Գազայի հատվածում և Լիբանանում հրադադարի մասին Իսրայելի համաձայնությունը կարող է ազդել հոկտեմբերի 26-ի հարձակումից հետո հրեական պետությանը հակահարված տալու Իրանի որոշման վրա՝ հայտարարել է ԻԻՀ նախագահ Մասուդ Փեզեշքիանը։ «Նրանք լավ գիտեն, որ եթե որևէ սխալ թույլ տան Իրանի Իսլամական Հանրապետության դեմ, կստանան ջախջախիչ պատասխան»,- ասել է նա:               
 

ՆԻՀԻԼԻԶՄՆ ԱՆԱՆՑՅԱԼ ԱՆՑՅԱԼԻ

ՆԻՀԻԼԻԶՄՆ ԱՆԱՆՑՅԱԼ ԱՆՑՅԱԼԻ
24.11.2009 | 00:00

1909 թվին Ֆիլիպո Թոմազո Մարինետին հեղինակում է «Ֆուտուրիզմի առաջին մանիֆեստը», 1912-ին Դավիդ Բուռլյուկը, Անդրեյ Կրյուչոնիխը, Վելիմիր Խլեբնիկովը, Վլադիմիր Մայակովսկին հրապարակում են «Ապտակ հասարակական ճաշակին», 1922-ին Ազատ Վշտունին, Գևորգ Աբովը, Եղիշե Չարենցն ազդարարում են «Երեքի դեկլարացիան», 1924-ին` Կարո Հալաբյանը, Միքայել Մազմանյանը, Եղիշե Չարենցը` «Ստանդարտի կուրսը»... Արդեն պատմական դարձած այս չորս փաստաթղթերը, որոնք բոլորովին տարբեր գրականությունների մասին վկայող փաստ ու պատմություն են, միավորում է մեկ ու կարևորագույն հատկանիշ. բոլոր մերժելի, այսօր գուցե և անհեթեթ հնչող դրսևորումներով հանդերձ, դրանք նպատակ ունեին զարգացնելու արվեստն ու մշակույթն ընդհանրապես, քաղաքակրթության նոր որակ հաստատելու: Որքան էլ ակնհայտ են երկրների (Իտալիա, Ռուսաստան, Հայաստան), ժամանակների (1909-1912-1922-1924), քաղաքական համակարգերի (հանրապետություն, միապետություն, սովետական իշխանություն) տարբերությունները, այս փաստաթղթերն ունեն օրինաչափ ընդհանրություններ. նախ` նորի հաստատման բուռն ձգտումը, ապա` արվեստի ուժի գիտակցումն ու ինչ-որ չափով բացարձակացումը: Վերջապես` հախուռն ու ինքնավստահ ինքնահաստատումը, որ բոլոր ժամանակներում ու բոլոր երկրներում սկզբնապես ընթանում է նախկին արժեքների ժխտմամբ, ապա միայն գիտակցմամբ ու գնահատմամբ:
Ի վերջո` ի՞նչ էր ուզում Ֆիլիպո Թոմազո Մարինետին. «Չափազանց երկար է Իտալիան եղել ամեն կարգի հնությունների աղբանոց: Թանգարանային անթիվ-անհամար անպետքությունից, որ մեկ վիթխարի գերեզմանոցի է նմանեցնում, պետք է մաքրել մեր երկիրը:
Թանգարաններ և գերեզմանոցներ. դրանք իրարից չեն տարբերվում` մռայլ կուտակումներ բոլորին անհայտ և իրարից չտարբերվող դիակների: Դրանք հասարակական քնարաններ են, որտեղ կուտակվում են խղճուկ ու անհայտ տականքները: Նկարիչները և քանդակագործները միմյանց նկատմամբ իրենց ամբողջ ատելությունն են ներդնում բուն թանգարանի գծերում ու գծագրերում:
Տարին մեկ անգամ թանգարան գնալը, ինչպես գերեզմաններ են գնում հարազատների շիրմին այցի, դեռ կարելի է հասկանալ: Նույնիսկ Ջոկոնդային ծաղիկներ ընծայելը մի կերպ կարելի է ներել: Բայց քարշ գալ այնտեղ ամեն օր մեր թուլություններով, վշտերով, թախիծներով` բացարձակ հիմարություն է: ՈՒրեմն ինչո՞ւ մեր հոգին թունավորենք: ՈՒրեմն ինչո՞ւ փսլինքներս թափենք:
Ի՞նչ լավ բան կտեսնես հին նկարում: Միայն նկարչի խղճուկ ջանքերը, որ իզուր ձգտել է հաղթահարել նյութի արգելքները, որոնք այդպես էլ նրան թույլ չեն տվել արտահայտել իր մտահղացումը:
Հիանալ հին նկարով` նշանակում է կենդանի թաղել սեփական լավագույն զգացումները: Ավելի լավ է դրանք օգտագործել, ուղղել դեպի աշխատանքային, ստեղծագործական հուն: Հանուն ինչի՞ անօգուտ ծախսել ուժերն անցյալի համար անտեղի հոգոցների վրա: Դա հոգնեցնում է, ձանձրացնում, ամայացնում:
Ինչի՞ համար են ամենօրյա այցելությունները գրադարաններ, ակադեմիաներ, ուր թաղված են չիրականացած հղացումները, խաչված են լավագույն բաղձանքները, դասավորված են խորտակված պատրանքները: Ստեղծագործողի համար դա նույնն է, ինչ չափազանց ձգձգված խնամակալությունը խելոք, տաղանդավոր, փառասիրական ձգտումներով լի երիտասարդի նկատմամբ» («Մայրենի», 1993, N 4-5-6, էջ 26):
Սխա՞լ է, ծայրահե՞ղ, մերժելի՞ է: Իհարկե: Բայց` երբ սխալ ու ծայրահեղ է ընկալվում, երբ մերժվում է ամբողջովին: Մեր գնահատումներում սովորաբար հիմք ենք ընդունում մեր ու մեզ հայտնի փորձը, բայց այս պարագայում Մարինետիի մանիֆեստը գնահատելու համար պետք է տեղյակ լինել Իտալիայի պատմությանն ու 1909-ի քաղաքական-մշակութային վիճակին: Ոչ մի տեղ այնպես չի զգացվում այս մանիֆեստի անհրաժեշտությունը, որքան Հռոմում, Ֆլորենցիայում, Վենետիկում (Իտալիայում` ընդհանրապես), որ պատմության բերումով քաղաք-թանգարաններ, քաղաք-պատմության գերեզմանոցներ են, և ոչ մի տեղ այդքան դժվար չէ ստեղծագործողի համար` խիզախել նոր խոսք ասելու, որքան Իտալիայում, որովհետև բավական է շուրջբոլորդ նայես, որ հասկանաս` ամեն ինչ ասված է, ամեն ինչ հրաշալիորեն գտնված ու արձանագրված է` ճարտարապետություն, քանդակագործություն, նկարչություն, երաժշտություն, գրականություն... Եվ միանգամայն հասկանալի է ու ակնհայտ, որ պետք է ձերբազատվել անցյալի իշխող արվեստի կապանք-կաղապարներից, որպեսզի հնարավոր դառնա սեփականը ստեղծելը: Հենց անցյալից ձերբազատումն է Մարինետիի մանիֆեստի պատճառը: Այս ճանապարհն անցնում են շատերը, բայց միայն Մարինետին է մանիֆեստ հեղինակել (տպագրվել է Փարիզում, ֆրանսերեն): Արվեստը (նաև գրականությունը), անշուշտ, չի ստեղծվում բանաձևերով ու մանիֆեստներով, սակայն բանաձևերն ու մանիֆեստներն այն քարերն են, առանց որոնց կառույցը չի կայանա: Մանիֆեստների ստեղծման փաստը զարգացման ուղիների որոնման փաստ է, այլապես գրականությունն այդ բանաձևերն ու մանիֆեստներն ընդհանրապես չէր ստեղծի` ինքն էլ ստեղծվելով ըստ իր ստեղծածի: Իսկ 20-րդ դարը, որ հեղաշրջումներով-հեղափոխություններով, պատերազմներով, կայսրությունների կործանմամբ ու ստեղծմամբ, քաղաքական իրադարձություններով հարուստ էր, հարուստ էր և մանիֆեստներով, որոնք դարասկզբից մինչև դարավերջ նախորդում ու հաջորդում էին քաղաքական փոփոխություններին:
Հայաստանում Չարենցի պես բոլորն էլ (այս կամ այն չափով) տեղյակ էին իրենց երկրի պատմությանը, բայց միայն նա խիզախեց գնահատել այդ պատմությունն ու խիզախեց հերքել այդ պատմությունը` իր հերքման խարույկ նետելով անցյալի արժեքները, որովհետև ուներ վերագնահատության կարիք, զգում-հասկանում-կարևորում էր վերագնահատումը` առաջ գնալու համար: Եվ հերքեց գեղարվեստորեն կատարյալ ու համոզիչ: Սխալվո՞ւմ էր, ծայրահե՞ղ էր գնահատումներում: Ինչպես վիրաբույժը, որ հատում է հիվանդ անդամը` բուժելու համար մարմինը: Դա, իհարկե, ցավոտ է, բայց անհրաժեշտ` ապրելու համար:

Իսկ ժողովո՞ւրդը, որ եղել է հանճարեղ,
Եղել է որմնադիր, եղել է կառուցող...
...Ապրել է նա իր ճորտային կյանքով,
Խոր խավարում` արև երազել,-
Եվ երգել է դարեր իր ռամկական հանգով
Իր խոհերը արդար ու վսեմ:

Բանաստեղծական ու մարդկային խիզախությունը, ողջախոհության ու խելամտության ընդունված սահմանների մեջ չտեղավորվող սերը, այդ ամենի ու այդ ամենից արվող հետևությունների համար պատասխանատվությունը, երկրի ու ժողովրդի անցյալի, ներկայի ու ապագայի տիրոջ զգացողությունը միայն կարող էին թույլ տալ գրել.
Եվ այսպես-պատմության քառուղիներով
Անցել ենք անղեկ ու անգաղափար,
Շառագունված անվերջ ուրիշների հրով,-
Եվ մեր ճանապարհը անփայլ
Եղել է ճանապարհ ունայնության, մահի-
Եվ չենք կարող այսօր ձեզ մեծարել
Օ, նախնիներ մեր խեղճ, առաջնորդներ մեր հին,-
Մեր պատմություն անդեմք ու անհանճարեղ...

Եվ այդքանից հետո` հաստատել.

Մոլորակի վրա այս խայտաբղետ,
Աշխարհի սկզբից մինչև վախճանը
Երևի առաջին ժողովուրդն ենք մենք,
Որ կամենանք անգամ-դավաճանել
Անկարող ենք փառքին մեր ու պատմությանն անցած,
Եվ կանգնած ենք ահա ապագայի հանդեպ
Զարմանալի թեթև, զարմանալի անդեմ`
Մերկության պես տկլոր ու անանցյալ...

Սա՞ է պատմության ժխտումը: Հազիվ թե: Առնվազն սա անցյալի արժևորումն է, որ հաստատելով առաջ է տանում: Եվ անհեթեթ է հեղինակին դրա համար մեղադրել: Պարզապես պետք է նախ` ձերբազատվել բառերի կախարդանքից ու իմաստի մեջ խորանալ և ապա` ձերբազատվել այն ամենից, ինչ 20-րդ դարի 30-ական թվականներից հետո գրվել է Չարենցի մասին ու վերագրվել է Չարենցին` քաղաքական նկատառումներով:

ԱՆԱՀԻՏ ԱԴԱՄՅԱՆ
Բանասիրական գիտությունների թեկնածու

Դիտվել է՝ 3418

Մեկնաբանություններ