Էմանուել Մակրոնը վստահ է՝ ԵՄ հիմքերը սպառնալիքի տակ են կորոնավիրուսի համաճարակի պատճառով: «Ռիսկը Շենգենի մահն է»՝ ասել է Ֆրանսիայի նախագահը ԵՄ սամիթում, որ կազմակերպվել էր մարտի 26-ին, երեկոյան տեսակոնֆերանսի ձևաչափով՝ առողջապահության ճգնաժամի պատճառով՝ գրում է l'Opinion-ը: ԵՄ ղեկավարները չկարողացան պայմանավորվել տնտեսական աջակցության միջոցառումների մասշտաբների մասին՝ երկու շաբաթ տրամադրելով հատուկ վարկային գծի օգտագործման հարցի լուծմանը: Ընդգծելով, որ պանդեմիան ԵՄ-ի համախմբման համար խնդիր է, Գերմանիան ու Նիդեռլանդները դեմ էին հատուկ վարկային գծի օգտագործմանը: 6 ժամ քննարկումներից հետո պետությունների ու կառավարությունների ղեկավարները հանձնարարեցին ֆինանսների նախարարներին լուծում գտնել երկու շաբաթում: Իտալիան, իբրև Եվրոպայում կորոնավիրուսից ամենատուժած երկիր, եվրագոտուն կոչ է անում բոլոր ջանքները գործադրել ճգնաժամի հետևանքների հաղթահարման համար առողջապահության ոլորտում: Իտալիայի վարչապետ Ջուզեպե Կոնտեն ասել է. «Մենք պետք է արձագանքենք իննովացիոն ֆինանսական փաստաթղթերով»: Չինաստանում տարածվելուց հետո, երբ կորոնավիրուսը ներթափանցեց Եվրոպա, ԵՄ-ն փորձում է տնտեսական աջակցության միջոցառումների միասնական ճակատ ստեղծել, համատեղ օգտագործել բժշկական սարքավորումները ու հիմնական ապրանքների պաշտպանությունը, երբ երկրներն ամբողջ մայրցամաքում փակել են իրենց սահմանները՝ հույս ունենալով կանգնեցնել կորոնավիրուսի տարածումը:
l'Opinion
Հ.Գ. Շուտով Իտալիային կհասնի Իսպանիան, հետո էլ՝ Ֆրանսիան: Գուցե նաև Գերմանիան ու Բելգիան, իսկ Բրյուսելը չի գտնում պայքարի արդյունավետ տարբերակ: Օրերս G20-ի գագաթաժողովում էլ քննարկվում էին կորոնավիրուսի պանդեմիայի հաղթահարման տարբերակները: Դարձյալ՝ տեսակապով։ G20+6 երկրներ որոշեցին համաշխարհային տնտեսության մեջ ներդնել 5 տրիլիոն դոլար՝ կորոնավիրուսի համաճարակի հետևանքները հաղթահարելու համար։ Նրանք ընդհանուր հայտարարի եկան Առողջապահության համաշխարհային կազմակերպությանը հատկացնելու միջոցներ՝ հիվանդության դեմ պայքարելու համար, որոշվեց նաև կազմակերպության լիազորությունները ընդլայնել։
Ամփոփիչ հայտարարության մեջ հաստատվեց մասնակիցների հավատարմությունը՝ «մարդկանց կյանքը փրկելու, նրանց եկամուտների ու աշխատատեղերի համար պայքարելու, ֆինանսական կայունություն պահպանելու համար»։ Այդ նպատակով երկրները պատրաստ են «հանդես գալ միասնական ճակատով կորոնավիրուսի պանդեմիայի դեմ պայքարում»։
G20+6ի երկրների ղեկավարները միասնական են ճգնաժամի պայմաններում հանուն ազատ եւ կայուն միջազգային առևտրի կոորդինացված գործողությունների հարցում։ «Մենք հաստատում ենք մեր նպատակը՝ ապահովելու ազատ, ազնիվ, ոչ խտրական, թափանցիկ, կանխատեսելի և կայուն պայմաններ առևտրի ու ներդրումների համար և բաց պահել մեր շուկաները»,– նշված է հայտարարության մեջ։ Գագաթաժողովի արդյունքներից մեկը համավարակի դեմ պայքարում ԱՀԿ-ի, ՄԱԿ-ի եւ ԱՄՀ-ի հետ միասին համատեղ ջանքերի ներդրման վերաբերյալ պայմանավորվածությունն է։ G20+6-ի մասնակիցները Արժույթի միջազգային հիմնադրամին ու Համաշխարհային բանկին խնդրել են տեղեկացնել պանդեմիայի տնտեսական հետևանքների մասին, իսկ Աշխատանքի միջազգային կազմակերպությանը՝ հետևել, թե ինչպես է կորոնավիրուսն ազդում բնակչության զբաղվածության վրա աշխարհում։
Անլուծելի է մնում պետություններին օգնության տրամադրման հարցը, որտեղ կորոնավիրուսի հետ կապված իրավիճակը հասել է գագաթնակետին։ Խոսքն առաջին հերթին Իտալիայի ու Իրանի մասին է, որ չեն կարողանում իրենց ուժերով հաղթահարել պանդեմիան։
Գագաթաժողովում նախագահել է Սաուդյան Արաբիայի թագավոր Սալման բին Աբդել Ազիզ Ալ Սաուդը։ Բացելով նիստը՝ նա հույս է հայտնել, որ երկրներին կհաջողվի համախմբվել այսօրվա դրությամբ գլխավոր խնդրի դեմ։ Սալմանը շեշտել է, որ պատրաստուկի փնտրտուքին միտված ջանքերը պետք է ընդլայնվեն։ Սաուդյան Արաբիայի թագավորը նաեւ վստահ է, որ G20-ի արտակարգ գագաթաժողովը պետք է հիմք ստեղծի համաշխարհային տնտեսության նկատմամբ վստահության վերականգնման համար։ «Մեծ քսանյակն» ի վիճակի է միասնաբար հաղթահարել ճգնաժամը, որովհետեւ պանդեմիան փայտ է խրում գլոբալ աճի եւ համաշխարհային զարգացման անիվների արանքը,–նշել է Սալմանը։- Մեր պարտականությունն է նաև օգնություն ցուցաբերել զարգացող երկրներին ու բարելավել նրանց ենթակառուցվածքները ներկայիս ճգնաժամի հաղթահարման գործում»։ Բոլոր հայտարարությունները վերաբերել են միջոցառումների մշակմանն ու համակարգմանը՝ համաշխարհային տնտեսությանը հասցված վնասը նվազագույնի հասցնելու համար։
Հարավային Կորեայի նախագահ Մուն Չժե Ինը հանդես է եկել նախաձեռնությամբ՝ սահմանները հատելու վերաբերյալ պատժամիջոցները հանելու այն մարդկանց վրայից, ովքեր նշանակալից դեր կարող են խաղալ պանդեմիայի դեմ պայքարում։ Խոսքը գիտնականների, բժշկական ոլորտի աշխատակիցների ու գործարարների մասին է։ Չինաստանի նախագահ Սի Ձինպինը կոչ է արել չեղարկել հարկային տուրքերը ու ապահովել ազատ ապրանքափոխանակություն՝ համաշխարհային տնտեսությունը խթանելու համար։
«Համավարակը լուրջ հարված է հասցրել գլոբալ արտադրությանն ու պահանջարկին։ Բոլոր երկրները պետք է միասին մակրոքաղաքականություն վարեն, որպեսզի խթան ստեղծեն եւ դադարեցնեն համաշխարհային տնտեսության դանդաղումը,–կարծում է Չինաստանի ղեկավարը։ –Անհրաժեշտ է վարել արդյունավետ հարկաբյուջետային քաղաքականություն, ուժեղացնել վերահսկողությունն ու համաձայնեցվածությունը ֆինանսական ոլորտում եւ համատեղ պաշտպանել գլոբալ արտադրական շղթաների կայունությունը»։ Սի Ձինպինը ավելացրել է նաեւ, որ Պեկինն առավելագույն ջանքեր կգործադրի՝ միջազգային շուկա դեղեր ու առաջին անհրաժեշտության ապրանքներ, հակահամաճարակային միջոցներ առաքելու համար։ Բարձրացվել է պատժամիջոցային քաղաքականության վերանայման հարցը։ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը կոչ է արել չեղարկել պատժամիջոցներն այն երկրների նկատմամբ, որտեղ պահպանվում է ճգնաժամային իրավիճակը։ Նրա կարծիքով՝ պանդեմիան կարող է հանգեցնել ավելի լուրջ հետևանքների, քան 2008-2009 թթ. ֆինանսական ճգնաժամը։ «Շատ խոսվեց մատակարարման ցանցի ապահովման մասին։ Դա, անկասկած, կարևոր է։ Սակայն պակաս կարևոր չէ ճգնաժամի շրջանում ստեղծել առևտրային պատերազմներից ու սանկցիաներից ազատ կանաչ միջանցքներ՝ դեղորայքի, սննդի, սարքավորումների ու տեխնոլոգիաների փոխադարձ առաքման համար»,–շեշտել է Պուտինը։
Նման իրավիճակ է Իրանում՝ ղեկավարությունը հայտարարել է, որ ԱՄՆ-ի սանկցիաների պատճառով Թեհրանը չի կարողանում ստանալ լրացուցիչ դեղորայք ու բժշկական սարքավորումներ: Բայց այս հարցում առաջխաղացում չկա:
Անահիտ ԱԴԱՄՅԱՆ