ԱՄՆ-ի նախագահական ընտրություններում Դոնալդ Թրամփի հաղթանակը չի փոխի վերաբերմունքը ուկրաինական ճգնաժամի նկատմամբ՝ հայտարարել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը։ «Վաշինգտոնի սկզբունքային վերաբերմունքը ուկրաինական և նույնիսկ եվրոպական հարցերի նկատմամբ չի փոխվի այն առումով, որ Վաշինգտոնը միշտ կձգտի իր վերահսկողության տակ պահել այն ամենը, ինչ տեղի է ունենում ՆԱՏՕ-ամերձ և բուն ՆԱՏՕ-ի տարածքում»,- ընդգծել է նա։               
 

20 տարի անց Բաշար Ասադը հուսահատ վիճակում է

20 տարի անց Բաշար Ասադը հուսահատ վիճակում է
11.06.2020 | 08:39

Սիրիացիները սոցիալական ցանցերով միմյանց են փոխանցում թիվը, որ օրվա մեջ, ինչպես աճուրդում, աճում է՝ 1800, 2400, 3000, 3500, 3800... Դա դոլարի կուրսն է սիրիական ֆունտի նկատմամբ՝ ԱՄՆ նոր պատժամիջոցների ուժի մեջ մտնելուց հետո: Անցյալ տարեվերջին Կոնգրեսը կողմ քվեարկեց «Կեսարի օրենքին», անվանումը սիրիացի լրատուի կեղծանունն է, որ լուսանկարներ է փոխանցել սիրիական բանտերում կտտանքներից մահացած բազում բանտարկյալների մասին: Սիրիայի պաշտոնական ԶԼՄ-ները պատժամիջոցների խստացումը ԱՄՆ-ի կողմից դատապարտեցին իբրև «տնտեսական ահաբեկչություն»: Այս օրենքը ավելի ամուր է ձգում սիրիական տնտեսության պարանոցին նետված օղակը: Բայց դա բնավ էլ միակ դժբախտությունը չէ, որին բախվում է Բաշար Ասադի վարչակարգը: Իր ռազմական ու քաղաքական հաղթանակները վայելելուն խանգարում են տարատեսակ աղետները՝ գրում են Լյուկ Մատիեն ու Հալա Կոդմանին Liberation-ում: Այս շաբաթ լրանում է Բաշար Ասադի նախագահ դառնալու 20 տարին, նա փոխարինեց հորը՝ Հաֆեզ Ասադին, բայց հազիվ թե հաջողվի իր գործունեության հոբելյանը նշել: Իր երկրի համար ավերիչ դարձած ատերազմի 9 տարիներից հետո այսօր նա բախվում է աննախադեպ տարաձայնությունների իր կլանի ներսում, որ իշխում է Սիրիայում 1970-ից: Հասարակության դատին ներկայացվեց նրա վեճը զարմիկի՝ Ռամի Մախլուֆի հետ, որ 20 տարի համարվում էր ամենաազդեցիկ բիզնեսմեններից մեկը երկրում, և դա բաժանում է ոչ միայն ընտանիքը, այլև ալավիտների համայնքը, որ տասնյակ հազարավոր զոհեր է տվել վարչակարգի իշխանության պահպանման համար: Վարչակարգի համար անհանգստության ևս մեկ պատճառ է երկու դաշնակիցների դժգոհությունը, որոնց պարտական է իր վերապրելով՝ Իրանի ու Ռուսաստանի: «Մենք Սիրիային տվել ենք 20-30 միլիարդ դոլար, և պետք է հետ ստանանք»՝ հայտարարել է Իրանի մեջլիսի ազգային անվտանգության ու արտաքին քաղաքականության հարցերով հանձնաժողովի պատգամավորը մայիսի 20-ին պաշտոնական Etemad Online կայքին հարցազրույցում: Իսկ Ռուսաստանում կրեմլամետ մամմուլը մի քանի հոդվածներով դատապարտել է Դամասկոսի իշխանության կոռումպացվածությունն ու ոչ գործիմացությունը:
Պատերազմի 9 տարիներից հետո Բաշար Ասադի վարչակարգը չկարողացավ գրավել սիրիական ամբողջ տարածքը՝ երկու կարևորագույն գոտիներ սպրդեցին՝ հյուսիս-արևելքը, որ ղեկավարում է քրդերի վարչակազմը և Իդլիբի նահանգը (հյուսիս-արևմուտք): Իդլիբի նահանգի կեսը դուրս է եկել վերահսկողությունից և վերանվաճելը դարձել է Դամասկոսի գերակա խնդիր, որ դեկտեմբերին անցավ հարձակման Ռուսաստանի աջակցությամբ, բայց առանց Իրանի օգնության, ում համար այդ շրջանը գերակա կարևորություն չունի: Սիրիական ու ռուսական կործանիչների ռմբակոծությունները հանգեցրին հումանիտար աղետի: Այդ ժամանակից մարտական գործողությունները և օդային հարձակումները, հիմնականում, դադարեցվել են, թեպետ Ռուսաստանը հունիսի սկզբին 3 ամսվա մեջ առաջին անգամ ավիահարվածներ տեղաց, որոնց նպատակն էր թույլ չտալ զինված խմբավորումներին մոտենալ M-4 մայրուղուն: Բնակչությունը բողոքեց: Բողոքներ են լինում և վարչակարգի վերահսկած տարածքներում՝ Դերայի նահանգում, որտեղից սկսվեց վարչակարգի դեմ ընդվզումը 2011-ին: Ռեգիոնն արդեն համարվում էր «խաղաղեցված» հաշտության համաձայնագրի օգնությամբ, որ կնքվել էր 2018-ին Ռուսաստանի միջնորդությամբ: Բայց զինված խմբավորումները նորից հայտնվեցին և մանր գրոհներ սկսեցին կառավարական ուժերի վրա: Այդ մշտական անկայունությունը խնդիր է Ռուսաստանի համար: Սիրիայի հարավում արդեն տեսանելի են հասունացող բողոքի նշանները՝ նշվում է մայիսին հրապարակված Ռազմավարական ու միջազգային հետազոտությունների կենտրոնի զեկույցում: Ուժերը, որ վարչակարգի կողմից են, կարող են բախվել նույնպիսի անկայունության հյուսիս-արևելքում, որտեղ Ասադի դեմ ընդվզած սունի արաբ բնակչությունը համաձայն չէ նրա վերադարձին:
Լյուկ Մատիե, Հալա Կոդմանի, Libération


Հ.Գ. Սիրիան գնում է նախագահական նոր ընտրությունների, ու նաև դա է Ասադի կլանի ներսում տարաձայնությունների պատճառը: Իդլիբում Բաշար Ասադի անհաջողության պատճառը ռուս-թուրքական հարաբերությունների զիզգագներն են՝ Ռուսաստանը մեկ վճռում է պատժել Թուրքիային, մեկ վճռում է, որ Թուրքիան տարածաշրջանում իր ռազմավարական դաշնակիցն է ու առևտրային գործընկերը, այստեղից էլ Ասադի բախտը մեկ բերում է, մեկ չի բերում: Ռուս-սիրիական հարաբերությունների որոշակի փոփոխություններ, իհարկե, եղել են, Պուտինը ակնկալում է, որ Ասադը բոլոր հարցերում պիտի առաջնորդվի իր թելադրանքով, իսկ Ասադն ունի հարաբերություններ նաև Իրանի ու արաբական աշխարհի հետ: Միով բանիվ՝ Սիրիան գնում է կոնֆլիկտի 10-ամյակ, դեռ չհաղթահարած ռազմական փուլը ու քաղաքական հաշտության չհասած, որի հիմնական պատճառը դարձել է Էրղոդանը:


Անահիտ ԱԴԱՄՅԱՆ

Դիտվել է՝ 9022

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ