Այսօր օրվա ընթացքում Մարդու իրավունքների եվրոպական դատարանի դատավորի պաշտոնում Հայաստանի Հանրապետության կողմից առաջադրվող թեկնածուների ընտրությունն իրականացնող մրցութային հանձնաժողովի աշխատակազմը կներկայացնի ՄԻԵԴ-ում ՀՀ դատավորի 3 թեկնածուների անունները՝ համաձայն հարցազրույցի փուլն անցած մասնակիցների հավաքած միավորների, որոնք մինչև մրցույթի ավարտը գաղտնի են պահվում:
Հիշեցնենք, որ թեկնածուներին ներկայացվող պահանջները գնահատվում են 100-միավորանոց համակարգով, որից անձնական հատկանիշները` 20, մասնագիտական որակները` 55 և լեզվական կարողությունները` առավելագույնը մինչև 25 միավոր:
Երեկվա դրությամբ ՄԻԵԴ-ում հարցազրույցի փուլը հաղթահարել էին առաջադրված 11 հավակնորդներից 7-ը.
1. Կենտրոնական Ասիայում ՄԱԿ-ի Մարդու իրավունքների հանձնակատարի տարածաշրջանային ներկայացուցիչ, իրավաբանական գիտությունների դոկտոր, ՀՀ նախկին ՄԻՊ Արմեն Հարությունյանը,
2. «Իրավունքի գերակայություն» իրավապաշտպան հասարակական կազմակերպության և «Ֆորում իրավունքի կենտրոն» ՀԿ մասնակից Արա Ղազարյանը,
3. ՀՀ գլխավոր դատախազության միջազգային-իրավական կապերի բաժնի պետ Նելիկ Հարությունյանը,
4. ԵՊՀ եվրոպական և միջազգային իրավունքի ամբիոնի վարիչ, դասախոս Վիգեն Քոչարյանը,
5.Երևան քաղաքի Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Լիզա Գրիգորյանը,
6. Փաստաբան Վահե Գրիգորյանը,
7. Մարդու իրավունքների պաշտպանության ասպարեզում մասնագիտական գործունեություն ծավալած Դավիթ Խաչատուրյանը:
Վերջնական ցուցակը կազմելու հաջորդ օրը հանձնաժողովը պարտավոր է այն հրապարակել պաշտոնական կայքերում և հրապարակման օրվան հաջորդող օրվանից սկսած մինչև մրցույթը հայտարարելու օրվան հաջորդող 50-րդ օրն այն ներկայացնել ՀՀ նախագահի հաստատմանը:
Եթե ՀՀ նախագահը չի ստորագրում, անցկացվում է նոր մրցույթ: