Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ամեն օր զարմանք ու շոկ է ապրում, երբ նրան տեղեկացնում են, թե ինչ չափի թալան է իրականացվել երկրում: Անգամ հոգեկան հավասարակշռությունը պահելու համար արգելում է համապատասխան պաշտոնյային միանգամից այդքան տեղեկություններ մեկ օրում իրեն հաղորդել: «Ես էսօր ապշած եմ, թե Հայաստանում կոռուպցիան ինչ ծավալի է եղել: Դա ուղղակի աներևակայելի է, և իմ ամենասուր ելույթը կոռուպցիայի մասին ուղղակի ծիծաղելի է այն թալանի իրական մասշտաբների հետ, որը տեղի է ունեցել: Երկու ամիս է անցել, և ամեն օր ես զարմանում եմ՝ ո՞նց, ըտենց պրոբլեմ էլ ունի՞ էս երկիրը, լու՞րջ եք ասում: Եվ որքանով հասկանում եմ, դեռ մի չորս ամիս էլ ես զարմանալու եմ: Ես ամեն օր ստանում եմ տեղեկություն, որն ինձ զարմացնում է, ես հրաժարվում եմ հավատալ էդ տեղեկություններին, մինչև ինձ ապացույցներ չեն ներկայացնում... Պատկերացրեք մի երկիր, որտեղ վարչապետն ամեն օր շոկի է ենթարկվում»,-այսօրվա մամուլի ասուլիսի ընթացքում հայտարարեց վարչապետը՝ խոսելով և կոռուպցիայից, և կադրային քաղաքականությունից, և արտաքին քաղաքականությունից: Վերջին հարթությունում հետաքրքիր «վերափոխումներ» կային:
Վերջերս Փաշինյանի հայտարարություններից վրդովված ԵՄ-ին նա շտապեց հանգստացնել և իր խոսքը մեղմորեն կառուցել՝ հայտարարելով, թե ընդամենը նպատակ է ունեցել եվրակառույցներին ու եվրաչինովնիկներին հասկացնել, որ Հայաստանն այլևս նույնը չէ: «Մինչև իմ բրյուսելյան այցը եղել է ԵՄ հայտարարություն, որ պատրաստվում են աջակցել ինչ որ ձևով, և ես այս համատեքստում իմ տարակուսանքն եմ արտահայտել, որ ԵՄ առաջարկած բանաձևը չի աշխատում հենց ԵՄ քաղաքականության համար և ինձ համար տարակուսելի է, որ ԵՄ մի շարք գործընկերներ ինձ հետ հանդիպումներում ասում են, թե ինչպես նախկինում, այսօր էլ Հայաստանում ակնկալում են փոփոխություններ: Ինձ համար զարմանալի է, որ ԵՄ-ում կան մարդիկ, որ չեն նկատում Հայաստանում կատարված փոփոխությունները: Ես նրանց օրինակներ եմ բերել, որ Հայաստանի կառավարությունը երկու ամսում կոռուպցիայի դեմ պայքարում առանց մի լումա ծախսելու արել է ավելին, քան նախորդ իշխանության պարագայում ԵՄ հետ գործակցությամբ տասնյակ միլիոն դոլարներ ծախսելով: Եվ սա կարելի է ասել բազմաթիվ այլ կետերի մասին, ես ընդամենը սա եմ ասել»: Իսկ աշխարհաքաղաքական մյուս գործընկերոջ՝ Ռուսաստանի պարագայում բավական կոշտ էր Փաշինյանը:
Վերահաստատելով, որ մենք պետք է պատրաստ լինենք ռազմական ցանկացած գործողության, Փաշինյանն ուղիղ տեքստով ասաց. «ՌԴ-ն որպես գերտերություն ունի հնարավորություն թույլ չտալ պատերազմի վերսկսումը մեր ռեգիոնում: Եվ ես չեմ կարող հավատալ, որ Հայաստանի ռազմավարական դաշնակից Ռուսաստանը իր լծակները չի օգտագործի տարածաշրջանում պատերազմի վերսկսումը թույլ չտալու համար: Ես չեմ հավատում դրան: Ես չեմ կարող հավատալ, որ Ռուսաստանը թույլ կտա պատերազմ կամ չի օգտագործի իր լծակներն Ադրբեջանին սադրանքից հետ պահելու համար»:
Սա պարզ տեքստով, ոչ դիվանագիտորեն ասված խոսք էր Ռուսաստանին, այսինքն, եթե Ադրբեջանը որևէ սադրանքի դիմի, ուրեմն դրա թիկունքում Ռուսաստանի առնվազն լուռ համաձայնությունն է: Այս միտքն ինչ արձագանք կունենա ռուսական շրջանակում և դրա հետևանքով սահմաններում ինչ իրավիճակ կլինի, կերևա առաջիկայում: Հայտնի է, որ ռուսական էլիտան մեծ վերապահումներ ունի Հայաստանի նոր իշխանությունների հանդեպ, իսկ նման հայտարարությունները հաստատապես անարձագանք չեն մնա: Իսկ սահմանում շարունակվում է իրավիճակը լարված մնալ:
Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆ