Գազայի հատվածում և Լիբանանում հրադադարի մասին Իսրայելի համաձայնությունը կարող է ազդել հոկտեմբերի 26-ի հարձակումից հետո հրեական պետությանը հակահարված տալու Իրանի որոշման վրա՝ հայտարարել է ԻԻՀ նախագահ Մասուդ Փեզեշքիանը։ «Նրանք լավ գիտեն, որ եթե որևէ սխալ թույլ տան Իրանի Իսլամական Հանրապետության դեմ, կստանան ջախջախիչ պատասխան»,- ասել է նա:               
 

ԻԲՐ ԱՆՎՃԱՐ Է, ԲԱՅՑ ՓՈՂ ԵՆՔ ՏԱԼԻՍ

ԻԲՐ ԱՆՎՃԱՐ Է, ԲԱՅՑ ՓՈՂ ԵՆՔ ՏԱԼԻՍ
08.12.2009 | 00:00

«Իրավունքը de facto»-ին վերջերս դիմել էր քաղաքացի ՌԱՖԻԿ ԳՐԻԳՈՐՅԱՆԸ, խնդրելով պարզաբանել որոշ խնդիրներ, և միաժամանակ ներկայացրել իր առաջարկությունները։
«Երկար տարիներ առնչվելով ամբուլատոր պոլիկլինիկաներում ոչ բուժական նպատակներով մատուցվող ծառայություններին` հանգել եմ եզրակացության, որ դրանցից մի քանիսը նախատեսված են բնակչությունից ինչ-որ չափի գումար կորզելու համար։ Օրինակ.

ա) հաշմանդամության ճանաչում։ Որոշ հիվանդներ, ստացիոնարում բուժվելուց հետո, ճանաչվում են հաշմանդամ։ Հիվանդության ախտորոշումը հաստատում են պրոֆեսորները, դոցենտները, որից հետո այն ուղարկվում է տեղամաս, և նորից` անալիզներ, հետազոտությունների նոր արդյունքներ։ Այնուհետև լրացվում է համապատասխան «ձևը», և հիվանդը ներկայանում է ԲԱՓՀ։ Այստեղ նորից են վերանայում փաստաթղթերը և, հաճախ անտեսելով նախկին տվյալները, պահանջում են նոր ստուգումներ անցկացնել։ Այս ընթացքում հիվանդն առնվազն երկու անգամ փող է վճարում` մեկ «ձևը» ստանալու ժամանակ, մեկ էլ` հաշմանդամությունը ճանաչելիս։ Ավելի կարճատև չէ՞ր լինի այդ պրոցեսը, եթե հաշմանդամությունը ճանաչվեր հենց կլինիկայում, բուժող պրոֆեսորի, դոցենտի, բաժնի վարիչի կողմից, քան անցներ նշված երկար և «թանկ» ճանապարհը։ Չէ՞ որ կլինիկաներում շատ ավելի որակյալ մասնագետներ կան, քան նշված օղակներում։
բ) Դեղորայքի անվճար տրամադրում։ Գրեթե բոլոր հաշմանդամներն ամբողջ տարվա ընթացքում օգտվում են պետության տրամադրած անվճար դեղորայքից։ Բայց հաճախ ստացիոնարի հատկացրած և անվճար տրամադրվող դեղորայքների միջև էական տարբերություններ են լինում, հիվանդը բողոքում է, թե «էն» դեղերն են իրեն օգնում, բայց դրանց մի մասն արտոնված դեղորայքների ցուցակում տեղ չի գտնում, ինչից էլ իրավացիորեն դժգոհում են հիվանդները։ Լավ չէ՞ր լինի, որ հիվանդին անհրաժեշտ դեղորայքի արժեքը հաստատագրվեր նրա կենսաթոշակում, վերջինս էլ կարողանար իրեն անհրաժեշտ դեղը գնել դեղատներից։ Սա կբացառեր նաև նշված գործընթացում տեղ գտնող չարաշահումները։
գ) «Փսիխոյի» տրամադրում։ Վճարովի ծառայությունների ցանկում այդ փաստաթղթի արժեքը 3000 դրամ է, սակայն դիմողը ծախսում է 12000-15000 դրամ։ Լավ կլիներ, որ այդ գումարը մտներ պետության գրպանը, կամ էլ դա արվեր ՊԱՏ-ում, որտեղ կպահանջվեր ընդամենը մեկ ընտանեկան բժիշկ (անալիզները թող ներկայացնեն իրենց տեղամասից)։
դ) Մահվան տեղեկանք։ Սա նույնպես յուրատեսակ գործարք է` տեղեկանք տրամադրող բժշկի և մահացողի հարազատների միջև։ Եթե հիվանդը մահացել է ստացիոնարում, հարցի լուծումը կանոնակարգված է, եթե մահացել է տանը կամ հիվանդանոցում, չեն հերձել և բերել են տուն, սկսվում է «բանակցությունների» փուլը` ավելի քիչ փող ու ժամանակ ծախսելով վկայական ձեռք բերելու համար։ Սա շատ լուրջ հարց է, քանի որ հարազատը, «իր մեռելին թողած», վազում է այս ու այն կողմ` «էժան» վկայական ձեռք բերելու։
ե) Դիաբետիկներ։ Յուրաքանչյուր դիաբետիկ իրավունք ունի ամսվա ընթացքում երկու անգամ անվճար հիմունքներով ստուգելու շաքարի պարունակությունն արյան մեջ։ Ո՞վ է ստուգում, թե տարվա ընթացքում տվյալ տեղամասում քանի թեստ է գնվել, և արդյոք պահպանվե՞լ է պետության հոգածությունը շաքարախտով հիվանդի նկատմամբ։ Արդարացի չէ՞ր լինի, արդյոք, որ այդ թեստերի արժեքը կա՛մ փոխանցվեր հիվանդին, կա՛մ ինչ-որ կերպ խիստ վերահսկվեր»։
Ներկայացված հարցերի մեկնաբանությունը ստացանք աշխատանքի և սոցիալական հարցերի, առողջապահության նախարարություններից։
Հաշմանդամության հաստատման հետ բոլոր փաստաթղթերի անհրաժեշտությունը, ինչպես նաև իրավասությունները, հստակեցված են օրենքներով։ Եթե քաղաքացին ունի կոնկրետ դժգոհություններ, ապա նախարարությունում խնդրեցին անձամբ դիմել նախարարությանը։
Կառավարության որոշմամբ հաստատված է անվճար տրամադրվող դեղորայքի ցանկը։ Պոլիկլինիկայում գործող հատուկ հանձնաժողովը խիստ անհրաժեշտության դեպքում կարող է քննարկել ցանկում չներառված դեղամիջոցի ձեռքբերման հարցը։ Եթե ֆինանսական հնարավորությունները ներում են, ապա ցանկում չներգրավված դեղամիջոցի ձեռքբերման հարցը լուծվում է հանձնաժողովի որոշմամբ։
Կառավարության նույն որոշման համաձայն, պոլիկլինիկան չի կարող ձեռք բերել այնպիսի դեղամիջոցներ, որոնք գրանցված չեն ՀՀ-ում և ընդգրկված չեն նշված ցանկում։ Ինչ վերաբերում է կենսաթոշակում դեղերի գինն ընդգրկելու առաջարկին, ապա նախարարությունում նշեցին, որ դա արդյունավետ չի լինի առաջին հերթին հիվանդի համար, քանի որ կան հիվանդություններ, որոնց բուժման համար տարբեր էտապներում տարբեր արժեքի դեղամիջոցներ են նշանակվում։ Այսինքն, մի դեղորայքը կարող է փոխարինվել մյուսով։ Նման դեպքում շատ բարդ կլինի հաստատել ֆիքսված գին, որը կավելանա կենսաթոշակին։ Երկրորդ մտավախությունը, որ նախարարությունում նշեցին, սոցիալական բնույթի էր։ Վերջիններս համոզված չեն, որ սոցիալապես անապահով հիվանդը դեղի գումարը չի հատկացնի օրական հացի խնդրի լուծմանը։
Սահմանված կարգի համաձայն, վարորդները վարորդական իրավունք ձեռք բերելուց առաջ պարտադիր ենթարկվում են բժշկական հետազոտման, որի հիման վրա տրվում է առողջության մասին (տրՌւՏ) փաստաթուղթ։ Ըստ այդ կարգի, նշված փաստաթղթի պետական արժեքը 3 հազար դրամ է։ Նախարարությունում ուղղակի խորհուրդ տվեցին ապագա վարորդներին անհարկի վճարներ չկատարել, բացի հաստատված գումարից։ Միևնույն ժամանակ ընդգծեցին, որ հավելյալ գումարներ պահանջելու դեպքում լավ կլինի դիմել նախարարությանը` նշելով կոնկրետ բժշկի անունը։ Ի դեպ, նախարարությունում վստահեցրին, որ բողոքողի գաղտնիությունն ապահովվում է։
Մահվան վկայականի տրամադրման հարցը կանոնակարգված է համապատասխան օրենքով։ Միևնույն ժամանակ նախարարությունում ընդգծեցին, որ ճիշտ կլինի, եթե մահացածի հարազատները խնդիրներ ունենալու ժամանակ դիմեն նախարարությանը, սակայն չթաքցնելով բժիշկների անուն-ազգանունները։
Գործող կարգի համաձայն, արյան մեջ շաքարի քանակը ստուգելու թեստերն անվճար տրամադրվում են պոլիկլինիկաներին` ըստ պոլիկլինիկաներում հաշվառված շաքարախտով հիվանդների թվի։ Ինչ վերաբերում է վերահսկողությանը, ապա, ըստ կարգի, դա իրականացվում է առաջին հերթին հենց հիվանդի միջոցով, քանի որ վերջիններիս պահանջով է այն իրականացվում։ Այս հարցում ընթերցողի արած առաջարկը նույնպես սոցիալական խնդրի մտավախության տեղիք տվեց նախարարությունում, ելնելով այն տրամաբանությունից, որ սոցիալապես անապահով շատ հիվանդներ կգերադասեն թեստի փոխարեն օրահացի խնդիր լուծել, ինչը, ըստ նախարարության, չի բխում առողջապահության նախարարության քաղաքականությունից և չի ապահովում մարդու առողջության պահպանման խնդիրը։
Ընդգծենք, որ երկու նախարարություններում էլ ինչպես մեր ընթերցողին, այնպես էլ բնակչությանը, խնդրեցին որևէ խախտման դեպքում թեժ գծով կապվել նախարարության հետ։ Միևնույն ժամանակ, խնդիրները լուծելու նպատակով կոչ արեցին բնակչությանը գանգատները մերկապարանոց չներկայացնել, այլ կոնկրետ ներկայացնել, թե ում կողմից է խախտումը կատարվել։
Արևիկ ԱՆԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 2191

Մեկնաբանություններ