«Մենք կաշխատենք ցանկացած ամերիկացի առաջնորդի հետ, որին կընտրի ամերիկյան ժողովուրդը, և որը պատրաստ կլինի հավասար, փոխադարձ հարգանքով երկխոսության: Դոնալդ Թրամփի վարչակազմի օրոք, չնայած շատ լուրջ պատժամիջոցներին, այդուհանդերձ, երկխոսություն կար, և դա ամեն դեպքում օգտակար էր »,- ասել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը Նյու Յորքում ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի հանդիպմանը հաջորդած ասուլիսում։               
 

Վարդան Օսկանյանը սահմանել է Սահմանադրական փոփոխությունների նպատակը

Վարդան Օսկանյանը սահմանել է Սահմանադրական փոփոխությունների նպատակը
18.09.2015 | 10:00

Նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանը ֆեյսբուքի իր էջում, անդրադառնալով սահմանադրական փոփոխություններին, գրել է, որ դրանց նպատակը ոչ թե Հայաստանում կառավարման խորհրդարանական համակարգ հաստատելն է, այլ նախագահի պաշտոնը՝ այնպես, ինչպես կա, վերացնելը: «Մի շատ հարգարժան մարդ, ձեզ բոլորին քաջ ծանոթ՝ կուսակցական-քաղաքական գործիչ, այս թեմայի շուրջ զրուցելիս ինձ ասաց հետևյալը. «Սերժ Սարգսյանը վախենում է հաջորդ Սերժ Սարգսյանից»: Շատ դիպուկ և բազմաբովանդակ է ասված: Մտածեք դրա մասին: Իրոք, այս փոփոխությունների ելակետը, գլխավոր նպատակը, էությունը նախագահի պաշտոնի վերացումն է: Ոչ թե նրա համար, որ այն պետք չէ, այլ որովհետև ինչ-որ մեկի, մի խումբ մարդկանց և կամ քաղաքական ուժի, այլևս ձեռնտու չէ դա»:
Օսկանյանը կարծում է, որ Հայաստանի այսօրվա ներքին, արտաքին և տնտեսական ահագնացող մարտահրավերների, խորացող արտագաղթի պայմաններում սահմանադրական փոփոխությունների փորձը «կարող է իսկական փորձանք դառնալ երկրի գլխին» և եզրափակել է գրառումը՝ հայտարարելով. «Ես դեմ եմ սահմանադրական փոփոխություններին և կոչ եմ անում մեր քաղաքացիներին ՈՉ ասել այդ փոփոխություններին»:
Ֆեյսբուքյան հաջորդ գրառմամբ Վարդան Օսկանյանը փաստարկներ է ներկայացրել, որպես ասվածի հիմնավորում:
«Մի պահ ենթադրենք, որ նոր սահմանադրության պայմաններում խորհրդարանում հանրապետական կուսակցությունը, ինչպես այսօր, ունի բացարձակ մեծամասնություն: Ես խնդրում եմ ինձ բացատրեք, թե ինչ է փոխվելու: Հնարավոր է, որ այլ կուսակցությունների առաջարկվի կազմել կոալիցիա: Բայց դա կլինի կեղծ կոալիցիա, ինչպես եղել է միշտ: Իսկ հիմա պատկերացնենք հակառակը, որ այսօրվա Սահմանադրությամբ հանրապետական կուսակցությունը խորհրդարանում չունենար բացարձակ մեծամասնություն: Արդեն կստեղծվեր իսկական կոալիցիա: Այն, ինչ առաջարկվող սահմանադրական փոփոխությունների ու խորհրդարանական համակարգի գլխավոր գրավականն է: Մեր խնդիրն այսօր ոչ թե Սահմանադրությունն է, այլ Ընտրական օրենսգիրքը: Մեզ պետք է ոչ թե Սահմանադրության, այլ ընդամենը Ընտրական օրենսգրքի փոփոխություն, ինչպես նաև արդար ընտրություններ անցկացնելու քաղաքական կամք: Ես համոզված եմ՝ այս ամենի դեպքում մենք կունենանք խորհրդարանական արդյունավետ համակարգի բոլոր տարրերը»:
Օսկանյանը սահմանադրական փոփոխություններում մեկ այլ «մեծ վտանգ» էլ մատնանշում է ընտրությունների մասով, նշելով՝ թեև փոփոխությունների աջակիցների այս օրերի հիմնական փաստարկը նոր սահմանադրության նախագծով ամրագրված 100-տոկոսանոց համամասնական ընտրակարգն է, որը, ինչպես ասվում է, կարգավորվելու է օրենքով:
«Արդեն հայտնի է այդ օրենքի բովանդակությունը: Նախնական տվյաներով՝ Հայաստանը բաժանվելու է 20 ընտրատարածքների, որտեղ քաղաքացիները քվեարկելու են թեկուզ կուսակցությունների կողմից ներկայացված, բայց կոնկրետ անձերի օգտին: Սա կոչվում է ռեյտինգային քվեարկություն: Սա պարզապես քողարկված մեծամասնական ընտրակարգի ներդրում է»,- գրել է Օսկանյանը՝ համոզված, որ այսպիսով իրականում անցում է կատարվում 100-տոկոսանոց մեծամասնական ընտրակարգի:
«Եվ ինչն ավելի վտանգավոր է, համապետական ընտրությունները՝ որպես այդպիսին, իսպառ վերացվում են. նախագահն ընտրվում է խորհրդարանի կողմից, իսկ խորհրդարանի անդամները, որոնք պետք է նշանակեն վարչապետին, ընտրվում են հատվածական (ոչ միասնական) ցուցակներից: Դեռ չեմ խոսում զինված ուժերի գլխավոր հրամանատարի անորոշ կարգավիճակի և սահմանադրությունը խորհրդարանի ⅔ ձայներով փոխելու վտանգավոր դրույթների մասին»,- նաև գրել է նախկին արտգործնախարարը՝ կրկնելով. «Այսօր սահմանադրական փոփոխությունների կարիք չկա, որովհետև գործող հիբրիդային Սահմանադրությունը ճիշտ կիրառության և արդար ընտրությունների պարագայում մեր պետության համար ամենահարմար տարբերակն է»:

Դիտվել է՝ 1373

Մեկնաբանություններ