ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ դուրս կգա նախագահական ընտրապայքարից, եթե բժիշկները պարզեն, որ ինքն առողջական խնդիրներ ունի։ «Անկեղծ ասած, ես կարծում եմ, որ միակ բանը, որ տարիքը բերում է, իմաստությունն է»,- հավելել է Բայդենը։ Ավելի վաղ նա ասել էր, որ կհրաժարվի նախընտրական մրցապայքարից միայն այն դեպքում, եթե Աստված իրեն ասի դա անել։               
 

ՀԱԿ-ԲՀԿ «լիբերալ-բուրժուական» կոալիցիայի հեռանկարը

ՀԱԿ-ԲՀԿ «լիբերալ-բուրժուական» կոալիցիայի հեռանկարը
19.04.2013 | 00:55

Մայիսի 5-ին կայանալիք Երևանի ավագանու ընտրությունը համարվում է քաղաքական սեզոնի վերջին լուրջ միջոցառումը: Մայիսից հետո քաղաքական ուժերի համար լուրջ ստուգատեսներ են լինելու միայն երեք տարի անց, և կուսակցությունները ստիպված են խմբագրել սեփական սխալները, մշակել նոր մոտեցումներ, նոր մարտավարական հնարքներ, հանրությանն առաջարկել նոր գաղափարներ, ինչպես նաև դաշնակիցներ գտնել: Պարզ է, որ մայիսի 5-ին ՀՀԿ-ին հաղթելը այնքան էլ դյուրին գործ չէ, հատկապես երբ հաշվի ենք առնում այն փաստը, որ ՀՀԿ համամասնական ցուցակի առաջին համար, քաղաքապետի թեկնածու Տարոն Մարգարյանը հարաբերական առավելություններ ունի մյուսների նկատմամբ: Մյուս կողմից, ՀՀԿ-ն բավականին վստահ է իրեն զգում թե՛ վարկանիշային, թե՛ կազմակերպվածության, քաղաքական ենթակառուցվածքների արդյունավետ գործունեության հարցերում, ուստի և բավականին դժվար կլինի քաղաքապետի պաշտոնը վերցնել ՀՀԿ-ից:
Պետք է նշել, որ ՀՀԿ-ի ինքնավստահությունն է ստիպում մյուս կուսակցություններին որոշակի ծրագրեր և քայլեր իրականացնել սեփական դիրքերն ամրապնդելու և քաղաքական համակարգում դերակատարություն ունենալու համար: Հայաստանի քաղաքական համակարգն ունի մի կարևոր յուրահատկություն, այն է` կուսակցությունները գոյատևում են միայն իշխանության կազմում գտնվելու պայմանով, հակառակ դեպքում արագորեն սպառվում են և անցնում պատմության գիրկը` փակվելով, միաձուլվելով այլ կուսակցության հետ կամ պահպանելով միայն գրասենյակի տարածքն ու կնիքը: Սա հստակ ապացույցն է այն հանգամանքի, որ Հայաստանի քաղաքական գործընթացը չունի գաղափարական պայքարի ու գործունեության ավանդույթ և պոտենցիալ: Եվ հենց սա է գլխավոր պատճառն այն հանգամանքի, որ մենք տեսնում ենք գաղափարների, գաղափարախոսական պայքարի ոչ միայն բացակայություն, այլև այլանդակված ձևախեղում: Ականատեսն ենք մի իրավիճակի, երբ իշխանության համար պայքար մղող կուսակցությունների մեծամասնությունը չի էլ թաքցնում, որ ոչ մի գաղափարախոսություն չի դավանում և գործում է պահի թելադրանքի, իրավիճակային լուծումների համատեքստում:
Հայաստանյան քաղաքական իրականության վերջին «ապագաղափարախոսական փայլատակումը» ՀԱԿ-ԲՀԿ համագործակցությունն է: ԲՀԿ-ն ստեղծվեց Ռոբերտ Քոչարյանի իշխանության գլխավոր հենասյունը հանդիսացող ՀՀԿ-ին հավասարակշռելու և օլիգարխիկ շրջանակների շահերը երաշխավորված կերպով պաշտպանելու համար: ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանն էլ իր վարքագծով և կենցաղավարությամբ շարունակում է ապացուցել, որ իր ցանկացածը «մի մեծ բան չէ»` արտոնյալ պայմաններում կուտակած կապիտալի պահպանումն ու ավելացումը: Միայն թե նախագահ Սարգսյանը որոշեց իշխանությունը չկիսել օլիգարխիկ շրջանակների հետ և նրանց հետ վարվել ոչ թե երաշխիքներ տալու սկզբունքով, այլ հայեցողական մարտավարությամբ: Սա է պատճառը, որ ժամանակի ընթացքում ԲՀԿ-ն որոշեց դուրս գալ կառավարող կոալիցիայից և ստիպել նախագահ Սարգսյանին կիսել իշխանությունը ոչ թե հայեցողական տարբերակով, այլ երաշխիքային, փայատիրական սկզբունքով: Պետք է նշել, որ իր ստեղծման պահից ԲՀԿ-ն այդպես էլ չի որդեգրել գաղափարախոսություն և մշտապես գործել է «ժողովրդի հետ, ժողովրդի համար» տափակաբանական հռետորաբանությամբ:
Իր հերթին նորաստեղծ ՀԱԿ-ը Լևոն Տեր-Պետրոսյանի բազմաքայլ քաղաքական հաշվարկների արգասիքներից մեկն է, որտեղ ևս բացակայում են գաղափարախոսական մոտեցումները: Տեր-Պետրոսյանը մշտապես խոսել է ազատականությունից, սակայն իշխանության եղած տարիներին առաջնորդվեց իշխանությունը պահելու ֆեոդալական սկզբունքներով, 10 տարի լռելուց հետո փորձեց իշխանափոխություն իրականացնել «գունավոր» հեղափոխական տեխնոլոգիայով, այնուհետ երկխոսություն-համագործակցություն ծավալեց օլիգարխիկ ԲՀԿ-ի հետ: ՀԱԿ առաջնորդի մարտավարությունը պարզ է` Գագիկ Ծառուկյանն ունի ֆինանսական միջոցներ, որից կարելի է օգտվել, իսկ առաջին իսկ հարմար պահին «կծել տաքացնողին»: Խնդիրն այն է, որ 1998-2008 թվականներին Տեր-Պետրոսյանը բյուրեղացրել է իր շրջապատը` մյուսներին դիտարկելով միայն ժամանակավոր օգտագործվող գործիքի դերում: Այդ է պատճառը, որ «ՀԱԿ» կուսակցությունների դաշինքը վերացավ: Տեր-Պետրոսյանն այստեղ ուներ «ֆավորիտներ», որոնք պետք է գերիշխեին մյուսների հանդեպ միայն այն պարզ պատճառով, որ Տեր-Պետրոսյանին ավելի մոտ են գտնվում: Կար ևս մեկ պատճառ. «ՀԱԿ» կուսակցությունների դաշինքում կային գաղափարական, սկզբունքային գործիչներ, ովքեր համաձայն չէին Տեր-Պետրոսյանի գործունեության «պրագմատիկ» սկզբունքներին և դեմ էին օլիգարխների հետ համագործակցությանը:
Ինչևէ, ՀԱԿ-ԲՀԿ համագործակցությունը դեռևս սկզբնական փուլում է, սակայն պետք է նկատել, որ գաղափարախոսություն չունեցող և միմյանց հետ գաղափարական առնչություններ չունեցող այս ուժերի հետագա համագործակցությունը զգալի պոտենցիալ ունի: Տեր-Պետրոսյանը հասկացել է, որ նախագահ Սարգսյանը գնում է փոփոխությունների` որոշակիորեն սահմանափակելով հայկական օլիգարխիայի ախորժակն ու զրկելով նրանց որոշակի արտոնություններից: Սա, բնականաբար, դուրեկան չէ օլիգարխների շահերը սպասարկելու նպատակով ստեղծված ԲՀԿ-ին և նրա առանցքի շուրջ պտտվող, տարբեր պատճառներով այլ կուսակցություններում ծվարած օլիգարխներին: ՈՒստի և Տեր-Պետրոսյանը կարող է իր ծառայություններն առաջարկել օլիգարխներին` խոստանալով իշխանության հասնել նրանց ֆինանսական միջոցներով և «բարգավաճման» ավելի լավ պայմաններ առաջարկել, քան դա անում է Սերժ Սարգսյանը: Բնականաբար, այս ամենն արվում է քաղաքական գործընթացի քողի ներքո և, բնականաբար, արվում է «ժողովրդի հետ, ժողովրդի համար» տափակաբանական կարգախոսներով: Լևոն Տեր-Պետրոսյան-հայկական օլիգարխիա համագործակցության ձևաչափը կարող է բավականին արդյունավետ լինել, քանզի փողի պարկին կարող է ավելանալ պրոֆեսիոնալ հեղափոխական գիտելիքը, ինչը ՀՀԿ-ի համար լրջագույն գլխացավանքի է վերածվելու:
Միևնույն ժամանակ, առկա է նաև վտանգը, որ ՀԱԿ-ԲՀԿ համագործակցությունը կարող է ժամանակից շուտ վիժեցվել: Հայաստանի իշխանությունը անդրկուլիսյան ինտրիգների կազմակերպման ոչ միայն մեծ փորձ ունի, այլև տարիներ շարունակ հղկված հմտություններ, իսկ հայկական օլիգարխիան առանձնապես չի փայլում մտավոր կարողություններով և բազմաքայլ կոմբինացիաներ կատարելու ունակությամբ, ուստի և վտանգը մեծ է, որ հերթական անգամ Տեր-Պետրոսյանի խարդավանքների զոհն է դառնալու ճիշտ այնպես, ինչպես դա եղավ Խաչատուր Սուքիասյանի պարագայում: Ստացվում է, որ Տեր-Պետրոսյանը ձեռնոց է նետում իշխանությանը օլիգարխներին սեփական գործողությունների մեջ ներքաշելու համար, սակայն մի պարզ բան նրա հաշվարկներից դուրս է մնում, այն է` օլիգարխներն այլևս չունեն երբեմնի արժեքն ու կշիռը, այդ պատճառով էլ իշխանությունը գնում է փոփոխության` զսպելով օլիգարխների ախորժակն ու հավակնությունները: Ինչևէ, Տեր-Պետրոսյանի առաջարկած բուրժուա-դեմոկրատական հեղափոխության ապագան բավականին մշուշոտ է, քանզի հասարակական հարաբերությունների բուրժուա-դեմոկրատական փուլը Հայաստանը, կարծես, անցել է դեռևս 2000-ականների սկզբներին, իսկ պատմական զարգացման ընթացքը հետ տալն այնքան էլ դյուրին չէ:


Ալբերտ ՊՈՂՈՍՅԱՆ

Դիտվել է՝ 2372

Մեկնաբանություններ