Մոսկվան ակնկալում է, որ Հայաստանի իշխանությունները թույլ չեն տա դպրոցներ տեղափոխել 8-րդ դասարանի պատմության դասագիրքը, որը խեղաթյուրում է 18-րդ դարավերջի և 19-րդ դարասկզբի Հարավային Կովկասի իրադարձությունները՝ ասված է ՌԴ ԱԳՆ հաղորդագրության մեջ: Ըստ այդմ՝ դասագրքի գլուխներից մեկում «Արևելյան Հայաստանի բռնի միացումը Ռուսաստանին» սադրիչ վերնագրով վերանայվել են 1826-1828 թ.թ. ռուս-պարսկական պատերազմի արդյունքներն ու Թուրքմանչայի պայմանագիրը կոչվել է Արևելյան Հայաստանի «բռնակցում»:                
 

ՀՀՇ-ի «ռենեսանսն» ու ՀԱԿ-ի «ռեալիզմը»

ՀՀՇ-ի «ռենեսանսն»  ու ՀԱԿ-ի «ռեալիզմը»
15.05.2013 | 21:47

ՀՀՇ-ի «վերածնունդը» նախկին ՀՀՇ-ականների, այսօրվա ՀԱԿ անդամների, մեղմ ասած, սրտով չէ: Նախկին ՀՀՇ-ի գրասենյակ այցելությանս բուն պատճառն այս առնչությամբ կարծիք լսելն էր, մասնավորապես՝ Արամ Մանուկյանից:
Գրասենյակում առաջինը մեզ դիմավորեց Վանո Սիրադեղյանը, չէ, մի խառնվեք, նրա լուսանկարը` երկրորդ հարկում, աստիճանների ուղիղ դիմացի սենյակի պատին, գլխարկը գլխին, խորհրդավոր պրոֆիլով: Դե, քանի որ դժվար թե իր հետ հարցազրույց ստացվեր, մտանք առաջին իսկ սենյակը: Պարոն Մանուկյանն ու մյուս ՀՀՇ-ՀԱԿ-ականներն այնտեղ էին: «Ինչո՞ւ չեք պատասխանում իմ զանգերին»,- դժգոհեցի: «Ձեր իրավունքն է զանգելը, իմը` չպատասխանելը»,-ժպտալով հակադարձեց Արամ Մանուկյանը և հավելեց, թե գիտի ինչ պիտի հարցնեն, դրա համար էլ չի պատասխանում զանգերին: Պարզվեց՝ մեր ակնկալած հարցն էլ հենց ակնարկում էր ՀԱԿ փոխնախագահը: «Դրա շուրջ չեմ ցանկանում ոչ մի մեկնաբանություն տալ, որովհետև ինձ համար կա մեկ թշնամի` Սերժ Սարգսյան»,-այսքանով ավարտվեց մեր հարցազրույցը:
Սակայն առանց ձայնագրիչի նախկին ՀՀՇ անդամները սուր պիտակներ «կպցրեցին» իրենց երբեմնի գործընկերներին` ընդհուպ մինչև «աբիժնիկներ»: Ավելին, ակնարկելով նախաձեռնողներից մեկին, նշեցին, որ մի մարդ, ով չորս-հինգ կուսակցություն է փոխում, ոնց կարող ես էդ տեսակ մարդուն վստահել, դա ի՞նչ մարդ է: Այստեղ համոզված են, որ այս նոր ուժն իրենից ոչինչ չի ներկայացնում և կարևոր խնդիրներից շեղելու «առաքելություն» է կատարում: «Սրանով ուզում են մեզ ու Լևոնին նյարդայնացնել, չի ստացվի: Մենք առաջ գնացող ենք»,-այսպիսի կարծիք ևս հնչեց: Նրանք նաև ՀՀՇ-ն «վերականգնողներին» հիշեցրին, որ եթե այդքան ուզում էին պահպանել այդ ուժը, ինչու կուսակցության «լենուբոլ, շեն» տարիներին դուրս եկան, բա թող մնային օգնեին, պայքարեին:
Ի դեպ, նկատենք, որ ՀՀՇ-ի «ռենեսանսի» նախաձեռնողներից մեկը` Հովհաննես Իգիթյանը, դեռ ՀԱԿ անդամ է, և, ինչպես մեզ վստահեցրին, դեռ կուսակցությունից դուրս գալու դիմում պիտի ներկայացնի, որպեսզի «հայտնվի» մյուսում:
Այնպես որ, թեև արտաքուստ նախկին ՀՀՇ-ականները հանգիստ էին ձևանում, փորձելով տպավորություն ստեղծել, թե իրենց բոլորովին էլ չի հետաքրքրում այս հարցը, իրականում բավականին խռովված էր նրանց անդորրը:


Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆ

Դիտվել է՝ 2695

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ