ԱՄՆ-ի նախագահական ընտրություններում Դոնալդ Թրամփի հաղթանակը չի փոխի վերաբերմունքը ուկրաինական ճգնաժամի նկատմամբ՝ հայտարարել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը։ «Վաշինգտոնի սկզբունքային վերաբերմունքը ուկրաինական և նույնիսկ եվրոպական հարցերի նկատմամբ չի փոխվի այն առումով, որ Վաշինգտոնը միշտ կձգտի իր վերահսկողության տակ պահել այն ամենը, ինչ տեղի է ունենում ՆԱՏՕ-ամերձ և բուն ՆԱՏՕ-ի տարածքում»,- ընդգծել է նա։               
 

Ոստիկանները հաճույքով ակնդրում են եկեղեցուն սպառնացողների գործողություններին

Ոստիկանները հաճույքով ակնդրում են  եկեղեցուն սպառնացողների գործողություններին
17.07.2018 | 02:39

«Նոր Հայաստան, նոր Հայրապետ» շարժման մասնակիցները, ըստ երևույթին, այնքան են տարվել «նոր» Հայաստանում տիրող «սիրով ու հանդուրժողականությամբ», որ մոռացել են, թե ինչ ասել է բանականություն, սեր, համերաշխություն, բարություն և այլն: Նրանց գործողությունները գնալով անտանելի են դառնում, հատկապես այն դեպքից հետո, երբ մի խումբ քաղաքացիներ շրջափակել էին վեհափառին՝ թույլ չտալով նրան տեղաշարժվել: Թե ինչ է վերջիններիս ուզածը, անհայտ է գուցե հենց իրենց, քանզի հոգևոր հայրապետի հրաժարականի պահանջը չի կարող տեղավորվել գիտակից մարդու ուղեղում: Այն, որ կաթողիկոսի հրաժարականի պահանջ ներկայացնելու իրավունք ունեն բացառապես բարձրաստիճան հոգևոր հայրերը, պարզից էլ պարզ է: Հասկանալի է նաև, որ այդ մի խումբ քաղաքացիների ուզածը ոչ այլ ինչ է, եթե ոչ սեփական շահերի առաջմղումը, կամ էլ արևմտյան որևէ կառույցի տրամադրած դրամաշնորհից բխող հետևանք է սոսկ:


Տարօրինակն այս ամենում «նոր» Հայաստանի նոր կառավարիչների որդեգրած քաղաքականությունն է՝ չանել ոչինչ ու լուռ հետևել, թե ինչպես կզարգանան դեպքերը:
Իրավապահ մարմինները կարծես մոռացել են, որ բացի սեր ու հանդուրժողականություն քարոզելուց՝ ամենից առաջ կարգ ու կանոն պետք է հաստատել երկրում, ապահովել յուրաքանչյուր քաղաքացու ազատ տեղաշարժը, հսկել ու պահպանել պետության համար կարևոր նշանակությամբ տարածքները՝ թույլ չտալով վտանգել դրանք: Բայց ոստիկաններն արդեն տևական ժամանակ հանդուրժում են Մայր աթոռի տարածքում սեփական քմահաճույքով տեղաշարժվող վերոնշյալ քաղաքացիների արարքները, անգամ այն դեպքում, երբ վերջիններս պահանջում են գանձարանից հանել ազգային եկեղեցու սրբագույն գանձերը: Իրավապահները հանգիստ ակնդրում են նաև կաթողիկոսի հրաժարականը պահանջող քաղաքացիների ու հոգևորականների վեճերին ու հրմշտոցին, օրենքի տառին համապատասխան շարժվել քարոզողները ձեռքները ծալած նայում են, թե ինչպես է կաթողիկոսը շրջափակման մեջ հայտնվում:


Թե իրականում ինչ է մտածում այս ամենի մասին ոստիկանապետ Վալերի Օսիպյանը, թերևս միայն նրա վերադասին կարող է հայտնի լինել, որի կառավարության կազմում արդեն իսկ կրոնական այլ հայացքների հարող մարդիկ են տեղ գտնում: Վերջիններս չեն էլ թաքցնում, որ առաքելական եկեղեցու հետևորդ չեն ու իրենց կազմակերպության բացահայտ քարոզն են անում: Պարզից էլ պարզ է, որ «նոր» Հայաստանի կառավարությունում տեղ գտած «այլախոհներն» իրենց շարքերն աստիճանաբար կհամալրեն նոր անդամներով՝ այս կերպ վտանգի տակ դնելով ազգային եկեղեցու արժեհամակարգը:
Խնդրին, անկասկած, տեղյակ է վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Նա այս ամենին անդրադարձել է հպանցիկ, հարևանցի: Իր ավանդական ուղիղ եթերի ժամանակ հայտարարել է, թե ներեկեղեցական դեպքերը դեռևս հանրային նշանակությամբ հնչեղություն չունեն, հետևաբար իրենք միջամտելու անհրաժեշտություն չեն տեսնում: Մոլագարներին սթափվելու ու եկեղեցուց հեռու մնալու կոչի փոխարեն Փաշինյանը եկեղեցականներին է կոչ արել հավաքվել ու «իրար մեջ եղած հարցերը լուծել»:


Վարչապետի այս հայտարարությունը խորհելու տեղիք է տալիս. կամ նրան շահեկան է այս ամենը, կամ էլ ուղղակի «հավես չունի» կոչ-հորդորով հանդես գալու: Նոր իշխանությունները կարծես թքած ունեն, թե ինչ է կատարվում եկեղեցու շուրջ: Ոչ մի չինովնիկ եկեղեցուց հեռու մնալու հայտարարություն չի հնչեցրել: Ավելին, տխրահռչակ այդ նախաձեռնության «պարագլուխներից» մեկը՝ Կարեն Պետրոսյանը, բուհի տնօրենի պաշտոն է ստացել: Այս կերպ կառավարությունը փաստացի ցույց է տալիս, որ եկեղեցու դեմ դուրս ելածների գործունեությանը բնավ էլ դեմ չէ: Տպավորությունն այն է, թե Փաշինյանը «սեփական» կաթողիկոս ունենալու նպատակ ունի, և իրավիճակը շահեկան է նաև նրա համար: Եթե իրոք այդպես է, ապա մենք խոր մոլորության մեջ ենք: Այնպիսի մոլորության, որ սրբել-տարել է թե՛ բանականություն, թե՛ միտք ու հոգի:


Սևակ ՎԱՐԴՈՒՄՅԱՆ

Դիտվել է՝ 5379

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ