Առաջին փոխվարչապետ Արարատ Միրզոյանի խոսքով՝ կառավարությանն առընթեր ընտրական օրենսդրության բարեփոխության հանձնաժողովը որևէ շփոթ չի առաջացնի նույն նպատակով խորհրդարանում ստեղծված աշխատանքային խմբի գործունեության հետ:
Այսօր կառավարությունում վերոնշյալ հանձնաժողովի առաջին նիստն էր գումարվել: Միրզոյանի տեղեկացմամբ՝ «բավականին աշխույժ քննարկում է եղել»։
Լրագրողների հետ զրույցում փոխվարչապետը տեղեկացրեց, որ ռեյտինգային (համամասնական բաց ցուցակներով- հեղ.) ընտրակարգի վերաբերյալ այսօր քննարկում չի եղել: Սակայն նա նշեց՝ քննարկումների շրջանակում ընտրակարգի վերաբերյալ երկու մոտեցում է շրջանառվում՝ 100 -տոկոսանոց համամասնական և խառը համամասնական ընտրակարգ, երբ «մեկ համամասնական ցուցակ է, որտեղ քաղաքացիները կարող են վերադասավորումներ անել իրենց քվեով»։
«Սրանք երկուսն էլ առայժմ շրջանառվող վարկածներ են, որևէ որոշում հարցի շուրջ չկա»,- ասաց Միրզոյանը՝ ընդգծելով, որ փաստաթղթի վերջնական տարբերակը կուղարկվի Վենետիկի հանձնաժողով՝ փորձաքննության։
Նշենք, որ արտահերթ ընտրություններից առաջ Ընտրական օրենսգրքի փոփոխությունների մշակմամբ զբաղվելու է միանգամից երկու հանձնաժողով՝ մեկը կառավարությունում, մյուսը՝ Ազգային ժողովում:
Սևակ ՎԱՐԴՈՒՄՅԱՆ