Դեռ երկու օր առաջ ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանը հայտարարեց, որ հրաժարական չի տալիս, միաժամանակ Արթուր Վանեցյանի թեկնածությունը լավագույնը համարելով: Ինչպես ասում են՝ Հայրապետյանը շատ խառն է, մի կողմից չի ցանկանում հրաժարական տալ, բայց իր գործին «խփող» Արթուր Վանեցյանի ընտրությունը իրեն տարօրինակ ոճով համարում է «լավագույն լուծումը»: Այսօր արդեն Արթուր Վանեցյանն է հայտարարել, որ պատրաստ է ստանձնելու ՀՖՖ նախագահությունը, եթե ֆուտբոլային աշխարհի ներկայացուցիչները իրեն հավաստիացնեն, որ դեմ չեն, որ նա լինի ֆեդերացիայի նախագահ: Իսկ ֆուտբոլի ներկայացուցիչները (հատկապես ներսի պատասխանատուները) պատրաստ են անգամ ցանկացածին հավանություն տալու, միայն թե ազատվեն Ռուբեն Հայրապետյանից: Ակնհայտ է, որ ԱԱԾ տնօրենը հենց այնպես հայտարարություն չէր անի՝ չունենալով վստահություն, որ հենց ինքն էլ ապագայում ղեկավարելու է ՀՖՖ-ն:
Սակայն այս պատմության մեջ ամենաէականն այն է, որ Հայաստանում վաղուց բոլորը հույսը կտրել էին, որ հնարավոր է ֆուտբոլն ազատագրել Ռուբեն Հայրապետյանից, նրա ստեղծած անհասկանալի մեթոդներից ու քաղաքականությունից: Բայց ուրբաթը շաբաթից շուտ եկավ, ու նա ԱԱԾ ղեկավարին դեմ հանդիման դուրս եկավ, իսկ վերջինիս տեղեկացմամբ նրանք նախօրեին հանդիպել են: Պարզ է, չէ՞, որ Արթուր Վանեցյանը ձեռնունայն չէր գնացել հանդիպման, նա, հավանաբար, ԱԱԾ դարակներում պահված մի մեծ փաթեթ է դրել Ռուբեն Հայրապետյանի սեղանին: Ասել է՝ նրան այլընտրանք չի մնում, եթե ոչ ինքնակամ զիջել աթոռը: Ընդհանրապես հին Հայաստանի խոցելի տեղը նոր Հայաստանի պաշտոնյաները շատ լավ գիտեն: Եթե փորձում են մի փոքր համառել, ԱԱԾ-ով հիշեցնում են նախկին «մեղքերը»: Իսկ Ռուբեն Հայրապետյանի պարագան լրիվ այլ էր, պահանջվեց անձամբ ԱԱԾ ղեկավարի գործուն միջամտությունը: Նա էլ փորձեց հարցը լուծել երկուսը մեկում տարբերակով:
Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆ