ԱՄՆ-ի նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփի անցումային թիմում ամենաազդեցիկ անձ համարվող գործարար Իլոն Մասկը և ՄԱԿ-ում Իրանի մշտական ներկայացուցիչ Ամիր Սաիդ Իրավանին Նյու Յորքում քննարկել են Վաշինգտոնի ու Թեհրանի հարաբերություններում լարվածությունը նվազեցնելու ուղիները։ Նրանք դրական են որակել բանակցությունները և ասել, որ սա «լավ նորություն» են համարում։               
 

Ինչպիսին կլինի աշխարհակարգը կորոնավարակի պանդեմիայից հետո

Ինչպիսին կլինի աշխարհակարգը կորոնավարակի պանդեմիայից հետո
11.05.2020 | 08:28

Ներկա աշխարհակարգը հիմնականում ձևավորվել է երկրորդ աշխարհամարտի արդյունքներով: Եվրոպայում նացիստների նկատմամբ հաղթանակը դարձավ կոնֆլիկտի վերջին գլուխը: Մնում էր դեռ հաղթել Ճապոնիային: Բայց Հաղթանակի օրը կարևոր շրջադարձ էր ու նշանավորեց անցումը նոր աշխարհակարգին: Պատերազմից հետո ԱՄՆ-ը դարձավ ռազմական գերտերություն՝ Մոսկվայից առաջ անցնելով միջուկային զենքի ստեղծման մեջ, որ դարձավ գլխավոր տարադրամը ռազմավարական գլոբալ հզորության հարցում: Բայց շուտով ԽՍՀՄ-ը սեփական ատոմային ռումբն ունեցավ: Արևելյան Եվրոպայի նշանակալից հատվածի վրա վերահսկողությունը պահելու ԽՍՀՄ-ի որոշումը վերացրեց հույսերը, որ նոր աշխարհակարգում կոնֆլիկտները քիչ կլինեն: Արդյունքում հայտնվեց Հյուսիսատլանտյան դաշինքը (ՆԱՏՕ-ն) և թվում էր, որ հաստատվել է մշտական ու դիվանագիտական կապ ԱՄՆ-ի ու Արևմտյան Եվրոպայի միջև: Լրագրող ու պատմաբան Էնն Էպլբաումի գնահատականով՝ «հայտնվեց Արևմուտքի գաղափարը», այսինքն՝ դաշնակիցների համակարգ՝ հիմնված արժեքների վրա, երբ հիմնական դերը խաղում են ոչ միայն սահմանները, այլև՝ գաղափարները:


Բայց դա վերաբերում է ոչ միայն ՆԱՏՕ-ի ստեղծմանը: Հայտնվեց նոր կառույցների ամբողջ ցանց՝ ասում է պատմաբան Մայքլ Կլարկը: «Նախապատերազմյան միջազգային կառուցվածքից քիչ կառույցներ պահպանվեցին, հստակ ընկալում կա, նույնիսկ ավելի շատ, քան 1919-ին, որ պետք է ստեղծել գլոբալ աշխարհակարգ փլատակներից»՝ բացատրում է Կլարկը: Առանցքային ձեռքբերում էր ՄԱԿ-ի ստեղծումը, հետո՝ Բրետոն-Վուդսի տարադրամային համակարգը, Համաշխարհային բանկը և Արժույթի միջազգային հիմնադրամը: Կլարկի խոսքով՝ Բրիտանիան էական դեր խաղաց այդ կառույցների ստեղծման մեջ, բայց գլխավոր խոսքը ԱՄՆ-ինն էր: «Համարյա յուրաքանչյուր միջազգային կառույց կախված էր ԱՄՆ-ի շահագրռությունից և աջակցությունից իր ստեղծման մեջ: Կազմակերպությունների այդ շղթայում, որտեղ գերակշռում էր Արևմուտքը, համաշարհային տնտեսության համար բարենպաստ 1950-60-ական թվականներին զարգացավ օրենքի վրա հիմնված միջազգային կարգը: Այդ կարգը հիմա սպառնալիքի տակ է, որովհետև հիմնարար քաղաքական ենթատեքստը էականորեն փոխվում է»՝ գտնում է Մայքլ Կլարկը:Պատճառները մենք ամեն օր տեսնում ենք նորությունների թողարկումներում: Բացի ամեն ինչից՝ հզորացող Չինաստանը, տնտեսական հզորության տեղափոխումը Ասիայի ու Հեռավոր Արևելքի երկրներ և ուժեղացող պոպուլիստական միտումները արևմտյան ժողովրդավարություններում:


Նաև՝ հակասությունները ՆԱՏՕ-ի ներսում, որոնց ազդակը տվեց ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը: Նա կասկածի տակ դրեց ալյանսի նշանակությունը ԱՄՆ-ի համար: Մի մոռացեք ՆԱՏՕ-ի որոշ երկրներում կառավարման ավտորիտար ձևը, օրինակ՝ Թուրիքայում ու Հունգարիայում: Էնն Էպլբաումը նշում է, որ ԱՄՆ-ում միջազգային քաղաքականության մեջ մեկուսացվածության թեման գերակա է դարձել Հանրապետական կուսակցության համար: Նրա կարծիքով՝ արևմտյան արժեհամակարգում ճեղքեր են հայտնվել, սերնդափոխությունը նշանակում է, որ ներկա քաղաքական գործիչներից քչերն են ապրել հետպատերազմյան ժամանակներում: Մյուս խնդիրը՝ անտեսվում է ժամանակակից պատմությունը: Չինաստանը համաշխարհային ասպարեզ է դուրս եկել ոչ երեկ, օրինակ, եղել է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի առաջին անդամներից մեկը: «ԱՄՆ-ը միշտ է զգուշացել Չինաստանից՝ և պատերազմից առաջ, և հետո»,-պատմում է Մայքլ Կլարկը: Նրա խոսքով՝ քչերն են հիմա հիշում, որ դեռ կոմունիստականացումից առաջ ԱՄՆ-ը Չինաստանին համարում էր մեծ ուժ նոր աշխարհում և կանխատեսվում էր, որ կդառնա հին կայսրությունների՝ Բրիտանիայի ու Ֆրանսիայի ազդեցությունը չեզոքացնող տերություն: «Այդ պատճառով՝ ԱՄՆ-ը մեծ շոկ ապրեց, երբ 1949-ին Չինաստանը գնաց դեպի կոմունիստներ: Վիրավորանքն անցավ միայն 1972-ին, բայց հնարավոր է հիմա Վաշինգտոնը նորից է ընկնում ժամանակակից աշխարհում Չինաստանի դերի մասին պատրանքների խորտակման սինդրոմի մեջ»՝ ասում է նա: Այս տեսակետին համամիտ է Լոնդոնի արքայական քոլեջից Լորենս Ֆրիդմանը: Նա նույնպես համարում է, որ սառը պատերազմի տարիներին Չինաստանի դերի հարցը տարբերվում էր: Ի տարբերություն ներկա իրավիճակի՝ 20-րդ դարում Չինաստանը տնտեսական ու տեխնոլոգիական սպառնալիք չէր ներկայացնում:


Մայքլ Կլարկը գտնում է, որ ԱՄՆ-ի համեմատական դեգրադացիան ավելի շուտ ախտանիշ, ոչ թե պատճառ է հետպատերազմյան աշխարհակարգի ավարտի: Բայց նա համարում է, որ Վաշինգտոնի այդ գործողությունների պատճառով գործընթացը կտրուկ արագացել է: «Նոր աշխարհակարգը հիմնվում է մեկ պարզ փաստի՝ Երկրի բնակչության կեսից ավելին ապրում է պայմանական շրջանի մեջ, որ գծում են Հնդկաստանը, Չինաստանն ու Հարավ-Արևելյան Ասիան,- ասում է նա: -Դա խթանում է աշխարհի տնտեսական աշխարհագրությունը, որ արդյունքում վերածվում է ազգային քաղաքական ուժի և համապատասխանաբար՝ միջազգային քաղաքական կառույցների»:


Կփոխվի՞ իրավիճակը կորոնավարակի պանդեմիայի հետևանքով:
Մայքլ Կլարկը գտնում է, որ ասիական թեքումը աշխարհում պանդեմիայից հետո չի դադարի, բայց, ավելի շուտ՝ նրա բացասական ազդեցությունը այդ երկրների տնտեսության վրա կզգացվի մեկ տասնամյակ: «Չինաստանը երկարաժամկետ հեռանկարում տանուլ կտա ճգնաժամից, ինչպես կորոնավիրուսի խնդրի լուծման քաղաքական արձագանքի տեսակետից, այդպես էլ մատակարարումների կայունության ու շղթայի ազգային վերագնատման տեսակետից, որ այդքան ուժեղ կախված են Չինաստանից»՝ գտնում է նա: Դեռ չափազանց վաղ է կանխատեսումներ անել՝ ինչպիսին կլինի միջազգային համակարգը պանդեմիայից հետո: Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ դրսևորած պարտքի զգացումը պետության առաջ և համերաշխությունը դարձան հետպատերազմյան կյանքի կազմակերպման մաս: Հրաշալի կլիներ, եթե նույնը լիներ հիմա, բայց հազիվ թե արժի դա սպասել:
BBC


Հ.Գ. Փաստացի՝ Չինաստանը հետ է մղել Ռուսաստանին աշխարհի թիվ մեկ գերտերության՝ ԱՄՆ-ի պատվավոր մրցակցի ու հակառակորդի դիրքերից: Նման դեպքերում երկու դասավորություն է հնարավոր՝ ՌԴ-Չինաստան դաշինքի սերտացում, կամ ԱՄՆ-ՌԴ հարաբերությունների վերականգնում ու ԱՄՆ-ՌԴ առանցք ընդդեմ Չինաստանի, որ սակավ հավանական է, բայց բազում հարցեր է հանում ՌԴ քաղաքական ու տնտեսական օրակարգից, ուրեմն կարող է դիվանագիտական խնդիր լինել: Զուգահեռ խնդիր՝ ՌԴ-Չինաստան հարաբերությունների սերտացմանը:


Անահիտ ԱԴԱՄՅԱՆ

Դիտվել է՝ 7543

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ