Ֆրանսիայի իշխանությունները 3.5 հազար պահեստային ոստիկանների են զորակոչել երեկ Նիսում ահաբեկչական հարձակումից հետո: Նիսի կենտրոնում թունիսցի Բրահիմ Աուսաուին հարձակվել է եկեղեցի այցելած հավատացյալների վրա: Դանակով զինված ահաբեկիչը երեք մարդ է սպանել, կան վիրավորներ: Նրան ձերբակալել են: Դրանից մեկ ժամ անց մի տղամարդ Ավինյոնում փորձել է հարձակվել ոստիկանների վրա, սակայն ոչնչացվել է:
Երեկ նաև Սաւդյան Արաբիայում՝ Ջիդդայում, մի տեղացի փորձել է հարձակվել Ֆրանսիայի հյուպատոսարանի պահակի վրա, սակայն ձերբակալվել և տեղափոխվել է ոստիկանություն:
Փարիզում՝ Ելիսեյան պալատում տեղի է ունեցել Ֆրանսիայի անվտանգության խորհրդի նիստը: Ներքին գործերի նախարար Ժերար Դարմանենը նիստից հետո ասել է, որ իրավապահները լրացուցիչ միջոցներ են ձեռնարկելու մոլեռանդ իսլամիստների գրոհները կասեցնելու համար: