ՍՊԱՌՆԱԼԻՔԸ ՆՈՐ ՉԷ
Հայաստանի ԱԷԿ-ին հարվածելու Ադրբեջանի պաշտպանության նախարարության սպառնալիքը նոր չէ: Դեռևս 2018 թ. հուլիսին Ադրբեջանի պաշտպանության նախարարությունն արձագանքելով անհրաժեշտության դեպքում Մինգեչաուրի հէկին հարվածելու հայկական կողմի պատրաստակամության մասին Արցախի Հանրապետության Պաշտպանության բանակի հրամանատար Լևոն Մնացականյանի հայտարարությանը, ակնարկել էր ՀԱԷԿ-ին հարվածելու հնարավորության մասին. «ՀՀ տարածքում կան օբյեկտներ, որոնց ոչնչացումից հետո այնտեղ հարյուրավոր տարիներ կյանք չի լինի»:
Ավելի վաղ, 2018 թ. հուլիսի 24-ին Արցախի այն ժամանակվա ՊԲ հրամանատար, գեներալ-լեյտենանտ Լևոն Մնացականյանը Ստեփանակերտում տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ պատասխանելով Մինգեչաուրի հէկին հարված հասցնելու հնարավորության վերաբերյալ հարցին, հայտարարել էր. «Հնարավորություն ունենք կաթվածահար անելու Ադրբեջանի տնտեսությունը, սակայն դրա առիթն առայժմ չեմ տեսնում: Մարտական արվեստը պահանջում է, որ նման ռազմական օբյեկտներին հարվածներ հասցվեն։ Դա կվնասի տնտեսությանը ու կբացառի հակառակորդի ԶՈՒ-ին համապատասխան պաշարների մատակարարման հնարավորությունը։ Այդ օբյեկտը մեր նախագծերում է»:
Լևոն Մնացականյանը հավելել էր նաև, որ ամեն ինչ կախված է այն հանգամանքից, թե կլինի՞ արդյոք այդպիսի անհրաժեշտություն, առայժմ այդպիսի անհրաժեշտություն չկա: Մինգեչաուրի ջրամբարն Արցախի առաջնագծից ընդամենը մոտ 50 կմ է հեռու:
Դրանից ավելի վաղ, դեռ 2017 թ. մարտին Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանն Արցախում հայտարարել էր, որ «Հայաստանի զինուժի գերագույն գլխավոր հրամանատարն աչքը չի թարթելու, հարկ եղած դեպքում, «Իսկանդեր»-ի համազարկի հրաման արձակելիս»: Գեներալ Արկադի Տեր-Թադևոսյանը (Կոմանդոսը) նույնպես խոսել էր «Իսկանդեր» համալիրի օգտագործման հնարավորության մասին:
Ադրբեջանի պաշտպանության նախարարությունն ի պատասխան Արցախում Հայաստանի զինված ուժերի գերագույն գլխավոր հրամանատարի հիշյալ հայտարարության, 2017 թ. մարտի վերջին հանդես եկավ հայտարարությամբ, որում մասնավորապես նշված էր.
«Հայկական կողմը պետք է գիտակցի, որ Հայաստանի բոլոր ռազմական և ռազմավարական օբյեկտները գտնվում են Ադրբեջանի ԶՈւ ժամանակակից հրթիռների և համազարկային համակարգերի նշանառության տակ: Ցանկացած սպառնալիք Հայաստանի կողմից` վճռականորեն կանխվելու է, հետևանքները Հայաստանի համար լինելու են ողբերգական և անդառնալի»:
Գրեթե նույն ժամանակ Ադրբեջանի զինված ուժերի պահեստի գնդապետ Շահին Ռամալդանովն «АзерТАдж»-ին տված մեկնաբանությունում ասել էր, որ ի պատասխան ՀՀ-ի կողմից «Իսկանդեր»-ի օգտագործման, Բաքուն կհարվածի Մեծամորի ԱԷԿ-ին, և այդ ժամանակ Հայաստանում մի քանի դար ոչ ոք չի կարողանա ապրել:
Ադրբեջանի ԶՈՒ պահեստի գնդապետ Շ. Ռամալդանովն իր այս հայտարարությամբ անուղղակիորեն խոստովանել էր, որ Ադրբեջանը չունի «Իսկանդեր»-ի հրթիռը խոցելու որևէ հնարավորություն, այլապես կասեր, որ «Իսկանդեր»-ի օգտագործման դեպքում Ադրբեջանն «Իսկանդեր»-ի հրթիռները կխոցի իր զինանոցում եղած ու դրա հնարավորությունն ունեցող այս կամ այն հակահրթիռով: Դրա փոխարեն, որպես Հայաստանի կողմից «Իսկանդեր»-ի հնարավոր կիրառումը զսպելու, կանխելու միջոց, նա սպառնացել էր «Իսկանդեր»-ի կիրառման դեպքում Բաքվի կողմից նույնիսկ այդ ծայրահեղ քայլին գնալ` հարվածել ՀԱԷԿ-ին:
Ինչ վերաբերում է մեր «Իսկանդեր»-ին, ամեն ինչ պարզ է. այն աշխարհում չունի իր նմանակը, Ադրբեջանի ունեցած սպառազինության համար գործնականում անխոցելի է, ունի շուրջ 300 կմ հեռահարություն ու թիրախին մեծ ճշգրտությամբ հարված հասցնելու հնարավորություն: Դրանով մենք կարող ենք շատ կարճ ժամանակաընթացքում անվրեպ խոցել ու շարքից հանել «Իսկանդեր»-ի հրթիռների հասանելիության տիրույթում գտնվող Ադրբեջանի ռազմավարական նշանակության ռազմական ու տնտեսական օբյեկտներից (նավթի ու գազի հանքեր, տերմինալներ, մայրուղային խողովակաշարեր, օդանավակայաններ, զինապահեստներ, որոշ էլեկտրակայաններ և այլն) ցանկացածը:
ՀԱԷԿ-ին հարվածելու ադրբեջանական սպառնալիքների շարքից վերջինը Ադրբեջանի պաշտպանության նախարարության հուլիսի 16-ի հայտարարությունն էր Հայաստանի ատոմային էլեկտրակայանին հրթիռային հարված հասցնելու մասին: Ադրբեջանի ՊՆ մամուլի ծառայության ղեկավար Վագիֆ Դարգյահլիի հայտարարության համաձայն, «Հայկական կողմը չպետք է մոռանա այն մասին, որ ադրբեջանական բանակի սպառազինության մեջ եղած ամենաժամանակակից հրթիռային համակարգերը թույլ են տալիս բարձր ճշգրտությամբ հարվածել Մեծամորի ԱԷԿ-ին, ինչը կհանգեցնի Հայաստանի համար մեծ աղետի»:
«Օրվա ընթացքում ադրբեջանական քարոզչությունը փայլեց հերթական գլուխգործոցով, պաշտոնապես Ադրբեջանի պաշտպանության նախարարության կողմից հայտարարվեց Մեծամորի ատոմակայանին հարվածելու մասին,- հուլիսի 16-ին լրագրողների հետ հանդիպմանն անդրադառնալով Ադրբեջանի ՊՆ հիշյալ հայտարարությանը, ասել է Իջևանում լրատվական ճգնաժամային կենտրոնի պատասխանատու Արծրուն Հովհաննիսյանը:- Որևէ պաշտոնական հաղորդագրություն, հայտարարություն Հայաստանի ԶՈՒ մարմինների կողմից չի եղել որևէ նման քաղաքացիական կամ ռազմավարական, կամ ոչ ռազմավարական օբյեկտի հարվածելու մասին: Ավելին, ես հայտարարեցի, որ նույնիսկ ադրբեջանական գյուղերում որևէ տուն չի թիրախավորվում մեր զինված ուժերի կողմից: Ես շատ ուրախ եմ, որ մեր քաղաքական գործիչները, մեր դիվանագիտական կորպուսը այս հարցը բարձրացնում են համապատասխան մարմիններում, որովհետև սա շատ կարևոր եզրակացության տեղիք պիտի տա` սա կոնկրետ հանցագործություն է»:
Ինչո՞ւ են Ադրբեջանի պաշտպանության նախարարությունում այս աստիճան խառնվել իրար և իսկապես հոգեկան անհավասարակշիռ վիճակում հայտնվել: Հայաստանի որոշ քաղաքագետների, լրագրողների կողմից եղել են Ադրբեջանի տարածքում, հուլիսի 12-ից սկսված ռազմական բախման վայրից ոչ հեռու գտնվող, դեպի Եվրոպա գազ տեղափոխող գազատարը շարքից հանելու առաջարկներ, իսկ ավելի վաղ նախկին պաշտոնյաներից երկուսն ակնարկել են, անհրաժեշտության դեպքում, Մինգեչաուրի ջրամբարի պատվարին հարվածելու հնարավորության մասին, այս կապակցությամբ իրենց մասնավոր կարծիքներն արտահայտել, ինչը, սակայն, Ադրբեջանի ՊՆ-ին պաշտոնական նման հայտարարությամբ հանդես գալու որևէ հիմք չէր տալիս:
Փաստ է, որ Հայաստանի ԶՈՒ մարմինների կողմից իսկապես չի եղել որևէ պաշտոնական հաղորդագրություն, հայտարարություն նման քաղաքացիական կամ ռազմավարական, կամ ոչ ռազմավարական օբյեկտի հարվածելու մասին: Այնուհանդերձ, դատելով ամենից, Ադրբեջանում կամ Ադրբեջանի ՊՆ-ում տակները լցրել են նույնիսկ մեր քաղաքագետների, լրագրողների, հիշյալ հրապարակումներից, նախկին պաշտոնյաների տված պատասխաններից, և արդեն պաշտոնապես, նույնիսկ ՊՆ-ի մակարդակով հանդես եկել նշված սպառնալիքով:
Այլ խնդիր է, թե ՀԱԷԿ-ին հարվածելու Ադրբեջանի սպառնալիքը գործնականում իրագործելի՞ է… Եթե այո, ապա դրա ո՞ր մասն է համապատասխանում իրականությանը, և ո՞ր մասն է շինծու, պարզապես մեզ վախեցնելու նպատակն ունեցող կամ ներքին սպառման, այսինքն` սեփական հանրությանը հանգստացնելու կամ մոլորեցնելու համար:
Նախքան վերոնշյալ հարցերին անդրադառնալը, նշենք, թե մենք ռազմավարական նշանակության և կարևորագույն ինչ օբյեկտներ ունենք, և դրանցից որոնք են Ադրբեջանի համար սկզբունքորեն անխոցելի: Հայաստանի համար կարևորագույն նշանակություն ունեն ՀԱԷԿ-ը, Հրազդանի և Երևանի ջերմաէլեկտրակայանները, Մատենադարանը, Աբովյանի գազի ստորգետնյա պահեստարանը, օդանավակայանները, զինապահեստները:
Գազի պահեստարանը սկզբունքորեն անխոցելի է հակառակորդի համար, քանի որ այն ստորգետնյա է, ավելին` ունի շուրջ 750–1050 մետր խորություն, որը խոցելի չէ ոչ միայն Ադրբեջանի սպառազինության կազմում գոյություն ունեցող, այլև, թերևս, աշխարհում առկա որևէ ռումբի և հրթիռի համար: Մատենադարանը տարածության առումով թեև նույնպես հասանելի, բայց դրանում գտնվող գանձերը, գազապահեստարանի նման, խոցելի չեն Ադրբեջանի ունեցած հրթիռների, արկերի, ռումբերի համար, քանի որ, որքան տեղյակ ենք, գտնվում են ժայռային բացվածքում և բունկերային տիպի պահոցներում:
ԻՆՉՈՎ ԿԱՐՈՂ Է ՀԱՐՎԱԾԵԼ ԱԴՐԲԵՋԱՆԸ ՀԱԷԿ-ԻՆ
Իսրայելական արտադրության LORA օպերատիվ-մարտավարական հրթիռային համալիրի հրթիռներով (կախված հրթիռի մակնիշից, հեռահարությունը` մինչև 300 կմ, մարտագլխիկի քաշը` 400-600 կգ):
Բելառուսական «Պոլոնեզ» համազարկային կրակի ռեակտիվ համակարգերի չինական հրթիռներով (կախված դրանց մակնիշից, հեռահարությունը` մինչև 200 և մինչև 280 կմ, մարտական մասի քաշը` մինչև 480 կգ):
Թուրքական SOM թևավոր հրթիռներով (հեռահարությունը` ավելի քան 180 կմ, մարտագլխիկի քաշը` շուրջ 230 կգ):
Խորհրդային և ռուսական «Точку-У» մարտավարական հրթիռային համալիրի հրթիռներով, եթե ունի այդ հրթիռների ոչ թե 70, այլ 120 կմ հեռահարության արդիականացված տարբերակը (մարտական մասի քաշը` 482 կգ):
Խորհրդային և ռուսական «Смерч» համազարկային կրակի ռեակտիվ համակարգերի արկերով (կախված ռեակտիվ արկերի մակնիշից, հեռահարությունը` 70-120 կմ):
Су-24 ռմբակոծիչների (յուրաքանչյուրը կարող է կրել մինչև 7 տոննա ռումբեր կամ մինչև 7,5 տ հրթիռներ) մարտավարական նշանակության ավիացիոն ռումբերով և «օդ-երկիր» դասի հրթիռներով, որոնցից և ռումբերի, և հրթիռների քաշը և ավերիչ ուժը մեծ չէ (եթե, իհարկե, այդ ռումբերը տեղափոխող ինքնաթիռները կարողանան հասնել ՀԱԷԿ-ին խոցելու գոտի):
ԻՆՉՈՎ ԿԱՐՈՂ ԷՀԱՅԱՍՏԱՆԸ ԽՈՑԵԼ ՎԵՐՈՆՇՅԱԼ ՀՐԹԻՌՆԵՐԸ, ԱՐԿԵՐԸ, ՌԱԶՄԱԿԱՆ ԱՎԻԱՑԻԱՆ
Ավիացիան` հակաօդային պաշտպանության տարբեր համակարգերով, Հայաստանն ունի հզոր և ժամանակակից ՀՕՊ համակարգ: Մեր ատոմակայանը պաշտպանվում է ՀԱԷԿ-ից ոչ հեռու գտնվող հակաօդային պաշտպանության N զորամասի կողմից, որի պաշտպանության գոտին հասնում է Թուրքիայի սահմանին, Ադրբեջանի սահմանին` Նախիջևանի կողմից, և անցնում: Նշված զորամասի մոտ 200 կիլոմետր տրամագիծ ունեցող պաշտպանության ու պատասխանատվության գոտում են գտնվում ՀԱԷԿ-ը, Երևանը, «Զվարթնոց» և «էրեբունի» օդանավակայանները, ՀՀ զինված ուժերի հրամանատարական կետը, թիկունքային կառավարման կետը, Հայաստանի Հանրապետության ՀՕՊ և ավիացիայի միացյալ հրամանատարական կետը, զորքերի խմբավորումների մի մասը:
Հրթիռները, արկերը, թևավոր հրթիռները` С-300ПС և С-300ПТ զենիթահրթիռային համալիրի հրթիռներով, թերևս նաև ՀՕՊ-ի այլ միջոցներով:
Նման վտանգի դեպքում, անշուշտ, գործի կդրվեն նաև Հայաստանում գտնվող Ռուսաստանի 102-րդ ռազմաբազայի ավելի մեծ հնարավորություններ ունեցող հ-400 զենիթահրթիռային համալիրները, ինչպես նաև 102-րդ ռազմաբազայի 988-րդ զենիթահրթիռային գնդի հակաօդային և հակահրթիռային պաշտպանության ունիվերսալ բազմուղի զենիթահրթիռային հ-300Թ («Антей-300В») համալիրների B շարքի հրթիռները, որոնք հիմնականում հարմարեցված են հենց հրթիռների խոցման համար: Դրանցով կխոցվի Ադրբեջանից արձակված ցանկացած մարտավարական, նույնիսկ օպերատիվ-մարտավարական հրթիռ:
Հրթիռները և արկերն իրենց թիրախից շեղելու հարցում թերևս իրենց դերը կունենան ռադիոէլեկտրոնային պայքարի ժամանակակից միջոցները:
ԵԹԵ ԱԴՐԲԵՋԱՆԻՀՐԹԻՌՆԵՐԸ, ԱՐԿԵՐԸ, ՌՈՒՄԲԵՐԸ, ԱՅՆՈՒԱՄԵՆԱՅՆԻՎ, ՀԱՍՆԵ՞Ն ՀԱԷԿ-ԻՆ
Ի՞նչ կլինի այն դեպքում, եթե, այնուամենայնիվ, Ադրբեջանի մարտավարական ճակատային հց-24 ռմբակոծիչներից մեկը կամ մի քանիսը հասնեն ՀԱԷԿ-ին ու ռմբակոծեն, կամ ՀԱԷԿ-ին հասնեն Ադրբեջանի ունեցած վերոնշյալ զինատեսակների հրթիռները, արկերը: Մեր հակահրթիռային պաշտպանության միջոցների կողմից Ադրբեջանից արձակված հրթիռները, ՀԿՌ համակարգերի արկերը կամ այնտեղից օդ բարձրացած ինքնաթիռները հայտնաբերելու, տագնապի ազդանշանի դեպքում ատոմակայանում կառավարվող շղթայական ռեակցիան կանգնեցնելու համար որքա՞ն ժամանակ է անհրաժեշտ ատոմակայանի անձնակազմին: Դեռ 2017 թ. պատասխանելով իմ այս հարցին, «Հայկական ատոմային էլեկտրակայան» ՓԲԸ գլխավոր ճարտարագետի տեղակալ (անվտանգության գծով) Հովիկ Աթոյանն ասաց.
«Ռեակտորը կանգնեցնելու համար մեզ անհրաժեշտ է մի քանի րոպե, իսկ անվտանգության վիճակի բերելու համար ժամեր են պետք, 24 ժամ»:
Ենթադրենք` հակառակորդը հրթիռով կամ ռումբով կկարողանա խոցել ՀԱԷԿ-ը, և հարվածն այնքան հզոր կլինի, որ ատոմակայանի պաշտպանիչ շերտերը խորտակելով, կխփի արդեն կանգնեցված վիճակում գտնվող ռեակտորին, դրա հետևանքը նու՞յնը կլինի, ինչ Չեռնոբիլի ԱԷԿ-ի վթարինը, թե ավելի մեղմ, քանի որ ռեակտորը, ի տարբերություն Չեռնոբիլի ԱԷԿ-ի ռեակտորի, արդեն կանգնեցված վիճակում կլինի: Պատասխանելով այս հարցին, Հ. Աթոյանն ասաց.
«Նույնիսկ եթե աշխատանքի ժամանակ խփեն, հետևանքը նույնը չի լինի, որովհետև մեր ռեակտորն ընդհանրապես այլ տիպի է, և համակարգերը նախատեսված են նույնիսկ այդպիսի հարձակումների դեպքում, անկախ մարդու միջամտությունից, շղթայական ռեակցիան դադարեցնելու համար»:
Դատելով Ադրբեջանի վերոնշյալ հրթիռների և արկերի արագությունից, դրանք ՀԱԷԿ-ին կարող են հասնել ավելի շուտ (թերևս 1-2 րոպեում), քան հնարավոր կլինի կանգնեցնել ռեակտորը:
Այնուամենայնիվ, եթե թեկուզ շղթայական ռեակցիան դադարեցված լինի, բայց հարվածն այնքան հզոր լինի, որ ճեղքի ռեակտորի պատյանը, ի՞նչ կլինի:
«Մեր ռեակտորը հաշվարկված է այնպես, որ եթե նույնիսկ ծանր ինքնաթիռը, ասենք, «Իլ-86»-ի կամ «Բոինգ-747»-ի կարգի, ընկնի ուղիղ ՀԱԷԿ-ի շենքի վրա, որում կամ որի տակ ռեակտորն է, ոչ մի բան էլ չի լինի,- ասաց գլխավոր ճարտարագետի տեղակալը:- Կարող է որոշ վնասներ լինեն, բայց, բոլոր դեպքերում, միջուկային վթար չի լինի, միջուկային վառելիքին վնասել չի լինի»:
Հավելենք, որ «Իլ-86»-ի առավելագույն քաշը 215 տոննա է, իսկ «Բոինգ-747»-ի ամենաթեթև մոդիֆիկացիայի (747-100B) առավելագույն քաշը` ավելի քան 333 տ:
ՀԱԷԿ-ին իսրայելական արտադրության LORA օպերատիվ-մարտավարական հրթիռային համալիրի 400-600 կգ մարտական մաս ունեցող հրթիռի հարվա՞ծն ավելի ուժեղ կլինի, թե՞ ՀԱԷԿ-ին այն հարվածը, որը կառաջանա նրա վրա 333 տ քաշ ունեցող ինքնաթիռի ընկնելու դեպքում: Այս հարցի պատասխանը միայն մասնագետներին, ավելի ճիշտ, նույնիսկ նեղ մասնագետներին է հայտնի:
Արթուր ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ