Գլխավոր ինտրիգները դեռ առջևում են
06.03.2020 | 01:11
Այն‚ որ գրեթե նույն ժամանակաշրջանում երեք ընտրական գործընթացներ են կայանալու Հայաստանում և Արցախում‚ մի վայրում՝ սահմանադրական հանրաքվե‚ մյուսում՝ երկու համապետական ընտրություններ՝ նախագահական և խորհրդարանական‚ վերլուծական շրջանակներին հիմք է տալիս ենթադրելու‚ որ դա Հայաստանին ռեսուրսների սակավության պատճառով հնարավորություն չի տա միջամտելու արցախյան ընտրություններին։ Փորձագետներից ոմանք նշում են‚ որ ՀՀ իշխանությունների աշխատաոճը հուշում է‚ որ վերջիններս‚ բոլոր ուժերը համախմբելով‚ մի կերպ կարողանում են գոնե մի խնդիր լուծել‚ այն էլ հարց է` կարողանու՞մ են‚ թե՞ ոչ։ ՀՀ ղեկավարության նման ընդունակությունների ու կարողությունների պարագայում փոքր-ինչ կասկածելի է՝ վերջիններս արդյոք կկարողանա՞ն միաժամանակ մի քանի ուղղությամբ աշխատել‚ այն էլ այնպիսի գործընթացներում‚ ինչպիսին ընտրություններն են։
Գուցե այս ամենում ինչ-որ դրական բան կա‚ քանի որ ՀՀ իշխանությունների ուղղակի միջամտությունն արցախյան ընտրություններին ոչ թե կայունացնող գործոն կարող է լինել այդ երկրի ընտրական գործընթացներում‚ այլ է՛լ ավելի կլարի ու նյարդային իրավիճակ կստեղծի։ Չի բացառվում‚ որ Հայաստանի իշխանություններն Արցախի ընտրությունները նույնպես որոշեն տեղավորել իրենց հոգեհարազատ սև-սպիտակի սխեմայի մեջ։
Ինչևէ‚ Հայաստանում հանրաքվեի քարոզարշավը‚ ինչպես տեսնում ենք‚ առայժմ շատ թույլ փուլում է գտնվում՝ պայմանավորված կորոնավիրուսի հետ ստեղծված աղմուկով։ Սակայն Արցախի ընտրություններին դա կարծես թե չի վերաբերում։ Այստեղ քարոզարշավը շատ ակտիվ ընթացքի մեջ է։ Եվ արդեն իսկ որոշակի եզրակացություններ‚ կանխատեսումներ են արվում ընտրությունների արդյունքների վերաբերյալ։
Վերլուծաբաններն ուշադրություն են հրավիրում այն փաստի վրա‚ որ նույն օրը՝ մարտի 31-ին‚ Արցախում կայանալու են երկու համապետական ընտրություններ‚ ինչը նշանակում է՝ բավականին մեծ մարդկային‚ կազմակերպչական‚ ֆինանսական և ինտելեկտուալ ռեսուրսներ են ներգրավված լինելու ընտրական պրոցեսներում։ Բացի այդ‚ քաղաքական գործընթացների հնարավորություն է ստեղծվում‚ ընդ որում‚ ոչ միայն երևացող‚ այլև խորքային՝ քաղաքական պայմանավորվածություններ‚ այդ թվում՝ ստվերային‚ որոնք կարող են միմյանց շաղկապել այս կամ այն ուժի վարքագիծը թե՛ նախագահական‚ թե՛ խորհրդարանական ընտրություններում։ Կարճ ասած‚ կարող են լինել պայմանավորվածություններ «ես՝ քեզ‚ դու՝ ինձ» սկզբունքով։ Հնարավոր է նաև ձեռք բերվեն պայմանավորվածություններ Արցախի իշխանությունների հետագա կոնֆիգուրացիայի շուրջ։
Ինչ վերաբերում է բուն ընտրական գործընթացներին‚ ապա առայժմ ամեն ինչ համեմատաբար հանգիստ հունով է գնում։ Իհարկե‚ փոքր չարաճճիություններ՝ պաստառներ պոկելու‚ ահաբեկելու մակարդակով‚ տեղ գտնում են նախընտրական գործընթացում‚ սակայն դա ընդհանուր առմամբ տեղավորվում է փոքր մեղքերի շրջանակներում։ 14 թեկնածու առաջադրված է Արցախի նախագահական ընտրություններում և 12 քաղաքական ուժ՝ կուսակցություն և դաշինք‚ խորհրդարանական ընտրություններում։ Առայժմ կարծես թե յուրաքանչյուրն իր խոսքն է ասում‚ իր տեսլականն է ներկայացնում‚ և ամենայն հավանականությամբ ուշադրությամբ հետևում է հնարավոր մրցակիցների վարքագծին։ Սակայն սա‚ ըստ փորձագետների‚ դեռ սկիզբն է‚ և չի բացառվում‚ որ միջնախաղում ու վերջնախաղում գործի կդրվեն նաև ավելի կոշտ գործիքակազմեր՝ սև PR-ի‚ կոմպրոմատների տեսքով։ Ընտրություններում ներգրավված են տրամագծորեն հակառակ‚ անգամ քաղաքակրթական‚ արժեհամակարգային տարբեր աստիճաններում գտնվող քաղաքական ուժեր։
Ինչի՞ մասին է հուշում արցախյան ընտրությունների քարոզարշավի սկիզբը։ Շատերի կանխատեսմամբ՝ Արցախի նախագահի պաշտոնին հավակնող չորս հիմնական թեկնածու կա՝ Արցախի նախկին պետնախարար Արայիկ Հարությունյանը‚ գործող արտգործնախարար Մասիս Մայիլյանը‚ ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանը և Անվտանգության խորհրդի նախկին ղեկավար‚ գեներալ Վիտալի Բալասանյանը։ Ինչ վերաբերում է մյուսներին‚ ապա բացառությամբ Հայ հեղափոխական դաշնակցության ներկայացուցչի՝ Դավիթ Իշխանյանի‚ յուրաքանչյուրն իր անձնական խնդիրն է լուծում։ Շատերի կարծիքով՝ կան նաև արբանյակ թեկնածուներ‚ ԱԺ ընտրություններին մասնակցող արբանյակ քաղաքական ուժեր‚ որոնք հիմնականում առաջադրվել են‚ որպեսզի այս կամ այն թեկնածուի կամ քաղաքական ուժի ձայները փոշիացնեն կամ հանդես գան որպես մյուս թեկնածուների նկատմամբ կոմպրոմատներ սփռողներ։
Եթե նախընտրելի թեկնածուների շուրջ որոշակի կոնսենսուս կա‚ և կարելի է ասել‚ թե ովքեր ունեն ընտրվելու շանսեր‚ ապա ոչ ոք հստակ չի կարող կանխատեսել‚ թե ընտրությունները քանի փուլով կանցկացվեն։ Ի սկզբանե շատերին թվում էր‚ թե անվիճելի առաջատարը‚ մանավանդ ռեսուրսների տեսակետից‚ Արայիկ Հարությունյանն է‚ և նա կարող է ամեն ինչ լուծել մեկ փուլով։ Սակայն այժմ հնչում է այն կարծիքը‚ թե չի բացառվում, որ ընտրությունները կայանան երկու փուլով։ Թեկնածուների բազմազանության պարագայում հնարավոր է ձայների լուրջ փոշիացում։ Այս ընտրություններում շատ հնարավոր են խորքային պայմանավորվածություններ թեկնածուների‚ քաղաքական ուժերի առաջնորդների միջև։ Եվ այդ պայմանավորվածություններից է բխելու շատերի վարքագիծը։
Եթե Արայիկ Հարությունյանի պարագայում գրեթե կասկած չկա‚ որ նա հիմնական հավակնորդներից է՝ հաշվի առնելով թե՛ նրա ֆինանսները‚ թե՛ կառույցներն ու անընդհատ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշիյանի հետ ունիսոն խոսելու փորձերը‚ ապա որպես երկրորդ տեղի հավակնորդ դիտարկվում է Մասիս Մայիլյանը։ ՈՒշագրավ է‚ որ առաջադեմ գործչի համբավ ունեցող Մասիս Մայիլյանը շատ հանկարծակի ու տարօրինակ դաշինք կազմեց բռնապետական համբավ ունեցող Սամվել Բաբայանի հետ։ Առաջին հայացքից կարող է թվալ‚ թե նրա ռեսուրսը մեծացել է‚ սակայն այստեղ կան բավականին լուրջ հարցեր‚ քանի որ Սամվել Բաբայանի առկայությունը Մասիս Մայիլյանի կողքին‚ առավել ևս նրա ազդեցությունն այդ դաշինքում վանում է շատերին։ Վերջիններս կողմնակից էին Մայիլյանին հենց այն պատճառով‚ որ նա տարբերվում էր հենց Սամվել Բաբայանի նմաններից։ Այս համատեքստում ընտրազանգվածների մեխանիկական միացում քիչ հավանական է։ Այս պարագայում ավելանում են Աշոտ Ղուլյանի հնարավորությունները։ Մասիս Մայիլյանի ընտրազանգվածը՝ հիմնականում երիտասարդներ‚ մտավորականներ‚ կարող են հիասթափվել Մասիս Մայիլյան-Սամվել Բաբայան մերձեցումից և գնալ այն թեկնածուի ուղղությամբ‚ որը մոտավորապես նույն կերպարն ունի՝ մտավորական‚ քաղաքական կամ տնտեսական խաղերում չկեղտոտված և այլն։ Այստեղ հնարավոր է ընտրազանգվածի տրանսֆորմացիա և ձայների արտահոսք։ Մանավանդ որ Աշոտ Ղուլյանն ԱԺ ընտրությունների համար բավականին համարձակ քայլի դիմեց՝ ամբողջովին նոր‚ թարմ կազմ հավաքելով իր ընտրացուցակում։ Այնտեղ հիմնականում երիտասարդներ են՝ նոր տեսլականով‚ թարմ մտածողությամբ։ Այս համատեքստում արդեն իսկ կարող ենք արձանագրել առաջին տեսանելի ծիծեռնակները։ Խոսքը տեղեկատվական արտահոսքի մասին է‚ ըստ որի՝ Ռուսաստանն արգելափակել է Մասիս Մայիլյանի և Սամվել Բաբայանի մուտքը Ռուսաստանի Դաշնություն։ Կոմպրոմատային պայքարը դեռ շատ բան կարող է փոխել։ Այդ իսկ պատճառով գուցե ճշմարտանման են այն պնդումները‚ թե ընտրարշավի գլխավոր ինտրիգները դեռ առջևում են։
Ինչ վերաբերում է Վիտալի Բալասանյանին‚ ապա վերջինս ունի իր հստակ և կայուն ընտրազանգվածը։ Դա այն ընտրազանգվածն է‚ որ բացասական է տրամադրված Հայաստանի այսօրվա քաղաքական կուրսի և անձամբ ՀՀ վարչապետի դեմ։ Դա նաև այն ընտրազանգվածն է‚ որի մոտ տեղական անջատողականությունն իդեա ֆիքսերից մեկն է‚ և դեմ է Արցախը Հայաստանի մարզ դիտարկելու դիրքորոշմանը։ Պետք է ասել՝ այս ընտրազանգվածը բավականին կայուն է ու մեծաթիվ։ Այնպես որ՝ Վիտալի Բալասանյանը մրցունակ թիմ կարող է կազմել։ Այս տեսակետից բավականին ոչ միանշանակ ընկալվեց Վատիկանում Հայաստանի նախկին դեսպան Միքայել Մինասյանի՝ օրերս հրապարակած հոդվածը‚ որտեղ նա ուղղակիորեն կոչ արեց արցախյան հանրությանն աջակցել գեներալ Բալասանյանին։ Կարող է թվալ‚ թե նախկին դեսպանի հրապարակային դիրքորոշումը կթուլացնի Վիտալի Բալասանյանի դիրքերը‚ սակայն այս ամենի հիմքում թերևս սովորական հաշվարկ է‚ քանի որ գեներալ Բալասանյանը պատրանքներ չունի‚ թե իր կողմ կարող են թեքվել հայաստանյան թավշյա հեղափոխության ջատագովները։ Եվ Միքայել Մինասյանի փաստացի կոչը կարելի է դիտարկել արդեն առկա ընտրազանգվածը համախմբելու համատեքստում։ Կա հստակ էլեկտորատ‚ որին նա ցեմենտում է‚ համախմբում‚ կենտրոնացնում և համապատասխան ուղերձ հղում‚ որ Վիտալի Բալասանյանին կողմ են նաև ՀՀ նախկին իշխանության ներկայացուցիչները։ Վիտալի Բալասանյանի էլեկտորատը բավականին մեծ է‚ և չի բացառվում‚ որ նա կարող է հայտնվել նաև ընտրությունների երկրորդ փուլում‚ եթե թեկնածուներից մեկը առաջին փուլում չհաղթահարի ընտրության համար անհրաժեշտ շեմը։ Նկատենք նաև‚ որ որոշ վերլուծաբաններ ընդգծում են‚ որ վերջին շրջանում Վիտալի Բալասանյանը փոքր-ինչ փափկեցրել է իր հռետորաբանությունը՝ անընդհատ ակնարկելով‚ որ ինքն ընտրությունների ցանկացած արդյունքի դեպքում պատրաստ է ցանկացած պաշտոնում աշխատելու‚ Նիկոլ Փաշինյանի հետ անձնական լավ հարաբերություններ ունի և այլն՝ այդպիսով ակնկալելով‚ որ իր նկատմամբ լուրջ պայքար գոնե առաջիկա շաբաթների ընթացքում չի ծավալվի։ Գուցե նաև այս առումով որոշակի պայմանավորվածություններ կան։
Արցախյան ընտրությունների հնարավոր արդյունքների մասին խոսելը դեռ շատ շուտ է‚ քանի որ առջևում դեռ 25 օր կա‚ սակայն պետք է փաստել‚ որ թեկնածուների թվում քիչ չեն մարդիկ‚ որոնք դեմ չեն լինի ուժերի ցանկացած դասավորության դեպքում գնալու որոշակի ապակայունացնող քայլերի։ Սա թերևս ամենավտանգավոր սցենարն է‚ որից ոչ միայն Արցախի ներկա ղեկավարությունն է փորձում խույս տալ‚ այլև Հայաստանի‚ անգամ նաև եթե ընտրություններում հաղթի ՀՀ ղեկավարության համար ամենաանցանկալի թեկնածուն։
Արամ Վ. ՍԱՐԳՍՅԱՆ
Մեկնաբանություններ