ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ դուրս կգա նախագահական ընտրապայքարից, եթե բժիշկները պարզեն, որ ինքն առողջական խնդիրներ ունի։ «Անկեղծ ասած, ես կարծում եմ, որ միակ բանը, որ տարիքը բերում է, իմաստությունն է»,- հավելել է Բայդենը։ Ավելի վաղ նա ասել էր, որ կհրաժարվի նախընտրական մրցապայքարից միայն այն դեպքում, եթե Աստված իրեն ասի դա անել։               
 

Ով է անհիմն ստվեր գցում ՔԿՀ-ի վրա

Ով է անհիմն ստվեր գցում ՔԿՀ-ի վրա
02.06.2015 | 00:34

«Իրատեսն» իր նախորդ համարներից մեկում անդրադարձել էր քրեակատարողական վարչությունում տեղի ունեցած միջադեպին, երբ կալանավորներից մեկի կինը մեծ աղմուկ էր բարձրացրել և պաշտոնյաներից մեկին մեղադրել էր կաշառք վերցնելու մեջ: «Տասը հազար դոլար կաշառք» վերնագրով նյութում գրել էինք. «Արդարադատության նախարարության ենթակայությամբ գործող քրեակատարողական վարչությունում խուճապային տրամադրություն էր: Կալանավորներից մեկի կինը ամբողջ վարչության աշխատանքը տասնհինգ րոպեով «խաթարել» էր, սենյակներից աշխատակիցները դուրս էին «թափվել»` դիտելու, թե ինչ է կատարվում: Շենքով մեկ բարձր գոռում էր միջին տարիքի քաղաքացին` բաժիններից մեկի ղեկավարին վիրավորելով ու մեղադրելով տասը հազար դոլարի կաշառք պահանջելու մեջ:
Գաղտնիք չէ, որ կալանավայրերում բավականին «կլորիկ» գումարներ են պտտվում: Հավանաբար, ՔԿՀ բաժնի պետերից մեկը որոշել էր ինքն էլ օգտվել, բայց կնոջ բարձրացրած աղմուկից հետո դժվար թե համարձակվի այդ մասին նորից մտածել:
Առաջիկայում կփորձենք պարզել, թե ինչ էր կատարվել, ու կալանավորի հարազատն ում էր մեղադրում կաշառք պահանջելու մեջ»:
Մեզ հաջողվեց ճշտել, որ կալանավորից կաշառք է պահանջել բուժբաժնի պետ Արա Հովհաննիսյանը: Այս առնչությամբ մի քանի հարց ուղղեցինք ՔԿՎ-ի ղեկավարությանը. պարզե՞լ եք, թե ինչու է քաղաքացին նման մեղադրանք ներկայացրել. կինը տասը հազար դոլար կաշառքի մասին է ակնարկել, սա ծառայողական քննության առիթ դարձե՞լ է. ՔԿՎ-ում տիրող այսպիսի «բարքերը» ղեկավարությանը չե՞ն անհանգստացնում. շատ հաճախ են կալանավորների հարազատները բողոքում «Արմավիր» քրեակատարողական նոր հիմնարկի բուժսպասարկման անմխիթար վիճակից` նշելով, որ անգամ առաջին անհրաժեշտության բուժական միջոցները բացակայում են: Ինչպիսի՞ն է այս առնչությամբ վարչության արձագանքը:
Հարցերին «ընդհանուր» պատասխանել է ՔԿՎ պետի տեղակալ, փոխգնդապետ Ա. Համբարձումյանը: «Ինչպես կալանավորված անձանց և դատապարտյալների առողջական վիճակը, այնպես էլ պատշաճ բուժսպասարկման կազմակերպման աշխատանքները մշտապես գտնվում են քրեակատարողական ծառայության ղեկավարության ամենօրյա հսկողության տակ»,- նշել է` տեղեկացնելով, որ 2014-ին ստացիոնար բուժում են ստացել անազատության մեջ գտնվող 550, իսկ ամբուլատոր ընդունելության է դիմել 76911 անձ:
Անուղղակիորեն հաստատելով մեր տեղեկությունը, որ ՔԿՎ-ում քաղաքացին կաշառքի մասին հայտարարություններ է արել, պետի տեղակալն ընդգծել է, որ Անուշ Թովմասյանին (քաղաքացու անունն է) առաջարկվել է հնչեցրած հայտարարությունները ներկայացնել առարկայական և գրավոր տեսքով, սակայն նա կտրականապես հրաժարվել է: Ավելին, վարչության ուսումնասիրությունները պարզել են, որ քաղաքացին իրականությանը չհամապատասխանող տեղեկություններ է տարածել: «Մասնավորապես պարզվել է, որ դատապարտյալ Մանուկ Մանուկյանը 20.04.2015 ընդունվել է ՀՀ արդարադատության նախարարության «Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկ: Պատշաճ կերպով ստանալով անհրաժեշտ բուժօգնություն՝ Մ. Մանուկյանը տեղափոխվել է «Արմավիր» քրեակատարողական հիմնարկ` հետագա բուժումն ամբուլատոր պայմաններում շարունակելու նպատակով, ինչը և կատարվել է»,- վստահեցնում են վարչությունից և ի գիտություն հավելում, որ շատ հաճախ անազատության մեջ գտնվող անձինք և նրանց հարազատները, դժգոհելով քրեակատարողական ծառայության աշխատակիցների «իրավաչափ որոշումներից», ստահոդ տեղեկություններ տարածելու միջոցով փորձում են վարկաբեկել ՔԿՎ-ի «պարկեշտ աշխատակիցներին»:
Անդրադառնալով «Արմավիր» ՔԿՀ-ի բժշկական սպասարկմանը, Ա. Համբարձումյանը հավաստիացնում է, որ անմխիթար վիճակի մասին պնդումներն իրականությանը չեն համապատասխանում, քանի որ հիմնարկը զինված է առաջնային օղակի բուժսպասարկման բոլոր անհրաժեշտ պայմաններով:
Վերջում պետի տեղակալը հորդորում է լրատվամիջոցներին՝ քրեակատարողական ծառայության գործունեությունն «անհիմն չստվերել», ապատեղեկատվություն չտարածել, վաղօրոք ստանալ պատասխանատու անձանց մեկնաբանությունները:
Պետական այս կառույցի և նրա թվով երկրորդ պաշտոնյայի պատասխաններից ավելի շատ հարցեր առաջացան: Նախ՝ խորհուրդներ տալուց առաջ ճիշտ կլիներ մեկ անգամ ևս վերընթերցել արդեն տպագրված լուրը, որում ապատեղեկություն բնավ չկա: Եղել է նման դեպք, և մենք փաստել ենք իրողությունը: Ավելին, մեր տեղեկությունը դուք ավելի եք մանրամասնել, նշելով, թե որ կալանավորի մասին է խոսքը և ով է եղել կաշառքի մասին մեղադրանք հնչեցնողը, իսկ ծառայողական քննություն անցկացնելը ձեր գործն է, եղել է «ուսումնասիրություն» և, ինչպես սպասվում էր` անարդյունք:
Երկրորդ. ճիշտ կլինի, որ պաշտոնյաներն ավելի հաճախ հետևեն, թե իրենց ղեկավարած կառույցի գործունեության մասին ինչ են գրում ԶԼՄ-ները: Մենք առիթ ենք ունեցել տպագրելու կալանավորի կնոջ «Բաց նամակը», որում նա հստակ նշում է, թե բուժսպասարկման առումով ինչ վիճակում է «Արմավիր» ՔԿՀ-ն, իսկ եթե, ինչպես հավաստում են վարչությունից, կան բոլոր անհրաժեշտ պայմանները, ուրեմն կալանավորին դրանք հասու չեն: Սա ևս պետք է մտահոգի ՔԿՎ-ի պատասխանատուներին:
«Իրատեսին» հղված պատասխաններում ամենաուշագրավ հատվածը, թերևս, այն է, որ Անուշ Թովմասյանին առաջարկվել է իր հայտարարությունները ներկայացնել «առարկայական և գրավոր»: Պարզ է, չէ՞, թե այդ «ցուցմունքից» հետո ինչ էր սպասելու կալանքի մեջ գտնվող նրա ամուսնուն: Իրականությունն այն է, որ այսքան ժամանակ որևէ բարձրաստիճան պաշտոնյա պատասխանատվության չի ենթարկվել պահանջած ու ստացած կաշառքի դիմաց: Հիմա մե՞նք ենք «անհիմն ստվեր» նետում ձեր աշխատանքին, թե՞ դուք:


Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆ

Դիտվել է՝ 1369

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ