Գազայի հատվածում և Լիբանանում հրադադարի մասին Իսրայելի համաձայնությունը կարող է ազդել հոկտեմբերի 26-ի հարձակումից հետո հրեական պետությանը հակահարված տալու Իրանի որոշման վրա՝ հայտարարել է ԻԻՀ նախագահ Մասուդ Փեզեշքիանը։ «Նրանք լավ գիտեն, որ եթե որևէ սխալ թույլ տան Իրանի Իսլամական Հանրապետության դեմ, կստանան ջախջախիչ պատասխան»,- ասել է նա:               
 

ՎԱՏ ՏՐԱՄԱԴՐՈՒԹՅՈՒՆ

ՎԱՏ ՏՐԱՄԱԴՐՈՒԹՅՈՒՆ
10.11.2009 | 00:00

Իվան ԻԼՅԻՆ

Երանի՜ իմանայի, թե որտեղից է նա հայտնվում։ Եթե կարելի լիներ արագ քշել նրան։ Բայց նա եղանակի պես է, ոչ ոք չգիտի` որտեղի՞ց, ե՞րբ, ինչո՞ւ։ Ի տարբերություն եղանակի, մեր փոփոխվող տրամադրության համար չկան նույնիսկ կանխատեսումներ։ Հարկավոր է պարզապես հնազանդվել։ Ո՛չ, ո՛չ մի դեպքում։
Խոսք անգամ չի կարող լինել հնազանդվելու մասին։ Վատ տրամադրությունը պետք է ենթարկվի մեզ։ Վատ տրամադրությունն այն չէ, ինչ ես ներկայացնում եմ, այն չէ, ինչ կատարվում է իմ հոգու խորքում, այն միայն ցույց է տալիս, թե ինչպես եմ ես վերաբերվում դրան և ինչ եմ զգալ տալիս ուրիշ մարդկանց։ Վերջին երկու հանգամանքները մեր իշխանության տակ են, մենք ենք տնօրինում նրանց, և նրանք պիտի հնազանդվեն։ Ով դեռ չի հասկացել սա, պետք է հնարավորինս արագ սովորի հասկանալ, որովհետև դա վերաբերում է ինքնատիրապետման հիմքերին։ Վատ տրամադրությունն առաջանում է ներքին աններդաշնակությունից, որի հիմնական հանգույցը մնում է ենթագիտակցության մեջ, և հեշտ չէ այն արձակել։ Այդ աններդաշնակությունը կամ, ինչպես բնորոշում են հոգին բուժող բժիշկները, այդ «կոնֆլիկտը», գոյանում է ոչ միանգամից, ավելի ստույգ, այն պահպանվում է մանկության տարիներից և կարող է հանկարծակի կենդանանալ կամ մի քիչ սրվել։ Հնարավոր է, ես կազատվեմ նրանից, սակայն նույնքան հնարավոր է, որ կտանեմ այն ինձ հետ մինչև մահ։ Այո, ես կկրեմ այն իմ մեջ, կհաշտվեմ նրա գոյության հետ, հարկադրված կլինեմ լծվելու նրան ծառայելու գործին, մի խոսքով, կհաղթահարեմ նրան ստեղծագործաբար։ Տեր Աստված, չէ՞ որ դա «վատ տրամադրության» պատճառ չէ։ Աշխարհում դժվար թե գտնվի մի մարդ, ով ստիպված չի եղել գործ ունենալու հոգևոր կոնֆլիկտի հետ։ Յուրաքանչյուրի մոտ այն յուրօրինակ է, և բոլորն էլ կուզեին ազատվել նրանից։ Մի՞թե դրա համար բոլորը, իրոք, կարող են վատ տրամադրություն ունենալ։ Արդյո՞ք պետք է, որ բոլորն այդ պատճառով մռայլվեն, քայլեն խոժոռ դեմքերով կամ նույնիսկ գոռան իրար վրա։ Ներքին աններդաշնակությունը հարկավոր է ընկալել լրջորեն, միանգամայն լրջորեն։ Նա պատկանում է այն բանին, ինչը ես եմ։ Նա նշմարում է իմ ներքին կենսական խնդիրներից մեկը։ Նա կարող է սրվել, ստեղծել հոգևոր լճացում, առաջացնել այլանդակ տրամադրություն։ Այդ տրամադրությունը դառնում է ինձ համար ոչ պարզ, անթափանցիկ, նա մտնում է իմ գիտակցական կյանքի մեջ ու ընդհանուր ինքնազգացման մեջ որպես անբացատրելի մի փաստ։ Ես ինձ զգում եմ ընկճված, անօգնական, տրտմած։ Այդպես ես գրգռվում եմ, և այդ գրգռվածությունը «վատ տրամադրության» տեսքով ազատ է արձակվում հասարակության մեջ։ Հիրավի, նա այդպիսի տեսք ունի։ Բայց չի կարելի թույլ տալ, որ այդպես լինի և հետագայում։ Պարզ է, որ վատ տրամադրության հետևում կանգնած է կոնֆլիկտը, ինչը հարկավոր է դիտել որպես յուրատեսակ ստեղծագործական լիցք ու վարվել նրա հետ համապատասխան ձևով։ Լավ է, որ այդ լիցքը կա, չէ՞ որ չլիցքավորված հրանոթից չես կրակի։ Բոլորովին սոսկալի չէ, որ դեռ չի հաջողվել ենթարկել քեզ այդ լիցքը։ ՈՒրեմն կա խնդիր, որը հարկավոր է լուծել։ Հոգևոր լճացումը տհաճ է։ Բայց այդ տհաճությունը նոր զորություն և նոր կյանքի ընդամենը կեղևն է։ Ջարդի՛ր ընկույզը, կստանաս քաղցր միջուկը։ Պատճառ չկա վատ տրամադրության։ Սակայն վատ տրամադրությունը կա։ Կրի՛ր այն հանգիստ ու վստահ։ Դու նրան տեսնում ես արդեն ամբողջությամբ։ Քննի՛ր կոնֆլիկտը. դա խոստում է, և շուտով դու արդեն հաղթող ես։ Դու ամենևին անօգնական չես։ Դու ձեռք բերեցիր արիություն, և ընկճվածությունը հեռացավ։ Վատ տրամադրությունը ցրվեց։ Թե՞ դեռ ոչ։ Այդպիսով, դու հասկացար նրա ստեղծագործ-ինտիմ բնույթը և, ուրեմն, կզգուշանաս քո նվիրականը հասարակության սեփականություն դարձնելուց։ Քո անձնական գործն է, թե ինչպես ես դու վերաբերվում քո ներքին կոնֆլիկտին, այդ նոր ուժերի նախազգաց լիցքին։ Եթե չես կարողանում հաստատվել քո ներսում որպես հաղթող, եթե այնքան անշնորհակալ ես, որ, կանգնած լինելով քո կյանքի գլխավոր խնդրի առջև, տեսնում ես միայն «դժվարությունները», «տհաճ բաները» և դառնում ես «մռայլ», ապա գոնե ցույց մի՛ տուր մարդկանց քո վախկոտությունը։ ՈՒժեղ բնավորությունը հրճվում է դժվարությունների հանդիպելուց և ժպտում տհաճություններից։ Որքան դժվարին է փորձությունը, այնքան ուրախալի է հաղթանակը։ Եթե դեռ չես գտել քո մեջ այդ ուժերը, վստահ եղիր, այնուամենայնիվ, որ կգտնես։ Չես կարողանում մենակ` փնտրիր օգնություն, բայց, ամենակարևորը, աղոթի՛ր, անկեղծ աղոթքը միշտ կլսեն։ Բայց երբեք ցույց մի՛ տուր քո անցողիկ թուլությունն օտարներին։ Անպարկեշտ է բերանից բաց թողնել գաղտնիքները, իսկ վատ տրամադրությունն անում է դա։ Ի՜նչ մանկամտություն է` լաց լինել ցավից։ Իսկ վատ տրամադրությունը լալկան է։ Հանցավորություն է ուրիշներին սեփական հիվանդությամբ վարակելը։ Իսկ վատ տրամադրությունը վարակիչ է։ Մի՞թե չգիտես, ինչպես է կարողանում հանգիստ և սիրալիր ժպտալ քեզ գերազանցողը։ Այդ ժպիտը վատ տրամադրության համար անտանելի է։
Տպագրության պատրաստեց Պավել ԱՆԱՆՅԱՆԸ

Դիտվել է՝ 2200

Մեկնաբանություններ