Մոսկվայի քաղաքապետ Սերգեյ Սոբյանինը հայտնել է Ռուսաստանի մայրաքաղաքի ուղղությամբ թռչող 4 անօդաչուի գրոհը հետ մղելու մասին։ ՌԴ ՊՆ հակաօդային պաշտպանության ուժերը Ռամենսկի քաղաքային շրջանում հետ են մղել Մոսկվայի ուղղությամբ թռչող երկու անօդաչուի գրոհը, ավելի ուշ խոցվել է ևս երկու անօդաչու։ Նախնական տվյալներով՝ բեկորների ընկնելու վայրում ավերածություններ և տուժածներ չկան։               
 

Գնամ ու շնորհավորեմ Հաղթանակի օրը

Գնամ ու շնորհավորեմ Հաղթանակի օրը
08.05.2015 | 10:35

Անհուն բերկրանք է համակում քեզ, երբ հին ճակատայիններին ես հանդիպում, Վլադիկ Խաչատրյանի նման մարդկանց, ովքեր երկիր են պահել, պաշտպանել ու այսօր էլ մնացել հայրենիքին հավատարիմ նույն զինվորը։
Վլադիկին Ստեփանակերտում եմ հանդիպել, 2005-ի աշնանն էր։ Նա այդ ժամանակ պաշտպանության բանակի հրամանատարի` անձնակազմի հետ տարվող աշխատանքի գծով տեղակալն էր։ Մեր առաջին հանդիպումն էր դա։ Ինձ հիացնում էր նրա համեստ, զուսպ, շարային ձգվածությամբ պահվածքը։ Ծառայության ծանրությունն արժանապատվորեն տանող, ուժեղ բնավորության տեր զինվորականի պահվածք էր դա։
Երբ մոտիկից ծանոթացա հետը, իմացա, որ ազատամարտի տարիներին հրետանային դիվիզիոնի հրամանատար է եղել, պաշտպանական շրջանի հրետանու պետ, ապա` պաշտպանության բանակի հրետանու վարչության շտաբի պետ։ Երեք անգամ վիրավորվել է։ Կրծքին ամրացված մարտական պարգևների շերտաձողիկներից իմացա նաև, որ պարգևատրվել է 2-րդ աստիճանի «Մարտական խաչ» և «Վարդան Մամիկոնյան» շքանշաններով, բազմաթիվ գերատեսչական մեդալներով։ Չորս տարի ձգվող պատերազմում զինվորական երդմանը մինչև վերջ հավատարիմ մնալու ծանր փորձությանը դիմացել, ամեն ինչի վարժվել, ձեռք է բերել այն ամենը, ինչ պետք է ունենա հրետանային զորքեր կառավարող հրամանատարը։ Վլադիկը քաջ գիտակցում էր, որ հրամանատարի փորձառությունը վճռական դեր է խաղում ստեղծված մարտական բարդ իրադրություններում ճիշտ կողմնորոշվելու և համարձակ որոշումներ կայացնելու գործում։
Տասնյակ կիլոմետրեր ձգվող ռազմերթերի ու մարտերի ժամանակ նա շատ բան է տեսել։ Տեսել է, թե սերը դեպի հայրենիքը ինչպես է զինվորներին ոգեշնչում սխրանքի, թե նրանք հրետանային հուժկու կրակով ինչպես էին ոչնչացնում հակառակորդի ռազմական հենակետերը` կանգուն մնալով մինչև վերջ, ու ամեն անգամ հպարտությամբ է լցվել սիրտը հրամանատարի։ Տեսել է նաև պատերազմի անողորմ թրթուրների տակ տրորված, ոսոխի գնդակից սպանված մարտական ընկերներին և, թանկ կորուստների շամփրող ցավը ատամների տակ սեղմած, մտածել է այն մասին, որ ինքն այլևս չի լսելու նրանց կենդանի ձայնը, այլևս չի տեսնելու նրանց` քաջի մահով ընկած Նորայր Դանիելյանին, Սուրեն Անտոնյանին, Սամվել Սաֆարյանին, Կարեն Մնացականյանին... Ամեն անգամ մարտը շահելուց հետո այլևս չեն հավաքվելու միասին։ Նրանք ամենաթանկն են պաշտպանել` հայրենիքը։ Իրենց կյանքի գնով են պաշտպանել։
Նրանց բոլորին էլ հայրենի եզերքի նկատմամբ անհուն սերն էր միացրել։ Հանուն այդ նվիրական սիրո նահատակվելն անմահություն է։
Ո՛չ, նրանցից ոչ մեկը չէր ուզում նետվել դեպի մահացու վտանգը, պատերազմել, սպանել չէր ուզում, դա հայ մարդու բնույթը չէ։ Հայի բնույթը քրտնաջան աշխատանքով բարիք արարելն է։ Բայց նրանք չէին կարող զենք չվերցնել, չէին կարող չմարտնչել բարբարոսների դեմ, որ գալիս էին մեր խաղաղ շեներն ավերելու, պղծելու մեր բարի հողը։
Վլադիկն էլ կարող էր նահատակվել, կարող էր նրանց ճակատագրին արժանանալ։ Չեմ հիշում որտեղ եմ կարդացել. «Պատերազմում, որպեսզի ողջ մնաս, ոչ մի րոպե չպետք է ձեռքիցդ բաց թողնես հանգամանքների պիրկ սանձերը, նույնիսկ ամենաանհնարին պայմաններում էլ պիտի աշխատես ղեկավարել դրանք»։
Գուցե Վլադիկի համար բախտորոշ են եղել պահերը` այն առումով, որ ողջ է մնացել, բայց մի բան պարզ է. քաջակորով հրամանատարը իր ձեռքում ամուր է պահել այդ սանձերը, հաստատակամորեն ղեկավարել դրանք` ծանր վիրավորվելուց հետո էլ։
1993-ի հուլիսին էր։ Մարտերն արդեն ընթանում էին Աղդամի մատույցներում։ Այդ օրը «ՈՒրալով» տղաներին օգնության հասնող մարտական ջոկատն անսպասելիորեն հայտնվում է հակառակորդի ականանետային կրակի տակ։ Չեն հասցնում մեքենայից իջնել ու դիրքավորվել, ամեն ինչ կատարվում է հանկարծակի, ծխի ու փոշու մեջ, Վլադիկը զգում է, որ կորցնում է գիտակցությունը. պայթյունի ալիքը հրամանատարին դուրս էր նետել մեքենայից։ Կամքի գերագույն լարումով փորձել է ոտքի կանգնել, բայց չի կարողացել, ոտքերը չէին ենթարկվում իրեն. ոսոխի պայթած ականի բեկորներն արդեն իրենց սև գործն էին արել... Արնաքամ, ուշակորույս վիճակում նրան հասցնում են Դրմբոնի զինվորական հոսպիտալ։ Այդ օրը շատ էին վիրավորները` մեծ մասը բեկորային վերքերով։ Վլադիկին տեղափոխել են Ստեփանակերտ։ Հետո բուժումը շարունակել է Երևանի «Էրեբունի» հիվանդանոցում։
Հետագայում ես շատ բան իմացա գեներալ-մայոր Վլադիկ Խաչատրյանի անձնական արիության, նրա հրամանատարական տաղանդի մասին։ Իմացա, որ նա զինվորականի փորձն ու գիտելիքները բարձր կուլտուրայի հետ զուգորդելու կարողությամբ օժտված ու հաստատակամ հրամանատար է եղել, որ գերազանց էր տիրապետում նաև հրաձգային զենքից կրակելու արվեստին, այդ մասին նրա մարտական ընկերներն էին պատմում ինձ, նրանք, ովքեր Վլադիկի հետ պատերազմի դաժան դպրոցն են անցել։
Հրադադարից հետո Վլադիկ Խաչատրյանը շարունակել է ծառայությունը մարտերում փառքով պսակված պաշտպանության բանակում։ Եղել է հրետանային գնդի հրամանատար, պաշտպանության բանակի հրետանու վարչության պետ։ Զորացրվելուց հետո ԼՂՀ կրթության համակարգում է աշխատել, շուրջ յոթ տարի Լեռնային Ղարաբաղի կրթության և գիտության նախարարն է եղել։ Հիմա Մարտակերտի շրջանի վարչակազմի ղեկավարն է։
Օրեր առաջ զանգահարեցի Վլադիկին` կենսագրական որոշ մանրամասներ պարզելու։ Իմացա, որ Մարտակերտի շրջանի Ծաղկաշեն գյուղն է նրա ծննդավայրը, մտքով սլացա այնտեղ։ Ծաղկաշենում մինչև արցախյան շարժումն եմ եղել, ջուր եմ խմել նրա վճիտ աղբյուրներից, նրա խաղաղ առավոտների գույներով թաթախվել։ Երբեք չեմ մոռանա այդ օրերը։
Երբ հեռախոսով զրուցում էինք, մեր առաջին հանդիպումը հիշեցի, հիացումի, հպարտության պահերն այն, որ ապրել եմ նրա էությանն ու հոգուն հաղորդվելիս։ Հետաքրքրվեց, թե բնիկ որտեղից եմ, ասացի, որ Արցախի պատմական Վարանդայի Խերխան գյուղից եմ։ Դեմքը պայծառացավ, բերկրանքի, ոգեշնչման լույսով ողողվեց, ու ես հասկացա, որ բնակավայրերի ու դրանց անունների նկատմամբ հատուկ հետաքրքրություն ունի Վլադիկը։ Խոստովանեմ` առաջին անգամ էի հանդիպում այդքան պարզ, անկեղծ ու անմիջական գեներալի։ Արդեն պիտի հրաժեշտ տայի, բարձրացավ տեղից, ընդառաջ եկավ ինձ, ու ես տեսա, որ նրա մի ոտքն անդամահատված է։ Նկատեց, որ պրոթեզավորված ոտքին եմ նայում, մոտեցավ, ձեռքը մտերմաբար դրեց ուսիս ու ասաց. «Պատերազմը անողոք է մարդկանց նկատմամբ, բարեկամս։ Պատերազմի հասցրած խոր վերքերը դժվար են սպիանում ու միշտ քեզ հետ են, մինչև կյանքիդ վերջը։ Պետք է վարժվել դրանց, ուրիշ ելք չկա»։
Մարտերում հազար անգամ մահվան սառն աչքերին նայած Վլադիկը վաղուց է վարժվել ամեն րոպե զգացնող հին վերքերին ու չի բողոքում, չի գանգատվում, չունի այդ բնավորությունը. նա քաջ գիտե, թե ինչպիսի գնով է ձեռք բերվել հայրենի երկրի խաղաղությունը։
Տարիներ առաջ էր, եկել էր մեր գյուղ` Խերխան, իր մտերիմ ընկերներից մեկի հոր մահվան տարելիցի առիթով։ Ես այդ օրերին գյուղում էի։ Ամառ էր, հուլիս։ Արարողության ավարտից հետո, հանգուցյալի տան բակի թթենու ստվերում նստած, զրուցում էինք. խոսքը մեր օրերում հողի նկատմամբ մարդու սերն ու նվիրումը կորցնելու վտանգի մասին էր։ Գյուղացիները շրջապատեցին նրան։ Մեծահասակներ էլ կային։ Մտերմացավ հետները ու զրույցի բռնվեց։ Նրանց հետ խոսում էր, ինչպես հավասարը հավասարի հետ։ Այո, մարդկանց անկեղծորեն սիրելու, նրանց արժանապատվությունը հարգելու յուրահատկությամբ է նաև Վլադիկը տարբերվում մյուսներից։
Սկսեց անձրև կաթկթել, թեթև քամի բարձրացավ։ Գեներալը ելավ տեղից։ Միասին քայլեցինք տնամերձ այգին տանող արահետով։ ՈՒրցի, մասուրի, երիցուկի հոտն էր տարածվել այգում, թարմ հողահոտը։ «Այս ի՜նչ բույրեր են, պառկես կանաչներին, հայացքդ սուզես ամպերի մեջ, տրվես հուշերին»,- ասաց ու կանգ առավ բերքի ծանրությունից ճյուղերը հողին խոնարհած խնձորենու մոտ։ Նայեց ծառին, հայացքով տնտղեց ցողաթաց ճյուղերը, շոյեց տերևների զմրուխտե կանաչը ու սուզվեց խոհերի մեջ։ Լսել էի, թե զինվորականները բնությունը չեն նկատում, նրանց համար եղանակն է կարևոր։ Նայում էի բնության գեղեցկությանը անձնատուր եղած գեներալին ու խորհում. չէ, բոլորովին ուրի՜շ է Վլադիկ Խաչատրյանը, որ կարող է ամեն պահի բնական հրաշքներով հիանալ ու երջանկանալ դրանց պարգևած լույսով։
Իրենց մարտական սխրանքներով փառաբանված հին ճակատայինների մեջ ինչ-որ հուզիչ ու հիացնող բան կա, որ ձգում է քեզ։ Եվ ես անհամբերությամբ սպասում եմ օրերի տաքանալուն, որ գնամ Արցախ, կրկին հանդիպեմ Վլադիկին։ Գնամ ու շնորհավորեմ հաղթանակի օրը` նրա համար ամենապայծառ տոնը, ապրեմ այդ հմայիչ հոգու տեր մարդու հետ շփվելու անհուն բերկրանքը։


Սերժ ԱՌԱՔԵԼՅԱՆ

Դիտվել է՝ 2420

Մեկնաբանություններ