Գազայի հատվածում և Լիբանանում հրադադարի մասին Իսրայելի համաձայնությունը կարող է ազդել հոկտեմբերի 26-ի հարձակումից հետո հրեական պետությանը հակահարված տալու Իրանի որոշման վրա՝ հայտարարել է ԻԻՀ նախագահ Մասուդ Փեզեշքիանը։ «Նրանք լավ գիտեն, որ եթե որևէ սխալ թույլ տան Իրանի Իսլամական Հանրապետության դեմ, կստանան ջախջախիչ պատասխան»,- ասել է նա:               
 

ՀԱՅՈՑ ԶԻՆԱՆՇԱՆԻՆ ՎԵՐԱԴԱՐՁՆԵՆՔ ԱՐԱՐԱՏԸ

ՀԱՅՈՑ ԶԻՆԱՆՇԱՆԻՆ ՎԵՐԱԴԱՐՁՆԵՆՔ ԱՐԱՐԱՏԸ
18.12.2009 | 00:00

Անկախության ձեռքբերման այն խառնաշփոթ օրերին մեր պետական այրերը, առանց ժողովրդի ձայնը լսելու, զինանշանից դեն նետեցին Հայոց լեռնաշխարհի արքա Արարատ լեռան պատկերը, որ 70 տարի մեզ կապում էր Արևմտյան Հայաստանի հետ, Թուրքիային էլ զօրուգիշեր հիշեցնում իր նախնիների բարբարոսությունները։ Կարծում եմ` այդ քաոսային օրերին, իհարկե, որոշ պատգամավորների աջակցությամբ, թույլ տվեցինք դիվանագիտական կոպիտ վրիպում, եթե ոչ հայրենապղծություն, այն պարզ պատճառով, որ ինքներս, առանց արտաքին ճնշման, հրաժարվեցինք մեր բիբլիական լեռից։
Ավելին, նույնիսկ այդ խայտառակ սխալից հետո, առանց խղճի խայթի, մայր օրենքում, որպես կոտրած սրտի մխիթարանք, եթե ոչ ծաղրանք, նշեցին, որ «Հայաստանի զինանշանի կենտրոնում վահանի վրա պատկերված է Արարատ լեռը», ինչը, ցավոք, տեսողական խաբկանք է և ոչ թե իրականություն։ Ստացվում է այնպես, որ մենք` խիղճներս կորցրած, պետականորեն ինքներս մեզ ենք խաբում, թուրքերին էլ` ուրախացնում։ Համոզված եմ, որ ոչ ոք, ինչպես նաև Սահմանադրության հեղինակները, գործող զինանշանում չի կարող տեսնել Մասիսի արքայական տեսքը։ Եկեք ուղղակի տարբերենք դառը ճշմարտությունն այն քաղցր ստից, որի մասին նշված է Սահմանադրությունում։ Զինանշանը, որպես պետական խորհրդանիշ, պետք է լինի ժողովրդի, և ոչ թե անհատների կամ կուսակցությունների սրտով և ճաշակով։
Անշուշտ, ներկայիս զինանշանը ևս գալիս է մեր պատմության խորքերից, գրավիչ է, գեղեցիկ, սակայն տեսողական առումով ոչ մի հայրենասիրական զգացմունք չի արթնացնում, ազգային ոգեշնչող տրամաբանություն չի ստեղծում, բովանդակությամբ էլ ո՛չ մեզ, ո՛չ էլ օտարներին ոչինչ չի հիշեցնում հայրենահալած հայ ժողովրդի ճակատագրական անցյալի մասին։
Այսօր Թուրքիան, մի կողմից, ձգտում է դիվանագիտական կապեր ստեղծել Հայաստանի հետ, որպեսզի Եվրամիության անդամ դառնա, մյուս կողմից` չարամտորեն խոչընդոտում է Ցեղասպանության միջազգային ճանաչման գործընթացը։ Սակայն որքան էլ նրանք խոչընդոտեն, միևնույն է, արդյունքի չեն հասնի, քանի որ քաջատեղյակ են Սողոմոն Թեհլերյանի բեռլինյան դատավարության մասին, երբ վերջինիս դատապարտում էին որպես մարդասպանի, սակայն նա դատարանի դահլիճից ազատ արձակվեց` որպես մեղադրող։ Նրանք լավ գիտեն, որ Ծիծեռնակաբերդում կա եղեռնի զոհերի հիշատակը հավերժացնող հուշահամալիր, որն օտարներն ընդունում են նաև որպես Օսմանյան կայսրության պատմության ամոթանքի հուշարձան։ Նույնիսկ այսօր թուրք հասարակության ներկայացուցիչներն են դատապարտում իրենց հայրենակիցներին` ցեղասպանության փաստը ժխտելու համար։ Այնպես որ, եկեք դիվանագիտական կապեր հաստատենք, հարևանություն անենք, սակայն մեր սերունդների հայրենասիրական զգացմունքները չկոտրենք, որպեսզի նրանք երբեք չմոռանան այն անմեղ զոհերին, որոնք նահատակվեցին և գերեզման էլ չունեցան հայրենի հողում։ Այսօր նոստրադամուսներ չկան, որ գուշակեն, թե մեկ դար հետո ինչպիսի աշխարհագրական դիրք կունենանք թե՛ մենք, թե՛ թուրքերը, ուստի առանց սուբյեկտիվ պատճառաբանությունների ուղղեք ձեր սխալը, հարգելի՛ պատգամավորներ, վերականգնեք մեր ազգակցական կապը Մասիսի հետ, որ Արևմտյան Հայաստանն էլ ծովից ծով Հայաստանի պես երազանք չմնա։
Ազգանպաստ մեծ գործ կլիներ ձեր կողմից նաև, եթե Երևանում տեղադրվեր 20-րդ դարի համաշխարհային գրական ասպարեզում ճանաչված դեմքերից մեկի` գրող Ֆրանց Վերֆելի արձանը։ Մի մարդու, որն իր պատմավավերագրական «Մուսա լեռան 40 օրը» էպիկական վեպով առաջինն արձագանքեց Օսմանյան կայսրության բարբարոսությանը և, գրեթե մեկ միլիոն տպաքանակով, աշխարհի 36 լեզուներով Հայոց կոտորածի ճշմարիտ պատմությունը ներկայացրեց համայն մարդկությանը։ Նույնիսկ Վիեննայում մեծ տպաքանակով վեպը տպագրվեց որպես գրպանի գիրք, իսկ չեխ կոմպոզիտոր Յոզեֆ Մատեյը նույն թեմայով ստեղծեց սիմֆոնիա և օպերա։ Եթե այսօր մեծ հումանիստը հրաշքով կենդանանար, մի նոր վեպ կծնվեր, այս անգամ արդեն սումգայիթյան եղեռնի մասին։
Ճիշտ է, Վերֆելն օտարերկրացի է, սակայն միջազգային գրական ասպարեզում մրցանակի արժանացած այդ վեպով նրա անունը հավերժ կապվեց մեր պատմության հետ և այսօր էլ հաստատապես ապրում է հայ հոգու հիշողության գանձարանում։ Մենք պարտավոր ենք ոչ թե մերկ խոսքերով հարգել գրողին, այլ գործնականորեն գնահատել նրա մարդկային բարձր արժանիքները, եթե, իրոք, մեզ բարեկիրթ ազգ ենք համարում։ Եկեք գնահատենք ոչ միայն մեր մեծերի, այլև օտարների մեծությունը։ Վերֆելը, որպես հայ ժողովրդի վաղեմի բարեկամ, արժանի է այդ հարգանքին, և ճիշտ կլիներ, եթե հայ պատգամավորների աջակցությամբ սեպտեմբերի 10-ին` նրա ծննդյան 120-ամյակի կապակցությամբ մայրաքաղաքում տեղադրվեր գրողի արձանը` ապացուցելով ողջ աշխարհին, որ մենք` հայերս, ոչինչ չենք ուրանում, գիտենք և՛ արժանին գնահատել, և՛ մատուցել։
Չեմ կարծում, թե այսօր Հայաստանում և սփյուռքում կգտնվի գեթ մեկ հայորդի, որը դեմ կլինի Հայաստանի զինանշանի վրա կրկին Արարատ լեռը տեսնելուն կամ Երևանում Ֆրանց Վերֆելի արձանը տեղադրելուն։
Էֆրիկ ԱՎԵՏԻՍՅԱՆ
իրավաբան

Դիտվել է՝ 1937

Մեկնաբանություններ