1988 մարտիմեկյան իրադարձությունների հետևանքով զոհված քաղաքացիների հարազատները հույս ունեն, որ արյունալի հետընտրական իրադարձություններից 10 տարի անց արդարությունը կվերականգնվի, և կազատազրկվեն բոլոր մեղավորները։ 2008-ի մարտի 1-ին զոհված Արմեն Ֆարմանյանի հայրը՝ Վաչագան Ֆարմանյանը, երեկ լսել է Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի՝ ՀՔԾ ներկայանալուց հետո արած հայտարարությունները, որոնցում վերջինս պնդում է, թե գործը շինծու է, ինքը մեղավոր չէ, և որ 10 զոհերի մահվան հետ ինքը որևէ առնչություն չունի։ «Խի ինքը չի գտնու՞մ, որ ամեն ինչի մեղավորը հենց գերագույն հրամանատարն ա: 10 տարի առաջ եթե ծնողները մեղադրում էին սպանողներին, դիպուկահարներին, հրաման տվողին, թող իրանք դուրս գային ասպարեզ, ապացուցեին, որ իրենք չէին: Ծնողների պահանջն ա, ժողովրդի պահանջն ա, պետք ա դատվի արդարացի բոլոր հանգամանքներով: Բա զենքը ո՞նց հասավ դիպուկահարին, կարող ա՞ Ադրբեջանից բերին»,- ասաց Վաչագան Ֆարմանյանը:
Արմեն Ֆարմանյանը 33 տարեկան էր, զոհվել է գլխին ստացած հրազենային վիրավորումից: Ֆարմանյանի հայրը տարիներ շարունակ մյուս զոհերի հարազատների հետ պնդում էր, որ իրենց որդիներին սպանել են 2008-ի գործող իշխանությունները: Նա հակադարձում է Քոչարյանի այն պնդմանը, թե բանակը ներգրավված չի եղել մարտի 1-ի, 2-ի իրադարձություններում, երբ բախումների հետևանքով զոհվեց 8 քաղաքացիական անձ և 2 ոստիկան։
Մարտի 1-ի զոհերից Գոռ Քլոյանի հայրն էլ՝ Սարգիս Քլոյանը, հարց է ուղղում Ռոբերտ Քոչարյանին․ «Պարոն Քոչարյան, բա որ չգիտեիր, ո՞նց էիր ասում՝ ավտոբուսի հետևից կրակում են ոստիկանների վրա ու թաքնվում են: Էդ ժամանակ քեզ որտեղի՞ց էդ ինֆորմացիան, ո՞նց չգիտեիր, շատ լավ էլ գիտեիր, չես կարող արդարանալ, արդեն ուշ ա»:
Անցած տասը տարիներին տասը զոհերի մահվան մեղավորներին պատժելու պահանջով տարբեր ատյաններ, ընդհուպ Եվրոպական դատարան դիմած հարազատները պնդում են՝ Ռոբերտ Քոչարյանից բացի, պետք է պատժվեն նաև 2008-ին արտակարգ դրություն հայտարարելուց հետո որոշումներ կայացրած բոլոր բարձրաստիճան պաշտոնյաները։
Զոհերից Հովհաննես Հովհաննիսյանի կինը՝ Լիլիա Մինասյանը հակադարձում է Հայաստանի երկրորդ նախագահի հերքմանը, թե չգիտի ովքեր են կրակ բացել։ Հովհաննիսյանի այրին պնդում է՝ ամուսնու և մյուսների ձեռքին զենք չի եղել․ «Զենքը եղել ա հենց իրանց մոտ, իրանք էլ կրակել են անմեղ մասսայի վրա: Հիմա ոնց ա արդարանում, չգիտեմ, ամեն դեպքում՝ ինքն էս ամեն ինչի համար պետք ա պատասխանի»: Լիլիա Մինասյանը կարծում է, որ հեռու չէ այն օրը, երբ ինքը կիմանա, թե ում հրամանով է սպանվել ամուսինը։