38 իտալացի պատգամավորներ հայ գերիներին ազատ արձակելու կոչ են արել՝ տեղեկացնում է Tempi-ն։ Իտալիայի կառավարությանը կոչ է արվում պարտավորություն ստանձնել Հայաստանի և Ադրբեջանի հանդեպ տարածաշրջանում խաղաղության համաձայնագրի առնչությամբ և ապահովել դեռևս ադրբեջանական բանտերում պահվողների ազատ արձակումը:               
 

Հաղթանակից ու պարտությունից անդին

Հաղթանակից ու պարտությունից անդին
27.07.2023 | 07:22

Առհասարակ որևէ ազգ չի կարող մշտապես հաղթանակող լինել, գոնե նյութական մակարդակում՝ նյութական հայրենիքի իմաստով։ Բայց և որևէ ազգ չի կարող իր բախտը տնօրինել միայն պարտության ծիրում։ Չմոռանանք, որ մեր հերոսներն անմահ են, երբ արդարության մեջ են։

Ուստի ես՝ Վանո Դադոյանս, որպես ժառանգորդ այդ հավիտենական արժեհամակարգի, հայտարարում եմ․ ես չեմ ընդունում հիմնովին պարտվածի հոգեբանությունը և պայքարելու եմ հանուն մեր արդարության հաղթանակի, հանուն մեր ազգի ու աշխարհի բարօրության ու երջանկության։ Քանզի չկա աշխարհում ոչ մի ուժ, որն ինձ կստիպի անցնել որևէ մեկի թրի տակով։ Եթե անգամ կտոր-կտոր անեք մեզ, միևնույնն է, մի ճկույթ կայծ է տալու, մի կաթիլ արյունից էլ հայոց հերոս է վերածնվելու, և Աստծո կամոք մեր արդար դատը լուծվելու է։

Պարզվում է՝ մեր հայրենիքում երեսուն տարի սահմանափակվել է հայոց ինքնության զարգացումը։ Փաստորեն, մենք ապրել ենք ոչ միայն մեր հոգևոր արժեքներից դուրս, այլև դրանց դեմ․ ահա մեր հիմնական բացթողումը և բոլոր արհավիրքների բուն պատճառը։ Իշխանավորները երեսուն տարում մեր հաղթանակն ու արդարության պահանջը ներսից քարուքանդ են արել, տարված լինելով այլազան իզմերով՝ չեն հանդուրժել հաղթող հայի տեսակը։ Բայց ինչքան գոյության իրավունք ունի նրանց մոտեցումը, այնքան էլ այդ իրավունքն ունի մեր մոտեցումը, և սա տիեզերական նորմ է։ Հիմա առավել ակնհայտ է դառնում, որ այդ պարտվողական քարոզչությունը փաթեթավորված է եղել վաղուց և հիմնված է եղել վախի ու բռնակալներին հաճոյանալու վրա։ Բայց, սիրելինե՛րս, երբ ադրբեջանն էր պարտված, ինչո՞ւ դուք նույն կերպ չէիք վարվում, չէիք պաշտպանում մեր հերոսների բերած հաղթական առավելությունը, այն, ինչ հիմա անում է ադրբեջանը ձեր լուռ համաձայնությամբ։ Ահա թե որտեղ է թաղված հակահայ շան գլուխը։

Մեր ազգը շուրջ հարյուր և ավելի տարի թալանվել, եղեռնի է ենթարկվել, հայրենազրկվել է հանուն արդարության և քաղաքակրթական արժեքների պահպանության։ Գոնե հիմա, սիրելի՛ հայեր, այլևս բաց չթողնենք մեր նոր հնարավորությունը, նորից չտրվենք մանիպուլյացիաների և հատվածական շահերի, կառուցենք մեր իսկապես Անկախ Ազգային Պետությունը։ Աշխարհում գրեթե ոչինչ չի փոխվել, արդարության հաղթանակը կրկին մենք ու միայն մենք ենք կերտելու, և սա աստվածային պահանջ է։ Երբ մենք վստահաբար ասենք մեր լինելիության վճռական խոսքը, անպայման սատարողներ կլինեն նաև աշխարհում, և մենք կհաջողենք․ ի վերջո մարդկությունն էլ կարիք ունի արդարության։

Ուստի նորից ու նորից խնդրում եմ բոլոր հայերին, որոնք իրենց հոգիներում կրում են հայկական արժեքներ, թեկուզ դրանց սաղմերը, և կարևորում են մեր առաքելական հավատը․ արձագանքե՛ք, և միասին, Աստծո օգնությամբ, ելք կգտնենք՝ որպես զենք ունենալով մեր հավաքական ինքնությունն ու միասնական կամքը։ Արձագանքե՛ք, տարածե՛ք, աջակցե՛ք, որ միասին նոր համահայկական օրակարգ ձևավորենք։ Եվ մի՛ վախեցեք ազատությունից․ բոլոր ժամանակներում աշխարհը բարեշրջել ու զարգացման են մղել հենց ազատ մտածողները։

Վանո Դադոյան

Դիտվել է՝ 2469

Մեկնաբանություններ