, երբ արտակարգ իրավիճակների կամ պատգամավորների համար ստեղծված արհեստական խոչընդոտների պատճառով հնարավոր չի լինում ապահովել ԱԺ նիստի բնականոն ընթացքը կամ նիստի գումարման համար անհրաժեշտ քվորումը։
Օրենքով առաջարկվող կարգավորումները կատարված են ՀՀ Սահմանադրության դրույթների խիստ հաշվառմամբ և ուղղված են Ազգային ժողովի բոլոր նիստերի, այդ թվում՝ վարչապետի ընտրության նիստի բնականոն ընթացքի ապահովմանը։ Առաջարկվող ընթացակարգը շատ պարզ է. Ազգային ժողովի նիստը ընդհատվում է, մինչեւ վերականգնվում են նիստի բնականոն ընթացքի նախադրյալները։ Նախագծի՝ իբր հակասահմանադրական լինելու վերաբերյալ շահարկումները մանիպուլյացիա են, քանի որ նախագիծը որեւէ կերպ չի ընդհատում, չի վերացնում, չի փոփոխում որեւէ սահմանադրական ժամկետ, այլ ընդամենը սահմանվում է Ազգային ժողովի գործունեությանը վերաբերող ընթացակարգային դրույթ։ Նման դրույթները միայն մեզ չէ, որ բնորոշ են։ Բավական է ուսումնասիրել տարբեր երկրների խորհրդարանների նիստերի ընդահատման, ընդհանարապես Ազգային ժողովի եւ առանձին պատգամավորների գործունեության խոչընդոտման վերաբերյալ կարգավորումները»։


ՀՅԴ-ն հոկտեմբերի 4-ին ընդամենն արձանագրեց. «Շահարկումների տեղիք տված «Ազգային ժողովի կանոնակարգ» օրենքում փոփոխությունների նախագիծը˒ որին կողմ է քվեարկել ՀՅԴ պատգամավորական խմբակցությունը, որևէ կերպ նպատակ չի ունեցել ձախողել արտահերթ ընտրությունների անցկացման շուրջ բանակցային գործընթացը, ընդհակառակը՝ միտված է եղել երաշխավորել սահմանադրական ճանապարհով և բացառապես իրավունքի ուժով Ազգային ժողովի արձակումը»։


Իսկ Նիկոլ Փաշինյանը դեռ հոկտեմբերի 2-ի լույս 3-ի գիշերն էր պատասխանել, որ հարկ եղած դեպքում կդիմեն շուրջօրյա հանրահավաքների: Բնականաբար` իրադարձությունների այս ընթացքը` ներառյալ ազգային համաձայնության կառավարությունից ԲՀԿ ու ՀՅԴ նախարարների հեռացումը, հոկտեմբերի 2-ին հրավիրված արտահերթ նիստի նախաձեռնողները չէին կարող հաշվարկած չլինել, ստացվում է, որ կարևորը ոչ թե օրենքն էր, որ կասկածելի է` կընդունվի ու կգործի՞, այլ` սեփական ուժերի փորձարկումը և համախմբումը: Բայց հանուն ինչի՞ ու ու՞մ դեմ: Այս հարցերի պատասխանների մեջ է ամբողջ պատմությունը, որ դեռ շարունակվում է ու հեռու է հանգուցալուծումից:

Դիտվել է՝ 4607

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ